Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 20,2000 00:00

ՀՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ «Առավոտի» 8.07.2000 թ. «Ո՞ւր էր «վառվող» հատվածը» հրապարակման մեջ անդրադարձել էինք հուլիսի 1-ին ԱԺ ՆԳ, անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի տարեկան հաշվետվության լուսաբանման այն հատվածին, որն առնչվում էր ՆԳՆ հրշեջ վարչության պետ Լեւոն Դավթյանին։ Հանձնաժողովի նախագահը «տիպիկ հովանավորչության դեպք» համարեց նրա վարչության պետ մնալը, իր զարմանքը հայտնելով այն բանի կապակցությամբ, որ Լ. Դավթյանը մեկսենյականոց բնակարան է նվիրում (մի քանի օր առաջ) հրշեջ պահպանության վարչությանը. «Հավանաբար, խեղդել, ասել էին, որ սխալ բան ես անում, եւ նա դա գնել, վերադարձրել է»։ «Առավոտը» պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Լ. Դավթյանին։ Վերջինս պատասխանեց այսպես. – Հրշեջների վերաբերյալ հարցը լրատվական միջոցներում եւ իշխանության տարբեր ատյաններում, այսպես ասած, քննարկման նյութ կամ առարկա դարձավ 1997 թ. մայիս ամսից հետո, երբ ես 1,5 տարի ՆԳՆ շտաբի պետ աշխատելուց հետո վերադարձա իմ հարազատ կոլեկտիվ։ Ես կարծում եմ, որ 1997 թ. մայիսից 7-8 տարի չի անցել։ Ես պարզապես վիրավորվում եմ եւ խիստ զարմանում, թե ինչո՞ւ այդ ատյաններում կամ լրատվամիջոցներում անգամ փորձ չարեցին պարզելու, թե ովքե՞ր են գրողները եւ ո՞վ է այդ գազան Դավթյանը։ Բավական է, ինչքան ես համեստություն արեցի եւ չցանկացա իջնել այդ խղճուկ մարդուկների մակարդակին։ Ես արդեն դիմել եմ առաջին ատյանի դատարան՝ պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցով (մինչեւ երեկ չէր դիմել- խմբ.) եւ դեռ կտեսնենք. ով ով է եւ ինչ պիտակի է արժանի։ Ես ցավում եմ, որ պարոն Հովհաննիսյանին թյուրիմացության մեջ են գցել, եւ նա հայտարարել է, թե իբր վարչության պետը վարչության գույքի վրա ձեռք է դրել, հետո առաջարկել վերադարձնել գումարը։ Նման բան իմ 31 տարվա ծառայության ընթացքում չի եղել եւ չի էլ կարող լինել։ Ինչ վերաբերում է 1993 թ. ծառայողական բնակարանը սեփականաշնորհելուն, ապա ես գնել եմ, վճարելով 1250 ռուբլի, իսկ գործարքը կատարել է Խորհրդային շրջգործկոմը, իշխանության մարմինը, հաստատել է նոտարական գրասենյակը, եւ ինչպես կարելի է մեկնաբանել, թե ես կեղծիք եմ թույլ տվել։ Իսկ այս տարի, իրոք, ես մեկ սենյականոց բնակարան եմ գնել եւ նվիրել հրշեջ պահպանության վարչությանը՝ զուտ բարոյական նկատառումներից ելնելով։ Երբ ես այդ որոշումը կայացրի՝ ինձ զգուշացնում էին, որ սխալ ես անում, անպայման կմեկնաբանեն, որ մեղավոր ես եղել, դրա համար ես անում։ Չլսեցի, որովհետեւ չէի պատկերացնում, որ մարդիկ այդքան չար կլինեն եւ ամեն ինչի ետեւում միայն վատն ու ստորը կփնտրեն։ Կրկնում եմ. ինձ ոչ ոք չի ստիպել, ես դա արել եմ բարոյական նկատառումներից ելնելով։ Ինչ վերաբերում է, թե իբր ինձ նախարարության ղեկավարությունը հովանավորում է, դա պարզապես անտեղյակության եւ չկամության արտահայտություն է։ Հրշեջ ստորաբաժանումներում կազմակերպվել ու տարվում է պատշաճ ծառայություն, հրդեհաշիջումը կատարվում է գրագետ ու արդյունավետ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել