Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 20,2000 00:00

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱՐԳԱՎՈՐԵՆՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ ասուլիսում ամփոփեց անցած մեկ տարում իրենց կատարած աշխատանքները։ Որպես հանձնաժողովի գործունեության արդյունավետության ցուցանիշ՝ մեջբերվեցին հետեւյալ տվյալները. եթե 1990-99 թթ. ընթացքում այս ոլորտները կարգավորող ընդամենը 13 օրենքներ են ընդունվել, ապա այս մեկ տարում առաջին ընթերցմամբ ընդունվել են 4 օրենսդրական նախաձեռնություններ եւ շրջանառության մեջ են 9 օրինագծեր։ Հանձնաժողովի կայացրած 37 որոշումներից առանձնացվեցին Գերմանիայից ներմուծված մշակութային արժեքների վերադարձին, ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական քաղաքականության հայեցակարգի եւ ՀՀ պետական բուհերի 2000 թ. ընդունելության կանոններին վերաբերողները։ Ի դեպ, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե հանձնաժողովը ընդունելության քննություններում վերահսկող դեր կարո՞ղ է իրականացնել, պրն Քոչարյանը պատասխանեց, թե իրենք լուրջ լծակներ կարող են կիրառել հայտնաբերված օրինախախտումների պարագայում։ Բայց իր դիրքորոշումը չմիջա-մտելն էր, քանի որ ընդունելության քննությունների կազմակերպումը կրթության եւ գիտության նախարարությանը վերապահված գործառույթ է։ Շավարշ Քոչարյանը որպես թերացում մատուցեց, թե գիտության ու մշակույթի ոլորտներն ընդհանրապես օրենսդրորեն կարգավորված չեն։ Մեր դիտարկմանը, թե դարեր շարունակ գիտությունն ու մշակույթը զարգացել են առանց օրենս-դրական կարգավորման, ու հենց դա է այդ ոլորտների զուսպ հմայքը, Շավարշ Քոչարյանը մասնավորապես պատասխանեց. «Իրականում այդ ոլորտները օրենսդրորեն չկարգավորելը նշանակում է կամայականություններ, նշանակում է ենթաօրենսդրական ակտեր, նշանակում է իրարամերժ մոտեցումներ։ Այնպես որ՝ օրենքը պետք է»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել