Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 19,2000 00:00

«ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿ ԾԱՂՐ Է» Նրանք, ովքեր երեկ ձեռք էին բերել «Առավոտ», հավանաբար կարդացել են հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հարազատների հայտարարությունը։ Այն, փաստորեն, գնահատականն է նախաքննությունն իրականացրած մարմնի, քննչական խմբի։ Հայտարարության հեղինակները գտնում են, որ «առկա է եղել իրական ճնշում, որի մեջ դրվել է նախաքննության մարմինը», որ ոճրագործությանը մասնակցելու վերաբերյալ (Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի, Ն. Բադալյանի, Մ. Մովսիսյանի կողմից) առկա են «անհերքելի ապացույցներ» եւ որ «թերեւս զգալով ոճրագործության անմիջական պատվիրատուներին բացահայտելու իրական վտանգը, նախաքննության ավարտական փուլում այդ «կանխատեսումները» վերածվել են հիշյալ անձանց նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու հրամայական պահանջի»։ Ըստ էության, նրանց կարծիքով, նախաքննական մարմինը տապալել է իրական պատվիրատուներին, դրդիչներին, կազմակերպիչներին հայտնաբերելը եւ, փաստորեն, օրինականության նկատմամբ այս գործը «խայտառակ ծաղր է»։ Ես փորձեցի զրուցել ոճրագործության զոհերի հարազատների հետ՝ իրենց հետագա մտադրությունների, քայլերի առումով։ Հարցը իրավական հարթությունում այսպիսի վիճակ ունի. նրանք պետք է դիմեն իրենց իրավաբաններին (թե ովքեր էին, առայժմ չհայտնեցին) եւ քննարկում են ասուլիսով հանդես գալու հնարավորության մասին։ Գաղտնիք չէ, որ տուժողներն իրավունք ունեն առարկել քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ, հայտնել բացարկ։ «Մենք մտածված չենք դիմել բացարկի, քանի որ քաշքշուկից բացի ոչինչ չէր տա դա մեզ», եւ նաեւ, նրանց պատկերացմամբ, եթե բացարկն ընդունվեր ու նոր քննչական խումբ ներգրավվեր, «գործը նորից կմեռցնեին»։ Տուժողներն իրավունք ունեն նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել, գործից դուրս գրել ցանկացած տեղեկություններ, ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար։ Մեր տեղեկություններով, բացի հայտարարություններից, տուժողները դեռ իրավական առումով չեն իրականացրել իրենց իրավունքները։ «Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում եւ իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով»։ Իսկ ընդհանրապես, եթե պարզվի, որ միակողմանի քննություն է կատարվել, «պաշտոնատար անձի գործողության դեմ» գանգատը չի բացառվում։ Մերժվելու դեպքում եւ դատարանով այն վիճարկելու մասին տուժողներն առայժմ լռում են։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել