Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2000 00:00

ԱՈ՜Ւ, ՆԱԽԱԳԱ՛Հ, ԱՈ՜Ւ… Արդեն չորրորդ օրն է՝ զոհված զինծառայողների մայրերը ցույց են անում ՀՀ նախագահի նստավայրի առջեւ։ Կարգախոս-պահանջներն են՝ «Զինվորական դատախազությունը՝ մարդասպանների հովանավոր» եւ «Հրամանատարները զինվորների սպանդի կազմակերպիչներ։ Մայրե՛ր, ուշքի եկե՛ք, միացե՛ք, մեծ եղեռնը շարունակվում է»։ Չորրորդ օրն է՝ սեւազգեստ կանայք սպասում են, թե նախագահ Ռ. Քոչարյանը երբ իրենց կարձագանքի, կընդունի։ Ու ոչ մի ձայն, միայն ոստիկաններն են ժամանակ առ ժամանակ ակտիվանում-հրմշտում։ Երեկ Մոսկովյան, Բաղրամյան, Դեմիրճյան փողոցների երթեւեկությունը խախտվել էր։ Բաղրամյան փողոցի մեջտեղում մայրերը փակել էին ճանապարհը, ավտոմեքենաները եւ տրանսպորտային բոլոր միջոցները շրջանցում էին՝ փոխելով ճանապարհը։ Իսկ երեկ վաղ առավոտից զոհված զինվորների մայրերը շղթայաձեւ փակել էին նաեւ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկը, որպեսզի Ռ. Քոչարյանին գոնե աշխատանքի գալու ճանապարհին բռնացնեն։ Հետո իրենք էլ չեն հասկացել, թե Քոչարյանը որտեղով է նստավայր մտել, երբ ճանապարհները փակ սպասում էին. «Հետո մեզ միլիցիոներները հաշվեցին, իրենք մեզնից շատ էին, իրար ասում էին՝ հրեք, քաշեք-հանեք»։ Զոհվածների մայրերը շարունակելու են ցույցն այնքան ժամանակ, մինչեւ նախագահ Քոչարյանն ընդունի իրենց, հակառակ դեպքում՝ երկուշաբթի օրվանից մայրերը հացադուլ են հայտարարելու։ Նրանց պահանջն է՝ հայոց բանակում ծառայության գնացած որդիների սպանությունների օբյեկտիվ բացահայտումը։ Չարացած ու զայրացած են Քոչարյանի դեմ. «Հիմա էլի, ներկա դրությամբ, սպանությունները շարունակվում են»,- ասաց մի կին։ Կանայք ասացին, որ Ռ. Քոչարյանը մի անգամ իրենց ընդունել է 1998 թ. փետրվարի 25-ին, խոստացել է, որ սպանությունները կբացահայտվեն, բայց ոչ մի դրական տեղաշարժ չի կատարվել. «Իր մոտ եղել եմ, ասաց՝ կանեմ, կբացահայտեմ, դիտավորյալ սպանություն է»,- պատմում էր մեկը։ Այս կինն ասաց, որ իր տղայի սպանության մասին Զինվորական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն էլ է ասել. «Տիկին Էմմա՛, ես ուժ չունեի, ես դեր չունեի, քո էրեխու սպանությունը դիտավորյալ սպանություն է…»։ Մայրերը զայրացած Պ. Հայրիկյանին ստախոս էին կոչում, Քոչարյանին՝ ապօրինի ընտրված… Մայրերի ցույցը, շրջափակումը փողոցներում իրարանցում էր առաջացրել։ Շտապող վարորդները ոստիկաններին ու մայրերին փորձում էին համոզել՝ փողոց մտնել։ Թեժ վեճեր, հրմշտոցներ էին լինում։ Ոստիկանները մեկ անցնում էին մայրերի, մեկ՝ վարորդների կողմը (եթե ծանոթ մարդիկ էին)։ Հակառակն էլ էր պատահում՝ մայրերի խաթրը առնելու համար կոպտում-քաշքշում էին հասարակ մեքենաներով խեղճ վարորդներին։ Ու թեժ շոգին Քոչարյանին 4 օր սպասող կանայք զայրույթից սեւեռված՝ ոստիկաններին էին միանում, հարվածում մեքենաներին։ Մի խեղճ մարդ ուզում էր իր մաշված մեքենայով փողոցն անցնել։ – Ներքե՛ւ, ներքե՛ւ, փակ է,- գոռում էր ոստիկանը։ – Հայը հայի ճամփեն կփակի՞,- ասաց տարիքավոր վարորդը։ Ու սկսվեց։ – Արա, հետ տուր ասում եմ, էրեխեն զոհված, ո՞ւր ես մարդկանց վրա քշում, հետ տուր ասում եմ,- գոռգոռում, հրում է միլիցիոները։ Մայրերը այս խոսքերի վրա ոստիկանների հետ սկսեցին հարվածել մեքենային։ Վարորդը հետ քշեց։ – Լա՛վ, լա՛վ, ժողովուրդ, վերջացրեք, հերիք ա,- ամփոփեց ոստիկանը։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել