ՔԸՇ, ԳՆԱ՛ ՕՏԱՐ-ՕՏԱՐ Բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքի առնչությամբ Արշակ Սադոյանը երեկ առնվազն երկու տասնյակ անգամ արտասանեց «օտար» բառը։ Այն կիրառվում էր մասնավորապես նման բանաձեւումներով. «օր առաջ փորձում են ցանցերը վաճառել օտարին», «էլեկտրաէներգիայի վարձերը չմուծելու դեպքում, բյուջեից դրանք պիտի փոխհատուցվեն օտարին» եւ այլն։ Իսկ ընդհանրապես, պրն Սադոյանը համարում էր, որ «ահավոր միջոցներ»՝ 100 մլն դոլարի ներդրումներ են ուղղվել էներգետիկային եւ չնայած դրա մեծ մասը «լափվել է իշխանավորների կողմից»՝ այն աշխատող համակարգ է դարձել, վերականգնվել է 24-ժամյա էներգամատակարարումը (ականջդ կանչի, Հրանտ Բագրատյան)։ Մի խոսքով, ըստ ժողովրդական տրիբունի, այստեղ ոչ մի խնդիր չկա, ուղղակի «լկտի ձեւով» ներկայացվում է, թե համակարգը քանդված է։ Արշակ Սադոյանի ասելիքի մյուս դրույթները հետեւյալն էին, թե ՀԲ-ն ու ՄԱՀ-ը միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ ստիպելով վաճառել մեր բաշխիչ ցանցերը։ Որպես հակաքայլ՝ սպառնաց, թե պատգամավորներով ՄԱԿ կդիմեն, որ «օր առաջ վերջ տրվի մեր անկախության ոտնահարումներին»։ Երկուշաբթի ԱԺ-ում քննարկվելիք օրենքը բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ՝ պրն Սադոյանը որակեց «օրենքի տնազ» եւ «օրենք՝ օրենք չլինելու մասին, որի պայմաններում կառավարությունն ինչ կուզի՝ կանի»։ Որակումների համար հիմք էր ծառայել այն, որ օրինագծում արձանագրված չէ ո՛չ մեկնարկային գինը, ո՛չ ներդրումների չափը, ո՛չ գնորդի ստանձնելիք պարտավորությունները։ Ըստ պրն Սադոյանի, այս մի սեփականաշնորհումը նույնիսկ անհամեմատ ավելի վտանգավոր է նախորդներից։ Դեռեւս չկայացած սույն գործարքը եւս որակվեց «հանցավոր» ու «խայտառակ», իսկ այն կնքող իշխանավորները՝ «ազգային արժեքների հետ կապ չունեցող»։ Ըստ այդմ, կոնյակի գործարանից հետո՝ մեկ էլ բաշխիչ ցանցերն են ազգային արժեք։ Խոսքի նախաբանի ավարտին Սադոյանն ազդարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչինչ չի փոխվել, Անդրանիկ Մարգարյանը ոչ մի բան չի արել. «Ամեն ինչ ճի՜շտ նույն ձեւի գնում է. ոնց որ թալանվում էր էն ժամանակ՝ հիմա էլ է թալանվում։ Հիմա ավելի՛ մեծ մասշտաբներով։ Բաշխիչ ցանցերի գործարքը ուղղակի թալան է»։ Այս ասելուց հետո ազդարարեց հարցերի պատասխանելու իր պատրաստակամության մասին։ Իզուր։ Որեւէ մեկը նրան ոչ մի հարց չտվեց։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ