«ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ՊԱՊԱՆ ՀՀ ՊՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Քաջիկ Մնացականյանը այսօրվանից զրկվել է բջջային հեռախոսից օգտվելու իրավունքից։ Մնացականյանը մինչ այդ ՀՀ քաղաքացիական ավիացիայում բարձրաստիճան պաշտոնյա էր։ Զրկողը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Էդուարդ Մադաթյանն է (Խուճուճ Էդոն)։ Ք. Մնացականյանի բջջային հեռախոսի ծախսերը փակվում էին քաղաքացիական ավիացիայի հաշվին։ Այժմ Ք. Մնացականյանի եւ էլի մի քանիսի փոխարեն ավիացիայի հաշվին բջջայինից օգտվելու պատվին կարժանանան ԱԺ որոշ պատգամավորներ։ Կարդացեք էջ 2։ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է TACIS-ի ծրագրերից մեկի ղեկավարի թափուր տեղի համար անցկացված մրցույթի գրասենյակի տնօրեն Ալեքսեյ Սեկարեւը կտրականապես հերքեց լուրերն այն մասին, որ Արմեն Դարբինյանը դիմել է այդ մրցույթին մասնակցելու հայտով: Իսկ ինքը՝ նախկին վարչապետը, «Առավոտի» համար այդպես մեկնաբանեց իր մասին տարածվող լուրերը. «Ես խորապես հիասթափված եմ իմ քաղաքական ընդդիմախոսների մտավոր մակարդակից: Եթե խնդիր ունեին ինձ վարկաբեկելու համար ինչ-որ բան հնարել, ապա կարող էին մոգոնել ավելի ճշմարտանման կեղծիք»: ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՍՎԱԾԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Հիշողության մեջ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները վերարթնացնելու նպատակով էր, որ «Առավոտի» թղթակիցը դարձյալ ունկնդրեց այդ օրը նիստերի դահլիճում մինչեւ ժ. 18.15-ը կատարվածի սեփական ձայնագրությունը։ Շատ բաներ կարծես նոր լույսի ներքո էին ներկայանում։ «Կոչ եմ անում՝ ներկայիս իրավիճակին հնազանդվել»,- ժամը 18-ի մոտերքը ամբիոնից հայտարարում էր պատգամավորներից մեկը (կարծես Արմեն Հակոբյանի ձայնն էր)։ «Լուրջ մարդկանց հետ գործ ունենք,- ազդարարում էր Գագիկ Կոստանդյանը։- Հավանաբար, կռված մարդիկ են եւ գիտեն ե՛ւ զենքի արժեքը, ե՛ւ կյանքի արժեքը»։ Սակայն մի միջանկյալ նախադասություն, որի վրա ուշադրություն չէինք դարձրել՝ իր նշանակությամբ ավելին էր։ Կարդացեք էջ 3։