Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 20,2000 00:00

Ո՞Վ Է «ՌԱԶԲՈՅՆԻԿԸ» ԵՎ ՈՐՏԵ՞Ղ Է «ՃԻՇՏԸ» Հուլիսի 17-ին երկու երիտասարդ (Արսեն Սարգսյանն ու Դավիթ Մկրտչյանը) սեփական նախաձեռնությամբ գնացել են ՆԳ քննչական վարչություն, հանձնվել՝ ասելով, որ այն հանցագործությունը, որի համար մեղադրվում է եւ կալանավորվել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբոր որդին՝ Արտյոմ Գեւորգյանը, իրենք են կատարել։ (Հուլիսի 13-ին երկու անհայտ երիտասարդ ավազակային հարձակում էին կատարել Կոմիտասի թիվ 45 շենքի 1-ին հարկում գտնվող գորգերի խանութի վրա, սակայն նրանց օպերացիան չի հաջողվել, եւ կեսից փախուստի են դիմել։ Հետո պարզել են, որ նրանցից մեկը հենց Արտյոմ Գեւորգյանն էր)։ Այս երեւույթը Ռուբեն Գեւորգյանը բազմաթիվ առիթներով հարմար է գտնում որակել որպես իր եւ իր մերձավորների դեմ ուղղված քաղաքական հետապնդում։ Երեկ Արսեն Սարգսյանի եւ Դավիթ Մկրտչյանի շահերի պաշտպան Սամվել Ջաղինյանը, որը ժամը 15-ի մատույցներում դուրս եկավ ՆԳ քննչական վարչությունից, հայտնեց, որ Արսեն Սարգսյանը հրաժարվել է իր պաշտպանությունից, ավելին, հետ է կանգնել իր ինքնախոստովանությունից։ Այսինքն՝ ասել է, թե ինքը հանցագործ չէ եւ ինքը չի կատարել ավազակային հարձակումը. «Կողքը կանգնած են օպերատիվ աշխատողները, որոնք անհայտ պատճառով գտնվում են քննչական վարչության շենքում»։ Ընդ որում, քննիչներին ոչ մի պարագայում չի համոզում, որ վերոնշյալ Արսենն ու Դավիթն են կատարել հանցագործությունը։ «Առավոտի» հարցին, թե ի՞նչ հիմքով չեն հավատում այդ տղաներին քննիչները, փաստաբան Սամվել Ջաղինյանն ասաց. «Քննիչներն, իմ կարծիքով, չեն ուզում ընդունել իրենց նախկին սխալը, որ ձերբակալել են ո՛չ հանցագործին, այլ անմեղ մարդու»։ Ս. Ջաղինյանին քննչական վարչության պետ Համբարձումյանը զգուշացրել է, որ վերջինս «պրոբլեմ չստեղծի»։ «Ձեզ սպառնացե՞լ են» մեր հարցին Ջաղինյանը պատասխանեց. «Չէ, ինձ չեն սպառնացել, ինձ ուղղակի բացատրել են խորհրդի կարգով, որ ես պրոբլեմներ չստեղծեմ»։ Երեկվա ժամը 15-ի դրությամբ Ջաղինյանի արդեն միակ պաշտպանյալ Դավիթ Մկրտչյանը դեռեւս պնդում էր, որ հանցագործությունն իրենք երկուսով են արել։ «Սակայն Արսեն Սարգսյանի դեմքին նայելով՝ ակնհայտ է, որ նրա վրա ճնշում է գործադրվել։ Արտաքին բռնության նշաններ չկան, բայց բարոյական ճնշում միանշանակ եղել է»։ Փաստաբանը համոզված էր, որ Արսեն Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ չի պաշտպանից հրաժարվել։ Նա նաեւ համոզված էր, որ մի քանի ժամ անց իրենից կհրաժարվի նաեւ իր մյուս պաշտպանյալը։ Մեր հարցին, թե նա որպես իրավաբան ինչպե՞ս է գնահատում, որ այդ տղաները մեկ ամիս անց են գնացել եւ մեղայականով հանդես եկել, Ջաղինյանն ասաց, որ «Դա զուտ իրենց ազնվության խնդիրն է, ուրիշ բան ես այդտեղ չեմ տեսնում»։ Որոշեցինք Դավիթաշենի երբեմնի թաղապետ Ռուբեն Գեւորգյանից ճշտել՝ շարունակո՞ւմ է սա համարել իր դեմ իրականացվող քաղաքական հետապնդում (մինչ այդ հենց իրենից իմացանք, որ ինքնախոստովանություն արածները «ծագումով» դավիթաշենցի են)։ «Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է։ Եթե հանցագործներն այսօր հանձնվել են, եւ նրանց արդարացնում է ողջ ներքին գործերը, պատկերացրեք»։ – Բայց չէ՞ որ տեսականորեն չի բացառվում, որ դուք եք այդ տղաներին ստիպել, որ նրանք խոստովանեն իրենց չարած հանցանքը,- հարցրեց «Առավոտը»։ – Բոլորովին, ի՞նչ տարբերություն՝ Դավիթաշենից լինեն, թե Շենգավիթից։ Ես նրանց, պատկերացնո՞ւմ եք, ամենավերջին օրն առավոտյան եմ հանդիպել։ Մոտեցել են ինձ, անգամ չեմ էլ ուզեցել լսել։ Ասացին՝ ուզում ենք հանձնվենք։ Բառիս բուն իմաստով ասել եմ՝ ուզում եք հանձնվեք, ուզում եք մի՛ հանձնվեք։ Իսկ հանձնվելու խնդիրն իրենց պրոբլեմն է, պատկերացնո՞ւմ եք։ Արդեն էսօր պարզ դառավ, որ դա քաղաքական հալածանք է իմ դեմ։ Նրանք ուզում են հասարակությանը ներկայացնեն, որ ոչ միայն Գեւորգյան Ռուբենի եղբոր որդին է ռազբոյնիկը, այլեւ թե ինչ-ինչ կանալներով Գեւորգյան Ռուբենը կարողացավ անմեղ մարդկանց բերել հանձնել՝ եղբոր որդու փոխարեն։ Սա քաղաքական հալածանքի ամենասո՛ւր տեսակն ա։ Ռուբեն Գեւորգյանը՝ որպես արդարության, «ճշտի» համար պայքարի ձեւ, առայժմ կընտրի մամուլի ասուլիսի տարբերակը։ Ըստ պրն Գեւորգյանի՝ «… Հիմնականում (նրանք- Լ. Ա.) ցանկանում են Գեւորգյան Ռուբենով՝ որպես մեշեն (ՎՌՔպվՖ) ի ցույց անել մնացած բոլոր պատգամավորներին»։ «Առավոտի» հարցին՝ մի՞թե պրն Գեւորգյանը չի դիմել ՀՀ նախագահի, ուժային նախարարների միջնորդությանը, պատասխանեց. «Ես էս հարցով իմ մեջ ունեի մի բարձրաստիճան այր, որին վստահել էի էս հարցը։ Թե էդ անձը ո՞վ ա, թող դա մնա իմ մեջ»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել