Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2000 00:00

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐ Հոկտեմբերի 27-ի գործը դարձյալ լրատվամիջոցների ու հանրության ուշադրության կենտրոնում է։ Գործի նախաքննությունն ավարտվել է ու մինչ այն դատարան կմտնի, կրքերը շարունակում են բորբոքվել։ Դատելով մամուլի հրապարակումներից, տպավորություն է ստեղծվել, թե հիմա իրար դեմ պատերազմում են 27-ի զոհերի հարազատներն ու գործով նախկին մեղադրյալները, որոնց մասով գործը կարճվեց։ Ըստ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի, դրա գլխավոր պատճառն այն է, որ Նաիրի Հունանյանը վերջիններիս դեմ տված իր ցուցմունքներից հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե ցուցմունքները կորզվել են ֆիզիկական ճնշման տակ։ Մինչ Ն.Հունանյանի բերած փաստերը ստուգվում էին, վերջիններիս մասով գործերն արագ կարճվեցին։ Հիմա նրանք արդարացիորեն բողոքում են մեկուսարանում իրենց նկատմամբ կիրառված ֆիզիկական ճնշումներից։ Բայց սա ամենը չէ։ Նրանցից մեկը՝ Հարություն Հարությունյանը, անգամ, հավանաբար զինդատախազին, հուշում է, թե հատկապես ո՞ր շրջանակներում է պետք փնտրել 27-ի կազմակերպիչներին։ Բնականաբար, այդ շրջանակները երբեւէ ներիշխանական հակամարտության կիզակետում գտնվող նախագահական եւ վարչապետական թեւերից միայն մեկին են հարում եւ պայմանականորեն հայտնի են իբրեւ Վազգեն Սարգսյանի թեւ։ Այսպես, «Հոկտեմբերի 27-ին հաջորդած մի քանի օրերին, երբ հանրությունը զբաղված էր հոգեհանգստի եւ թաղման արարողություններով, պաշտպանության նախարարությունում շատերը, այսպես ասած, քաղաքական «մուտիլովկաների» մեջ էին։ Սպանությունից անմիջապես հետո, նույն գիշերը, նրանք պաշտոններ էին բաժանում։ Վկա՝ ցուցակը։ Իսկ գուցեեւ կապ կա կատարված տեռորի եւ այս ակտի միջեւ՝ մարդկանց պիտի սպանեին, որ պաշտոններ բաժանեին»,- հայտարարում է Հ.Հարությունյանը։ 27-ի իրադարձությունների թիկունքում կանգնածների առնչությամբ տարօրինակ զուգադիպություն կա վերջինիս եւ Սերժ Սարգսյանի տեսակետներում։ Հիշենք, որ իր ասուլիսներից մեկում Ս.Սարգսյանը հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կարող էին լինել Վազգեն Սարգսյանի ընկերները կամ շրջապատի մարդիկ։ Զուգահեռն անմեղ կարող էր թվալ, եթե դրա շարժառիթը միայն նախկին երկու վարչապետներին շրջապատող ուժերի նկատմամբ Հ.Հարությունյանի եւ Ս.Սարգսյանի կուտակած մաղձը լիներ։ Սակայն հիշյալ հայտարարությունների ենթատեքստը ավելի լուրջ է, քան թվում է։ Ինչո՞ւ հատկապես հիմա այս գաղափարը կրկին ասպարեզ բերվեց։ Թերեւս այն պատճառով, որ իշխանության վերին էշելոններին մասամբ հաջողվել է իրականացնել 27-ի գործի «բացահայտման» իրենց ծրագիրը։ Այն է՝ հոկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության թիկունքում ոչ ոք չկա եւ դա, «ուչաստկովին էլ կբացի»։ Արդեն ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին, երբ Ռ.Քոչարյանի իշխանությանը դիմադրող սարգսյանական թեւն այլեւս մասնատված ու, ըստ էության, տապալված էր, ավելի դյուրին էր դարձել սրբագրել նախաքննության՝ «դրդիչներին» վերաբերող գործերը։ Այսօր պարզ է, որ գործը դատարան է մտնելու առանց «դրդիչների» ու «կազմակերպիչների»։ Ասել է թե, շուրջ 9 ամիս ձգված նախաքննությունն արտառոց արդյունքի չի հասել, եւ դա «ուչաստկովին» էլ կարող էր անել։ Եթե ոչ ոք չհավատա, որ ահաբեկիչների թիկունքում որոշակի ուժեր կանգնած չեն եղել, կպահանջվեն նոր կասկածյալներ՝ այս անգամ «թշնամու» ճամբարից։ Սա արդեն գործողությունների «Պլան Բ»-ն է։ Այս իմաստով պատահական չէ, որ հանրությանն արդեն այսօր հիշեցնում են 27-ին հաջորդած առաջին օրերի ընթացքում պաշտպանության նախարարությունում ծավալված իրադարձությունները եւ նախապատրաստում նոր ձերբակալությունների։ Հնարավո՞ր են այդպիսիք, մանավանդ, որ 27-ի գործը փակված չէ։ Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե նոր ձերբակալությունները չեն բացառվում։ Կոռեկտ չէր լինի հարցնել, թե հիմա՝ իրադրության փոփոխության պայմաններում, ձերբակալվողները նախկին երկիշխանության ո՞ր թեւին կարող են հարել։ Ըստ նախագահական պալատից փչող հովերի, դրանք կարող են լինել 27-ի գիշերը պաշտպանության նախարարությունում եղած մարդիկ եւ մասնավորապես պաշտոնների «սեւ» ցուցակում մատնանշված անձինք։ Առայժմ լավ ներկայացված չեն կատարված ահաբեկչությանը վերջիններիս մասնակցության մոտիվները։ Եթե հարցը միայն պաշտոնն է, ապա, որքան հիշում ենք, նրանք մինչեւ 27-ն էլ բավականին բարձր պաշտոններ էին զբաղեցնում, եթե, իհարկե, Հ.Հարությունյանն ու մենք նույն մարդկանց ենք ակնարկում։ Երկրորդ. այդ մարդիկ նման պաշտոններ ստանձնել էին հատկապես Վազգեն Սարգսյանի կառավարությունում եւ հատկապես նրա աջակցության ու վստահության շնորհիվ։ Եվ Վ.Սարգսյանի չգոյությունը նախեւառաջ վտանգելու էր հենց նրանց պաշտոնավարությունը։ Բացի այս, եթե ահաբեկչության շարժառիթը միայն իշխանական լծակներն էին, ապա նույն տրամաբանությամբ կարող է կասկածի տակ առնվել նաեւ հոկտեմբերի 27-ից հետո իրենց պաշտոններում առաջխաղացում ունեցած որեւէ մեզ հայտնի պաշտոնյա, որը երբեւէ եղել է Վ.Սարգսյանի շրջապատում։ Չմոռանանք նաեւ, որ նույնպիսի կասկածյալներ, ովքեր գոնե մինչեւ մարտի 10-ը ոչ միայն չեն հարցաքննվել, այլեւ կասկածի տակ չեն էլ առնվել նախաքննական մարմնի կողմից, ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանն են։ Մոտիվներ՝ որքան ուզեք, վկա՝ այսօրը։ Ցավալի է միայն, որ 27-ի գործի նախաքննությունը ներկայիս իշխանությունների ձեռքին մահակ է, որը ցանկացած պահի կարող է հարվածել ում ուզես։ Իսկ որ նախաքննական մարմինը ենթակա է որեւէ ուժի ներազդեցությանն ու ուղղորդմանը՝ այսօր արդեն անկասկած է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել