ՎԱՂՆ ԱՐԴԵՆ ՈՒՇ ԿԼԻՆԻ Աղետի գոտի հասկացությունից արդեն տհաճություն են զգում հենց այդ գոտու բնակիչները։ Դատարկ, ոչինչ չասող խոսքեր են դարձել։ Գյումրիում եւ Սպիտակում մարդիկ անտարբեր են, քայլում են բացակայող հայացքներով։ Բնակարանային խնդրից բացի մարդկանց արդեն խեղդում է գործազրկությունը, օրվա հացի պրոբլեմը։ Մարդիկ խոսելիս փղձկում են, հուզվում։ Ով ի վիճակի է՝ թողնում-հեռանում է՝ չնչին գումարներով վաճառելով ողջ ունեցածը։ Միայն թե ինքնաթիռի տոմս կարողանա գնել։ Մի սպիտակցի իրենց վիճակի մասին խոսելիս հիշեց մի հին պատմություն. «Մի թագավոր է լինում, տեսնում է, որ իր երկրի ժողովուրդը լավ է ապրում, հրամայում է հարկերը բարձրացնել։ Տեսնում է, որ մարդիկ շարունակում են հանգիստ ապրել՝ էլի է բարձրացնում, հետո էլի, էլի… Ու մի օր էլ դուրս է գալիս շրջելու, տեսնում է, որ ծայրահեղ աղքատության հասած ժողովուրդը անտեղի ծիծաղում-հրճվում է։ Մարդիկ խելագարվել էին։ Թագավորը սա տեսնելով ասում է՝ բավական է, այլեւս պետք չէ հարկերը բարձրացնել»։ «Հիմա մենք ենք էդ ժողովրդի պես անտեղի ժպտում-ծիծաղում, մենք էլ ենք զարմանում՝ ո՞նց ենք ապրում, ինչի՞ վրա ենք ծիծաղում,- ասում էր մի սպիտակցի։- Հեսա, իբր թե եկել ենք գործի, ամիսներով փող չենք ստանում, էրկու կոպեկ ա, էդ էլ չենք ստանում, հըլը հարցրեք էսօր ի՞նչ ենք կերել…»։ Մի կին խորհուրդ տվեց փողոցների աղբարկղներին ուշադրություն դարձնել. «Ուտելիքի դեն գցած փշրանք անգամ չեք տեսնի։ Գալիս են աղբի փող են հավաքում, ասում ենք՝ մենք աղբ չունենք։ Ասում են՝ «Երեք երեխա ունես, դուք չե՞ք ուտում, աղբ չե՞ք թափում»։ Ասում եմ՝ չէ՛, միայն կարտոֆիլ է, էդ էլ խաշում ենք, կճեպն էլ հետը ուտում։ Հենց փող հավաքելու վախտը գալիս ա՝ վազելով գալիս են, թե՝ տուր, բայց էլ չեն ասում, որ քանի ամիս ոչ թոշակ ենք ստանում, ոչ օգնություն, ոչ էլ գործ կա»։ Պետբյուջեից աղետի գոտու վերականգնման համար «0» գումար է հատկացված, սեփականաշնորհումից ստացվելիք գումարների վրա է հույսը։ Իսկ սեփականաշնորհումից ստացված գումարների վրա հույս դնելն առնվազն անհեթեթություն է։ Այսպիսի պետական վերաբերմունքի պայմաններում 100 տարի հետո էլ աղետի գոտի հասկացությունը չի վերանա, բացի այդ կտեսնենք, որ բնակարանային կամ կենսական պայմաններ ապահովելու, գործազրկության հարց լուծելու կարիքը չկա, որովհետեւ այլեւս մարդ չի մնա։ Մի կողմից՝ արտագաղթը, անօթեւան լինելը, մյուս կողմից՝ սովը։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ