ՀԱՅՀԵ՜Ռ, ՀԱՅՑՈ՜ՒՑ, ՀԱՅՇԱՐԺԻ՜Չ ԱԺ կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանին լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ Լեզվի տեսչությունը չի հետեւում գովազդվող խոշոր ֆիրմաների օտարալեզու անվանումները թարգմանելուն։ «Օրենքի նման դրույթ չկա» պատճառաբանությունը լրագրողներին մղեց մի կողմից՝ հուսահատության, մյուս կողմից՝ ստեղծագործական երեւակայության գիրկը. «Գրանդ Տոբակոն» տեղում թարգմանվեց «Մեծ ծխախոտ», «Մուլտի գրուպը»՝ «Տիկնիկ խումբ», «Վեդի ալկոն»՝ «Վեդի հարբ», «Կառ լյուքս սերվիսը»՝ «Կարինե դզող ծառայություն», «ԱրմենՏելը»՝ «Հայհեռ», «Արմէքսպոն»՝ «Հայցուց», «Արմենմոտորը»՝ «Հայշարժիչ», «Եվրոստան ույուտը»՝ «Եվրոստան հարմար», «Կոնտակտը»՝ «Շփում»… ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԵՂԾ «L&M» ԵՎ «BOND» Սիգարետների ներմուծմամբ զբաղվող «Պարես-Արմենիա» ընկերությունից հայտնում են, թե մաքսանենգ ճանապարհով հայկական շուկա է ներկրվել անորակ, համեմատաբար ցածր գներով կեղծ «L&M» եւ «Bond» տեսակի սիգարետներ։ Ընկերության գլխավոր տնօրեն Հրայր Դեմիրճյանի ներկայացմամբ, սիգարետների կեղծ լինելու հանգամանքը պարզելը շատ հեշտ է, քանի որ դրոշմավորված են հին դրոշմանիշերով, թույլ են արտահայտված հայերեն տառերով նշագրումները եւ փաթեթավորված են «L&M»-ի եւ «Bond»-ի տուփերի նախկին դիզայնով։ ԲՈԼՈՐԸ ՉԷ, ՈՐ ՍՐԻԿԱ ԵՆ Լրագրող Նաիրի Բադալյանի հայտնի հարցազրույցից հետո, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՆԳ նախարարի կարգադրությամբ ծառայողական հետաքննություն է անցկացվում Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանում։ Սակայն իր կալանավորման ընթացքում Նաիրիին հանդիպել են ոչ միայն սադիստներ, այլեւ կարգին մարդիկ ռազմական ոստիկանության եւ ԱԱ մեկուսարաններում։ Տես նաեւ էջ 3։ ՄԱՅՐԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ Երեկ նախագահի նստավայրի մոտ հավաքված զոհված զինվորների մայրերը, ի նշան բողոքի, փակել էին Բաղրամյան փողոցը եւ խոստացել էին այսօր դիմել ավելի համարձակ միջոցների: