Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 19,2000 00:00

Սեկվեստրն անխուսափելի՞ է Այն, որ ընթացիկ տարվա բյուջեի կատարումը լրջորեն վտանգված է՝ պարզ էր դեռ այն ժամանակ, երբ պետբյուջեի նախագծի քննարկումը, օրենքով սահմանված ժամկետներից, մի քանի ամիս ուշացավ։ Բյուջետային համակարգի մասին օրենքի ոտնահարումը օբյեկտիվորեն պատճառաբանված էր հոկտեմբերի 27-ով եւ դրա արդյունքում նոր կառավարության ձեւավորմամբ։ Սակայն ավելի էական էր այն, որ բյուջեի մասին օրենքն ընդունելիս արդեն պարզ էր, որ առաջին երկու ամիսների կտրվածքով այն արդեն չէր կատարվել։ Երեկ, 2000 թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարողականի քննարկման ընթացքում, գործադիր մարմնի ներկայացուցիչներն ու օրենսդիրներն արձանագրեցին, որ աշնանային նստաշրջանում դժվար թե հաջողվի խուսափել ընթացիկ տարվա բյուջեի վերաձեւումից՝ սեկվեստրից։ Վերջերս ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանն էր իր հարցազրույցներից մեկում խոստովանել, որ եթե առաջին կիսամյակի ընթացքում բյուջեն կատարվել է 40 տոկոսից պակաս չափով, ապա տարվա կտրվածքով դրա կատարումը լուրջ խնդիրներ է հարուցելու։ Ընթացիկ տարվա պետբյուջեի առաջին կիսամյակի կատարողականը Անդրանիկ Մարգարյանի կառավարությանն անմխիթար հեռանկար է խոստանում։ Այսպես, 2000 թ. առաջին վեց ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրումը չափազանց ցածր մակարդակ է արձանագրել։ Դրանք կազմել են տարեկան ծրագրված ծավալների ընդամենը 34,7 տոկոսը։ Առաջին վեց ամիսների ընթացքում նախատեսված ծախսային մասը կատարվել է ընդամենը 31.4 տոկոսով։ «Սա նշանակում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում եկամուտները պետք է ավելանան, որպեսզի հնարավոր լինի օրենսդիր մարմնի ֆիքսած ծախսերն իրականացնել։ Ցավոք, ոչ միայն օրենսդիրները, այլեւ Կենտրոնական բանկն այն կարծիքին են, որ եկամուտներն ու ծախսերը մոտ 20 տոկոսով պետք է կրճատել»,- պարզաբանեց ԱԺ հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը։ Հոկտեմբերի 27-ից հետո ներիշխանական վերադասավորումներն ու Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար նշանակվելն էլ է անդրադարձել բյուջեի կատարողականի վրա։ Այսպես, չնայած ծախսային մասի թերակատարմանը, պաշտպանության բնագավառի ծախսերն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են՝ կազմելով 21 տոկոս։ Աճել է նաեւ դրանց տեսակարար կշիռը՝ նախորդ տարվա 16.3 տոկոսի դիմաց՝ կազմելով 21.2 տոկոս։ Փոխարենը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են առողջապահության եւ սոցիալական ապահովության բնագավառների ծախսերը՝ համապատասխանաբար 35.2 եւ 35.5 տոկոսով։ Գործադիր մարմնում միակ լավատես նախարարը, թերեւս, Լեւոն Բարխուդարյանն է։ «Ֆինանսների նախարարը նշեց, որ միջոցառումներ են ձեռնարկվել եւ կառավարությունը կաշխատի բյուջեն ամբողջությամբ չփոխել»,- նշեց Վ.Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ-ն սեպտեմբերին կրկին կանդրադառնա բյուջեի առաջին կիսամյակի կատարողականին եւ եթե կառավարությունը կամ ֆինանսների նախարարությունը հաջորդ վեց ամիսների համար հստակ ծրագիր չներկայացնի, բյուջեում փոփոխություններ կատարելու հարցը, թերեւս, հարկ լինի մտցնել ԱԺ օրակարգ։ Պարոն Խաչատրյանը սեկվեստրի հեռանկարը չբացառեց, թեեւ նշեց, որ գուցե հնարավոր կլինի բյուջեի ծախսային մասը չփոփոխել, իսկ եկամտային մասը համալրել վարկերի եւ ներդրումների հաշվին։ Բյուջեի կատարողականի անմխիթար վիճակն ու տնտեսական աճի խիստ ցածր տեմպերը, ըստ օրենսդիրների, պատճառաբանված են՝ 1. հոկտեմբերի 27-ի դեպքերով ու ներքաղաքական իրավիճակով, նաեւ պետբյուջեի ընդունման օբյեկտիվ ձգձգումով, 2. առաջին կիսամյակը եկամուտների հավաքագրման իմաստով միշտ էլ ավելի պասիվ է լինում, քան երկրորդ կիսամյակը։ Այն հարցին, թե ո՞վ է լինելու բյուջեի կատարումը տապալելու պատասխանատուն՝ նախորդ, թե՞ ներկա կառավարությունը, պարոն Խաչատրյանն ասաց՝ «Ներկա կառավարությունը նախորդի իրավահաջորդն է եւ եթե վերջինս չէր կարողանալու իրականացնել իր նախորդի ներկայացրած բյուջեն, կարող էր հրաժարվել դրանից եւ վերանայել։ Իմ պատկերացմամբ ամեն ինչի համար գործող կառավարությունն է պատասխանատու»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել