Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հուլիս 22,2000 15:34

Սկիզբը՝ այստեղ մաս 1-ին, մաս 2-րդ, մաս 3-րդ, մաս 4-րդ, մաս 5-րդ, մաս 6-րդ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Հայաստանի այն քաղաքական գործիչներից մեկն է, որը նախագահական արտահերթ ընտրություններում կարող է հավակնել ձայների զգալի տոկոսի, հատկապես, հաշվի առնելով Դեմիրճյանի եւ Սարգսյանի նման ժողովրդականություն վայելող առաջնորդների բացակայությունը: Նրա կուսակցության ժողովրդականությունը մասամբ բխում է անկախության հռչակումից հետո Հայաստանի բոլոր կառավարությունների նկատմամբ կուսակցության անզիջում ընդդիմադիր դիրքորոշումից: Սակայն, նախագահական եւ խորհրդարանական նախորդ ընտրություններում նրա պարտությունը եւ վերջին ժամանակաշրջանում ներկա կառավարության հետ նրա կուսակցության համագործակցությունը, կարող է մասամբ կրճատել նրա ավանդական ընտրազանգվածը:

Ինչ վերաբերում է Մանուկյանի եւ բանակի փոխհարաբերությանը, նրա հանդեպ անվստահությունը ավելի մեծ է, քան Քոչարյանի: Սա նշանակում է, որ իրենց քաղաքական ազդեցության սահմաններում, զինվորական այրերը կանեն ամեն ինչ՝ նրա իշխանության գալը կանխելու համար, ապագա ընտրություններում Վազգեն Մանուկյանի ենթադրյալ հաղթանակի դեպքում կանխատեսելով ծայրահեղ առճակատում նրա հետ:

Ավանդական կուսակցությունները՝ կոմունիստները եւ նացիոնալ-սոցիալիստ դաշնակները, իրենց սահմանափակ ընտրազանգվածների եւ ուժեղ ու ճանաչված առաջնորդների բացակայության պայմաններում, քաղաքական մեծ խաղում ի վիճակի կլինեն միայն աջակցել խոշոր ուժերից մեկի այս կամ այն թեկնածուին: Կոմունիստները, հավանաբար, կպաշտպանեն կառավարական թեւը, քանի որ ներկա կառավարությունում ստացել են երկու նախարարական պաշտոն: Դաշնակները, որոնք ավանդորեն ծայրաստիճան լարված հարաբերություններ են ունեցել «Երկրապահի» հետ, չնայած նրանց կողմից Ղարաբաղի հարցում փոխզիջումների անընդունելիության մասին հրապարակային հայտարարություններին, վճռականորեն կաջակցեն Քոչարյանին:

«Իրավունք եւ Միաբանություն» խմբակցության քաղաքական ազդեցությունը, որը որոշակի պահին կարող էր դիտվել որպես «Միասնության» լուրջ ընդդիմություն, աստիճանաբար կնվազի Ղարաբաղում գեներալ Բաբայանի քաղաքական դիրքի թուլացմանը զուգընթաց:

Վերջին, սակայն ոչ պակաս կարեւոր ուժը երկրի քաղաքական կյանքում կարող է հանդիսանալ նախկին իշխանական կուսակցությանը հարող խմբերի միավորումը: Ներկա պահին այդ կուսակցության դիրքը կարելի է բնորոշել չափազանց թույլ: Նրա առավել ակնառու առաջնորդ եւ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այժմ գտնվում է քաղաքական ինքնամեկուսացման մեջ: Կուսակցության շարքային անդամները բարոյալքված են՝ վերջերս նրանց առաջնորդների նկատմամբ կաշառակերության մեղադրանքների եւ շարունակվող դատավարությունների պատճառով: Բացի այդ, տարբեր խմբավորումների միջեւ ծագած լուրջ տարաձայնությունները հանգեցրել են հակառակորդ խմբակցությունների եւ նույնիսկ ինքնուրույն փոքր կուսակցությունների ձեւավորմանը: Այնուամենայնիվ, չնայած վերը նշված խնդիրներին, այս բոլոր խմբակցությունները եւ կուսակցությունները ունեն մեկ ընդհանուր ազատական-ժողովրդավարական գաղափարախոսություն, խաղաղասիրական դիրքորոշում Ղարաբաղի հարցում եւ Տեր-Պետրոսյանին ընդունում են որպես երկրի բոլոր ազատական կուսակցություններին մեկ կուռ ուժի մեջ համախմբելու ունակ առաջնորդի:

Տեր-Պետրոսյանը վայելում է նաեւ ռազմական վերնախավի խորին հարգանքը: Այնուամենյանիվ, ընդհանուր առմամբ, նա չի վայելում բավարար ժողովրդականություն, քանի որ հասարակության տարբեր խավերի կողմից մեղադրվում է տնտեսության եւ, խորհրդային ժամանակաշրջանի համեմատությամբ, կենսամակարդակի կտրուկ անկման համար, որը 1992-1994թթ. հանգեցրեց արտագաղթի մեծ ալիքի: Սա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական հարությունն անհնար է: Նրա մասին հասարակական կարծիքը մի փոքր բարելավվել է եւ, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում էլ ավելի կբարելավվի, երբ նրա նախագահության վերջին տարիների տնտեսական ցուցանիշները համեմատվեն նրա հրաժարականից հետո նույն ցուցանիշների հետ, ինչպես նաեւ վերհիշվի նրա իշխանության օրոք քաղաքական կայունության փաստը: Այնուամենայնիվ, չնայած ազատական տարբեր քաղաքական ուժերի միավորման փորձերին, ակնհայտ է, որ այդ գործընթացը երկար ժամանակ կպահանջի՝ նախքան քաղաքական ճոճանակի հետադարձ շարժը լրիվ թափ ստանա:

Եզրակացություններ

Չնայած զգալի ձեռքբերումներին, Հայաստանի անցումը ժողովրդավարական համակարգի եւ շուկայական բարեփոխումները մեծապես խոչընդոտվում են երկրի շուրջ տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով: 1991-1994թթ. պատերազմը, Ղարաբաղի չլուծված հիմնախնդիրը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը ոչ միայն բացասաբար են ազդել երկրի տնտեսության վրա, այլեւ հսկայական ներգործություն են ունեցել երկրի անցումային քաղաքականության վրա: Մասնավորապես, պետության ազգային անվտանգության դեմ մշտական սպառնալիքները անհամաչափորեն մեծացրել են զինվորական վերնախավի եւ ուժային այլ կառույցների քաղաքական ազդեցությունը: Դրա արդյունքում, ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից վարած քաղաքականությունը մերժվեց իր իսկ կառավարության կողմից: Սակայն ազգայնական նոր կառավարությանը չհաջողվեց իրականացնել տնտեսական զարգացման իր ծրագիրը առանց հակամարտության խնդիրը լուծելու եւ, փաստորեն, բռնեց նախկին իշխանությունների քաղաքական ուղին: Հայաստանի մի շարք առաջնորդների՝ վերջերս տեղի ունեցած սպանությունները, ավելի ծանրացրին ներքին քաղաքական իրավիճակը՝ երկրում ստեղծելով երկիշխանություն:

Հայաստանը պետք է նախաձեռնի երկարատեւ եւ ցավոտ գործընթաց՝ գործադիր իշխանության համախմբման, ինչպես նաեւ հասարակության ու զինվորական վերնախավի վստահությունը վայելող, զանազան խնդիրներին, հատկապես ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի համար լուծումներ գտնելու ունակ, գործունակ ղեկավարության վերականգնման նպատակով: Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, սույն փաստաթղթում քննարկված Հայաստանի ներքին քաղաքականության առումով, երկրի ներսում կառաջացնի հսկայական բարդություններ:

Այնուամենայնիվ, Հայաստանը հնարավորություն չունի Ղարաբաղի հարցում երկար ժամանակ պահպանելու «status quo»-ն՝ առանց վտանգելու իր անկախությունը, ազգային անվտանգությունը եւ տնտեսական բարեկեցությունը: Կամ ներկա իշխանության քաղաքական ուժերին կհաջողվի վերափոխվել գործունակ եւ համախմբված խաղաղության կուսակցության, կամ քաղաքական նոր ցնցումների արդյունքում իշխանության կգա մեկ այլ նման կուսակցություն:

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
Վերլուծությունը գրվել է 2000 թ. մարտին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31