«ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔ ՉԷ» Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանի պետ Ռաֆիկ Հովհաննիսյանը սիրում է կրկնել, որ մեր գործընկեր Նաիրի Բադալյանի՝ մեկուսարանի աշխատակիցների սադիստական խոշտանգումների ու ծեծի մասին ի լուր բոլորի պատմելը՝ հերոսանալու նպատակով է։ Նաիրի Բադալյանի հարցազրույցները հիմք ընդունելով՝ ՆԳ նախարարի հրամանով, ինչպես տեղեկացրել էինք, ծառայողական հետաքննություն է սկսվել։ ՆԳ մի բարձրաստիճան աշխատակից «Առավոտին» հայտնել էր սակայն, թե Նաիրի Բադալյանից պաշտոնական գրավոր դիմում ստանալու նպատակով քանի օր է՝ նրան փնտրում են, սակայն չեն գտնում։ Երեկ հանդիպեցինք Նաիրիի հետ՝ պարզապես զրուցելու նպատակով, սակայն մի քանի հետաքրքիր մանրամասներ մեր զրույցից որոշեցինք, այնուամենայնիվ, տպագրել։ Նախ՝ ինչ վերաբերում է ՆԳՆ-ի՝ իրեն փնտրելուն եւ իբր չգտնելուն, Նաիրին ճշտեց, որ «ՆԳՆ-ն ցանկության դեպքում կարող է ցանկացած մեկին գտնել։ Մի խոսքով, ինձ որեւէ մեկը չի փնտրել կամ փնտրելու դեպքում էլ լավ չի փնտրել ու ցանկություն չի ունեցել ճշտելու, թե որտեղ եմ։ Մանավանդ որ տասը ամիս է՝ ծնողներիս չէի տեսել, երկու օրով գյուղ էի գնացել, ու դրա մասին իմ ողջ շրջապատը գիտեր»։ Ի դեպ, երկուշաբթի օրը նրան զանգահարել են ՆԳՆ-ից, Նաիրին անմիջապես ներկայացել է, գրավոր եւ բավական մանրամասն ներկայացրել է մեկուսարանի «առօրյան», ապա խնդրել, որ իրեն դատաբժշկական փորձաքննության ուղեգիր տան։ Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանի պետի՝ մամուլում արած հավաստիացումներին ի պատասխան, թե անգամ երեք օր հնարավոր չէ կանգնած եւ անքուն մնալ եւ այլն, Նաիրի Բադալյանը միայն ասաց. «Ես պատրաստ եմ եւս տասներկու օր կանգնել հրապարակում, Երեւանի կենտրոնում, բայց պայմանով, որ դրանից հետո՝ սկսած մեկուսարանի պետից եւ վերջացրած այն մարդկանցով, որոնց մատնանշել եմ, պիտի դատվեն։ Ես՝ ի տարբերություն մեկուսարանի պետի, ուրիշի վրա փորձեր անել չեմ սիրում։ Բայց քանի որ ես այդ ամենն ապրել եմ, եւ գիտեմ ինչ է նշանակում, անհրաժեշտության դեպքում ես դա փորձով կարող եմ ապացուցել։ Ինչ վերաբերում է մեկուսարանի պետի այն ասածին, թե Մանուկ Միքայելյանն իրենց լավագույն մասնագետն է, ապա եթե սադիզմը պրոֆեսիոնալիզմի բարձրագույն դրսեւորումն է համարվում այդ համակարգում, ապա նա իսկական պրոֆեսիոնալ է»։ Նաիրի Բադալյանը նաեւ ասաց, որ իր խափանման միջոցը փոխելուց առաջ էլ է «պատի տակ կանգնած եղել, մայիսի 29-ին, 30-ին, ես դրա մասին, ի դեպ, մինչեւ հիմա չէի ասել, առաջին անգամ եմ ասում»։ Մեկուսարանի պետի՝ հերոսանալու նպատակ ունենալու մեջ իրեն մեղադրելը, Ն. Բադալյանն այսպես հակադարձեց. «Ռաֆիկ Հովհաննիսյանը թող ի՛նքը գնա մազոխիզմի ճանապարհով հերոսանալուն։ Ինձ համար շատ տհաճ են այդ կարգի խոսակցությունները»։ Ժամանակին, երբ զրուցում էինք Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ, վերջինս մեծ խանդավառություն չցուցաբերեց մեր այն մտքից, թե մի գեղեցիկ օր պատրա՞ստ է երես առ երես զրուցել Նաիրի Բադալյանի հետ։ Ռ. Հովհաննիսյանին հանդիպելու հեռանկարը չուրախացրեց նաեւ Ն. Բադալյանին. «Ես իր տիպի մարդկանց հետ խոսելու ոչինչ չունեմ։ Էդ տեսակ մարդկանց հետ մարդկային շփումն ինձ համար շատ տհաճ է, բայց եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ եմ հանդիպել՝ նրա երեսին ասելու այն, թե ինչ եմ մտածում իր եւ իր նմանների մասին»։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների հայտնի հայտարարությանը, ապա «Նրանց ես հասկանում եմ, զոհերի հարազատների դեմ ես բացարձակ ոչինչ չունեմ. նրանք կորցրել են իրենց ամենահարազատ մարդկանց։ Ես խնդիր ունեմ միայն Հայաստանի իրավապահ կոչված մարմնի հետ, լինի դատախազություն, թե մեկուսարան, որոնք բացարձակ հեռու են նրանից, ինչին կոչված են»։ Հետաքրքիր է, որ իր կալանավորվելուց հետո Նաիրի Բադալյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ազգային անվտանգության եւ ռազմական ոստիկանության մեկուսարանների պետերին, քանի որ նրանց մոտ «հյուրընկալվելիս» իր դեմ ոչ մի հակաօրինական գործողություն չի արվել։ Մեր հարցին, թե իր կյանքի, անվտանգության դեմ ազատ արձակվելուց հետո սպառնալիքներ եղե՞լ են, թե՞ ոչ, Նաիրին պատասխանեց, որ մեկուսարանում եղած ժամանակ այնպիսի՜ սպառնալիքներ է լսել, որ այստեղ, մեկուսարանի տարածությունից դուրս նրա վրա այլեւս ոչ մի սպառնալիք չի ազդում։ «Մեկուսարանից դուրս գալու համար անմեղությունը պարտադիր չէ. պետք է բախտ ունենաս»,- վերջում եզրակացրեց Նաիրի Բադալյանը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ