ԱՅԴ «ՔԱՂՑՐ» ԲԱՌԸ՝ ՇԵՆԳԵՆ ՎԻԶԱ Ցանկացած միջավայրում եթե ականջդ սրես, մարդկանց խոսակցության թեման մեկն է. ինչ ճանապարհով լքել Հայաստանը։ Այսպես կոչված «Շենգեն վիզան» դարձել է հանրապետության բնակչության հիմնական մասի բաղձալի երազանքը։ Թիվը գաղտնիք է, գործունեությունը՝ ազատ Թե Հայաստանում որքան տուրիստական ֆիրմա է գործում եւ դրանցից քանիսը գրանցման վկայական ունեն՝ չկարողացանք պարզել։ Միայն այն պատճառով, որ ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրի լրատվական ծառայության ղեկավար Ե. Այվազյանը նշեց, որ ձեռնարկությունների մասին տեղեկատվություն ստանալու համար պետք է գրավոր դիմում ներկայացնել պետռեգիստրի ղեկավարին եւ դրական պատասխան ստանալուց հետո վճարել 100 դրամ, որից հետո միայն կտրվի այդ տեղեկատվությունը։ Մեր մոտավոր հաշվարկներով միայն «Էրեբունի» հյուրանոցում 2 տասնյակից ավելի, այսպես կոչված, «տուրիստական ֆիրմա» կա։ Հյուրանոցի 4-րդ հարկը գրեթե ամբողջությամբ վարձակալել են նման «ֆիրմաներ»։ Յուրաքանչյուր սենյակի մուտքի մոտ կախված ցուցանակը ազդարարում է աշխարհի ամենաաներեւակայելի երկրներում զբոսաշրջության հնարավորությունը եւ որպես պարտադիր պայման՝ Շենգեն վիզան։ Հայերից «քաշվածները» Խմբագրություն այցելած քաղաքացին էլ (հասկանալի պատճառներով անունը չենք հրապարակում, իրավապահ մարմինների համար քաղաքացու կոորդինատները խմբագրությունում են), մեղմ ասած, «քաշվել» էր հենց այս ճահճուտում։ Ֆրանսիայում 2 շաբաթ ճամփորդելու համար քաղաքացին դիմել էր Ալավերդյան փողոցի վրա գտնվող ինչ-որ տուրիստական ֆիրմայի, որի ներկայացուցիչ Ալբերտ Գոզալովը (ի դեպ, ասում են, որ վերջինս արդեն փախել է հանրապետությունից), չգիտես ինչու, խորհուրդ է տվել դիմել «Էրեբունի» հյուրանոցի «տուրիստական ֆիրմաներին»։ Քաղաքացու խոսքերով, ինքը դիմել է 450 սենյակում տեղավորված MMR «ֆիրմային», որի ներկայացուցիչ Ռազմիկ Ռշտունին պահանջել է մի շարք փաստաթղթեր (տեղեկանք բնակավայրից, սեփականության վերաբերյալ, անձնագիր եւ այլն), 300 դոլար կանխավճար եւ խոստացել երկու շաբաթից կազմակերպել ուղեւորությունը։ Երկու շաբաթը ձգվել է մինչեւ երկու ամիս եւ միայն մայիսի 11-ին, այսպես կոչված, տուրիստական խումբը, 26 հոգուց բաղկացած, էքսկուրսավար Գեղամ Խաչատրյանի (նաեւ ինչ-որ Արմենի ու Համլետի) հետ ավտոբուսով շարժվել է դեպի Դնեպրոպետրովսկ։ Նախօրոք նրանց զգուշացրել էին, որ Երեւանից Դնեպրոպետրովսկ կգնան ավտոբուսով, այնտեղից ինքնաթիռով մինչեւ Փարիզ։ Ահա ավտոբուս նստելու պահին էլ, երբ քաղաքացիները իբր թե համոզվել են, թե ճամփորդելու հետ կապված որեւէ խնդիր չկա, վիզայի համար Ռազմիկ Ռշտունուն վճարել են 1000 դոլար։ Մինչեւ Դնեպրոպետրովսկ՝ քաղաքացու պատմելով, հասել են բազմաթիվ փորձությունների եւ ճնշումների միջով։ Իրենց ուղեկցողներն ամենատարբեր պատճառներով փողեր են պոկել։ Դնեպրոպետրովսկում խոստացած 1-2 օրվա փոխարեն այդ 26 հոգուն պահել են 7-10 օր։ Ամբողջ ճանապարհին սնվելու եւ այլ կարիքների հետ կապված ֆինանսական ծախսերը հոգացել են իրենք՝ «տուրիստները»։ Դնեպրոպետրովսկից, սակայն, ինքնաթիռով Փարիզ ուղեւորվելու փոխարեն, ինչպես նշեց քաղաքացին, անսարք ավտոբուսները փոխարինվել են ռաֆերով եւ ճանապարհվել դեպի Լվով։ Ուկրաինայի սահմանին «տուրիստներին» չեն գրանցել։ Այսպիսով, ՀՀ 26 քաղաքացիներ անլեգալ հայտնվել են Լվովում։ Խոստացած 1-2 օրվա փոխարեն հայ «տուրիստները» Լվովում մնացել են մոտ 1 ամիս (իսկ ոմանք, քաղաքացու պնդմամբ, դեռ այնտեղ են)։ Ամենասարսափելին այն է, որ «տուրիստական ֆիրմա» կոչվածի ներկայացուցիչները վերցրել են «տուրիստների» անձնագրերը եւ ոչ մի կերպ չեն վերադարձրել։ Լվովի հյուրանոցում, քաղաքացու պատմելով, բազմաթիվ փորձանքների են հանդիպել։ Նրա խոսքերով, տեղի ավազակային մի խմբի հետ ընդհարման ժամանակ, գազանաբար ծեծել են հայ տղաներից մեկին եւ անգամ դանակով կտրել նրա հետույքը։ Իսկ հայ «տուրիստները», գիտակցելով իրենց անլեգալ կարգավիճակը, նույնիսկ չեն կարողացել դիմել բժշկի։ Սակայն սա դեռ բոլորը չէ։ Երբ այս ամբողջ քաշքշուկներից, նվաստացումներից ու անորոշությունից հոգնած մարդիկ փորձել են պահանջել իրենց անձնագրերը, քաղաքացու խոսքերով՝ Գեղամ Խաչատրյանը կանչել է տեղի հայ «խառոշիներին» ու սպառնացել նրանց։ «Ես այլեւս փողի մասին չէի մտածում, այլ՝ թե ինչպես կարող էի վերադառնալ Հայաստան»,- պատմեց քաղաքացին։ Միայն երեք շաբաթ անց ՀՀ քաղաքացիների անձնագրերում ինչ-որ անհասկանալի կնիք են խփում (նշեմ, որ խմբագրություն բերված անձնագրում խփած, այսպես կոչված, վիզան, նույնիսկ կնիք չէր), հայտարարելով, թե դա Հարավսլավիայի վիզան է։ Իսկ այնտեղ հասնելու համար առաջարկել են գնալ Ռումինիայով ու դարձյալ գումարներ պահանջել։ Քաղաքացու պնդմամբ, խմբի 26 հոգուց մոտ 13 հոգին համաձայնել են շարունակել ճանապարհը, 9 հոգին մնացել են հյուրանոցում, իսկ իրեն ու էլի երեք հոգու աներեւակայելի ձեւով հաջողվել է համոզել ու հետ ստանալ անձնագրերը։ Եվ միայն ՀՀ այս չորս քաղաքացիներին է հաջողվել փրկվել հայերի ձեռքից ու վերադառնալ Հայաստան։ Քաղաքացին հայտնեց նաեւ, որ Գեղամ Խաչատրյանը, հավաքած փողերով հանդերձ, վաղուց արդեն վերադարձել էր Հայաստան։ «Այդ 26 հոգին «տուրիստական» տարբեր ֆիրմաներից էին (16 հոգին Գեղամի մարդիկ էին, 5-ը՝ «Աֆրոդիտեից» եւ 5-ը՝ MMR-ից»)»,- ասաց քաղաքացին։ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ պետության կողմից Այս պատմությունը կարող է պատահել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ, քանի որ նա պաշտպանված չէ նախ եւ առաջ պետության կողմից։ Տուրիստական ֆիրմաներին գրանցման վկայականի մասին տեղեկատվությունը գաղտնիք համարող պետական մարմինները ճիշտ կլիներ հսկողություն սահմանեին այդ վայ տուրիստական ֆիրմաների նկատմամբ։ Երբ չկարողացա պաշտոնական տեղեկություն ստանալ, որոշեցի որպես քաղաքացի դիմել այդ «ֆիրմաներին»։ Նույն այդ Ռազմիկ Ռշտունին ինձանից պահանջեց մի շարք փաստաթղթեր, նույնիսկ ինձ «լավություն անելու համար» խորհուրդ տվեց որոշ տեղեկանքների դատարկ բլանկներ բերել, որ ինքը լրացնի ու երկու շաբաթվա ընթացքում կազմակերպի իմ ուղեւորությունը Ֆրանսիա։ Իսկ երբ շա՜տ զգուշորեն խնդրեցի ցույց տալ գրանցման վկայականը՝ Ռազմիկ Ռշտունին ու իր սենյակի աշխատակցուհիները վրա տվեցին, թե ինչի՞դ է պետք այն՝ «Շենգեն վիզան պասպորտիդ մեջ կխփենք, նոր կգնաս, ազիզ ջան, ինչ պրոբլեմ կա»,- բացատրեցին նրանք։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ