Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 19,2000 00:00

8220ձ Ծժծշ ՁԿԻժ թԿխԿհ, ծԿ շ ծժ ԽՀԼճձ8221 Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի 41 շենքի թիվ 13, 14, 16, 20 բնակարանների բնակիչները նախատեսում են դիմում ուղարկել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին, ուր բողոքում են իրենց հարեւան… Տիգրան Թորոսյանից։ Դիմումը հետեւյալ բովանդակության է. «Կուզենայինք ձեզ տեղյակ պահել, որ վերոհիշյալ շենքի՝ Արաքսյա Վարդանյանին պատկանող թիվ 17 բնակարանում ապրող, սակայն այդ բնակարանում գրանցում չունեցող քաղաքացի Տիգրան Թորոսյանն արդեն ավելի քան 4 ամիս բազմիցս անհարկի ու անհարգալից ձեւով անհանգստացնում է շենքի պատկից հարեւաններին՝ նրանց ներկայացնելով կամայական պահանջներ՝ կապված սովորական կենցաղավարության հետ՝ հեռուստացույցների եւ մագնիտոֆոնների ձայնը միայն իրեն հարմար բարձրությամբ միացնելը, անաղմուկ քայլելը։ Ցավով տեղեկացնում ենք, որ 17-րդ բնակարանի վերեւի բնակարանը՝ թիվ 20-ը, լքում են արդեն երկրորդ վարձակալները՝ պատվարժան ու ազնիվ մարդիկ, վիրավորված 17 բնակարանի բնակիչների անդադար արվող եւ զարմանալիորեն անտեղի ու հոխորտալից նկատողություններից։ Բնակիչների վիրավորանքը եւ զայրույթը հասավ գագաթնակետին, երբ Տիգրան Թորոսյանը վերոհիշյալ հարեւաններին կարգի բերելու հրավիրեց Կենտրոնի միլբաժին, որտեղ ծանոթանալով «գործի» էությանը՝ կապված ծխախոտի մնացորդների հետ, բաժնի աշխատողները դեպքը դիտեցին որպես թյուրիմացություն եւ ներողություն խնդրելով՝ ճանապարհեցին պատվարժան տարեց մարդկանց։ Ներկայացնելով ձեզ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի՝ ամեն չափ ու սահման անցած պահվածքը այդ շենքում ավելի քան կես դար ապրած բնակիչների նկատմամբ, տեղյակ ենք պահում, որ համապատասխան միջոցներ ձեռք չառնելու դեպքում մենք կդիմենք այլ ատյաններ, քանի որ այլեւս անտանելի են դարձել նորաթուխ քաղաքական գործչի վիրավորական միջամտությունները»։ «Առավոտը» եղավ Մաշտոցի 41 հասցեում եւ զրուցեց դիմումի հեղինակների հետ։ Թիվ 16 բնակարանի բնակչուհի տիկին Էլինան արագ-արագ ներկայացնում էր իր դժգոհությունը. «Այդ մարդը հայտարարում է, որ այս շենքում հնչող երաժշտությունն իրենց խանգարում է։ Այս շենքում տասնյակ տարիներ բնակվել են կոմպոզիտորներ, երաժիշտներ, իսկ նա, խնդրեմ, հայտարարում է, թե երաժշտությունն իրենց խանգարում է»։ – Նա ասում է՝ սա կոնսերվատորիա չի՛,- հարեւանուհու խոսքը շարունակեց թիվ 14 բնակարանի բնակչուհի Իզաբելա Հարությունյանը։- Ես այստեղ 40 տարի եմ ապրում, բոլորի հետ համերաշխ։ Երբ ես Աթենք գնացի, տունս վարձով տվեցի մի մոր եւ աղջկա։ Աղջիկը կոնսերվատորիայում էր սովորում։ Երբ եկա Աթենքից, անմիջապես Տիգրան Թորոսյանն իջավ եւ բողոքեց, թե այդ երաժշտությունն ականջը ծակում ա։ Ասացի` Տիգրան, դու հասկանո՞ւմ ես, որ ես պատերազմի ժամանակ կոնտուզիա եմ ստացել եւ մի ականջս բոլորովին չի լսում, էս մի ականջս էլ նեւրիտ ունեմ։ Պիտի հեռուստացույցը բարձր միացնեմ, ցածրը չեմ լսում։ Էս Տիգրան Թորոսյանը շատ կուլտուրական մարդու տպավորություն ա թողել, իմ կարծիքով, ինքը մեղք չունի, տանը նրան ստիպում են, գալիս ա բողոքում։ Ասում եմ՝ Տիգրա՛ն, չե՛մ լսում, քա՛ռ եմ։ Էս տղան 4 անգամ է իջել։ Պուլտը առավ՝ թե. «Ա՛յ, էսպես լսի»։ Դրանից հետո տանը շատ անգամ հեռուստացույց չեմ նայում, ներվերս չի հերիքում։ Ստիպված ձայնը ցածրացնում եմ, որ կնոջը չխանգարեմ։ Բա որ իմ տանը մի քեֆչի մա՞րդ ապրեր… – Որպեսզի իմ տան երաժշտությունը ցածր հնչի, նա իր պաշտոնը ի չարն է դնում։ Մի քանի տարի առաջ ես պատշգամբում կանգնած՝ նրա կինն իմ վրա տրյապկա թափ տվեց,- նորից սկսեց պատմել թիվ 16-ի բնակչուհին:- Ես էլ սպասեցի, ընդունում եմ, ինքն էր կանգնած, ես էլ ուրիշ բան թափ տվեցի։ Բայց դու ո՞վ դառար (այստեղ ես փռշտացի. տիկին Էլինան ասաց՝ էդքան էլ ճիշտ- Լ. Ա.), որ մարդկանց լարված վիճակում պահես։ Քիչ անց եկավ թիվ 20 բնակարանի երբեմնի բնակիչ Ալեքսանդր Գրիգորյանը՝ տիկնոջ հետ։ Վերջիններս մի 3 ամիս բնակվել են այդտեղ, սակայն դժգոհ Տիգրան Թորոսյանենց ընտանիքի պարբերական եւ չպատճառաբանված լուտանքներից՝ հեռացել են այլ տեղ. «Պատշգամբի դուռն էի ներկում, թաղային միլիցիան եկավ ու ասաց, թե՝ էս ի՞նչ աշխատանք եք անում, որ ձեր ներքեւի հարեւանին խանգարում եք։ Եվ երբ տեսավ, որ իմ արածը ներկելն է, հասկացավ, որ ատբոյնի մալատոկ չենք օգտագործում։ Դրանից առաջ ծխախոտի մնացորդների հետ կապված մի քանի դեպքեր էլ են եղել»։ Բացի սրանից՝ մի քանի կենցաղային բնույթի ընդհարումներ էլ են գրանցվել, ու բանը հասել է վերոնշյալ դիմումին։ Այսքանից հետո որոշեցինք ճշտել Տիգրան Թորոսյանից, թե ինչո՞ւ է այդպես «խանգարում իր հարեւանների անդորրը»։ «Ես այդ տանն ապրում եմ ոչ 4 ամիս, ոչ էլ մի տարի, այլ առնվազն 10 տարի։ Բոլորի հետ շատ սիրալիր եւ համերաշխ ենք ապրել։ Միշտ, երբ հարեւաններին ինչ-որ բան է պետք եղել, դիմել են ինձ։ Հաջորդը՝ երբ վերեւում վարձով են ապրում եւ 4-5 անգամ ջրում են առաստաղը, այդ մարդկանցից պահանջել, որ դա չանեն, կարծեմ, հանցագործություն չէ։ Եթե ներքեւի բնակարանում այնքան բարձր են միացնում հեռուստացույցը, որ քո տանը ամեն ինչ պարզ լսվում է, եւ հարեւանին խնդրում ես, որ ցածրացնի ձայնը, դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Եթե այսօր նրանք ինչ-ինչ պատճառով ինչ-որ բան են սարքում, թողնում եմ իրենց խղճին։ Որեւէ մարդու արած ստորությունը չեմ կարող լավություն համարել եւ շնորհակալություն հայտնել»,- եզրափակեց ասելիքը ԱԺ փոխխոսնակը։ Ահա թե ինչպիսի պայմաններում են ապրում եւ աշխատում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն ու նրա երաժշտասեր հարեւանները։ «Առավոտը» իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանություն անել։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել