Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՓՈՂԵՐԸ Խուճուճապատում «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը խնայողության նպատակով վերջերս անջատել էր տվել նույնիսկ իր փոխտնօրենների բջջային հեռախոսները։ Իսկ կապի եւ տրանսպորտի նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն) պատվիրել է «Հայկական ավիաուղիների» եւ հնարավոր է նաեւ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հաշվին շուրջ մեկ տասնյակի հասնող բջջային հեռախոսներ միացնել։ Նախարարության չար լեզուներն ասում են, որ բջջային հեռախոսներն ԱԺ որոշ պատգամավորների համար են։ Հավանաբար՝ իր հարազատ «Կայունություն» խմբի համար է նախատեսված։ Նշենք, որ օրեր առաջ «Կայունություն» խմբի սենյակում ինչ-որ մի «բարերար» խմբի պատգամավորներին «Էրիկսոն» ֆիրմայի բջջային նոր հեռախոսներ էր նվիրել։ Պատգամավորներ Վարդան Այվազյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) թեւների տակ էին դրել տուփով նվերը։ Ամեն մի այսպիսի բջջային հեռախոսի գինը 450 դոլար է եւ, հաշվի առնենք, որ ամսեկան ամենաքիչը 100 դոլար էլ պետք է վճարվի (բնականաբար՝ դա էլ «Հայկական ավիաուղիները» պետք է վճարի)։ Հեռախոսները թվով մոտ 13 պատգամավորների համար են նախատեսված։ Միայն անհասկանալի է, թե հաշվապահական ինչպիսի ձեւակերպում պետք է ստանան այդ վճարումները եւ ծախսերը։ Հավանաբար, այդ «բարերարը» հենց Էդիկ Մադաթյանն է՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարը։ Հետո էլ նույն պատգամավորները հաճույքով կսկսեն քննարկել, թե ինչու է կործանվում Հայկական քաղաքացիական ավիացիան։ Փաստորեն, կթու կովի պես պատգամավորներին եւ առհասարակ պետական չինովնիկներին (նախարարներ, եւն) անդադար ծառայեցնելն է նման վիճակի հասցնում։ Ի դեպ, իշխանությունները շուրջ 800000 դոլարի պարտք ունեն «Հայկական ավիաուղիներին»։ «Հայկական ավիաուղիների» պարտքերն էլ իրենց հերթին 15 մլն դոլարի սահմանագիծը հատել են։ «Հայկական ավիաուղիների» ներկայացուցչությունների եւ կոմերցիայի գծով փոխտնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Է. Մադաթյանը (նույն Խուճուճ Էդոն) բավական «հարմար» թեկնածու է գտել՝ Արարատի կոոպտորգի ղեկավար աշխատողներից մեկին՝ մասնագիտությամբ անասնաբույժ, ծնունդով՝ Էջմիածնից։ Որքան տեղյակ ենք՝ կոմերցիոն ծառայության աշխատակիցները լսել անգամ չեն ուզում թեկնածուի մասին։ Տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն գործունեության տարիներով մասնագիտացած աշխատողների մեջ կամ հարմար թեկնածու չկա, կամ էլ երեւի Արարատի կոոպտորգն է մասնագիտացել ավիաբիզնեսի ոլորտում։ Սրան ավելացնենք, որ ավիացիայում, որտեղ անընդհատ աշխատատեղերի կրճատման մասին էին խոսում, նախարար Է. Մադաթյանի հրամանով ստեղծվել է շատ հետաքրքիր նոր հաստիք. «Զվարթնոցի» փոխտնօրեն, որը պետք է զբաղվի ավիավառելիքի մատակարարման եւ բեռնահամալիրի աշխատանքների համակարգման հարցերով։ Չար լեզուները պնդում են, որ թեեւ վերջին երկու աշխատանքներն իրար հետ կապ չունեն, բայց դժվար չէ եզրակացնել, որ «յուղոտ» տեղեր են։ Հակառակ դեպքում, նույն չար լեզուները չէին պնդի, որ հաստիքը բացվել է հանրապետության ազդեցիկ դեմքերից մեկի մտերիմի համար։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Գուցե զուգադիպություն է, բայց այստեղ նկատենք, որ «Կայունություն» խումբը դեռեւս վերջնականապես չի ձեւակերպել-հստակեցրել իր դիրքորոշումը բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ։ Դեռ երեկ խմբի պատգամավորները հանդիպում պետք է ունենային ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, որի ընթացքում կկողմնորոշվեին։ Ինչ խոսք, նոր բջջային հեռախոսներն էլ (բոլոր ծախսերով հանդերձ) այս խնդրի վերաբերյալ վերաբերմունքը հստակեցնելուն անհրաժեշտ լավագույն առաջին գործիքն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել