Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 18,2000 00:00

ՊԱՐՏՔԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԳԱ՞ Հայաստանյան պետական պաշտոնյաները պնդում են, թե միջազգային ատյաններում մեր պաշտոնական պատվիրակությունների կատարած աշխատանքն ու արտասահմանյան այցելությունները երբեք չի կարելի գռեհկացնել այն աստիճան, որ դրանց արդյունքները համեմատվեն ֆինանսական միջոցների ծախսումների հետ։ Այսուհանդերձ, փաստ է, որ հիշյալ արտասահմանյան այցելությունները բավական թանկ են նստում Հայկական ավիաուղիների վրա։ Այսպես, վերջերս ՀՀ նախագահը ԱՄՆ մեկնելու համար վայրէջք էր կատարել Ֆրանսիայում եւ արտասահմանյան մի ընկերության ինքնաթիռով շարունակել ճանապարհը։ ՀԱՈՒ-ի ինքնաթիռն ու անձնակազմը նախագահին Ֆրանսիայում սպասել են մեկ շաբաթ՝ վերջինիս Հայաստան վերադարձնելու համար։ Կատարված ծախսերը կազմել են 50-60 հազար դոլար։ Իսկ ընդհանրապես, ՀՀ նախագահի, ԱԺ տարբեր մակարդակների պատվիրակությունների ու կառավարության անդամների արտասահմանյան ուղեւորությունների դիմաց պետությունը ՀԱՈՒ-ին պարտք է շուրջ 700 հազար դոլար։ ԿԱԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱՎ «ԳԽ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության միջոցառմանը, որը մենք նվիրում ենք անկախ Հայաստանի առաջին Գերագույն խորհրդի 10-ամյակին, հրավիրել ենք մասնակցել բոլոր գործիչներին, որոնք այս տասը տարվա ընթացքում եղել են պատգամավոր եւ, հետեւաբար, իրենց լուման ունեն հայկական պառլամենտարիզմի ստեղծման մեջ,- «Առավոտին» ասաց ԳԽ նախկին պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը։- Այդ հանդիպման նախաձեռնողներ Ռուբեն Թորոսյանը, Սամվել Շահինյանը եւ ես շատ կցանկանայինք, որ Երրորդ Հանրապետության առաջին խորհրդարանի տարելիցը նշեն բոլորը, այդ թվում նաեւ՝ ՀՀՇ-ականներն ու ներկա իշխանավորները: Անցյալը իր բոլոր լավով եւ վատով մերն է՝ բոլորինս, ուստի այդ տարելիցի համար մենք չպիտի հավաքվենք տարբեր տեղերում եւ այն նշենք փակ, կուսակցական, խմբակային շրջանակներում»: Հիշեցնենք, որ առաջին խորհրդարանում պրն Իսագուլյանը ՀՅԴ խմբակցության անդամ էր եւ 92-ի հանրահավաքներից մեկում կոչ էր անում կախել այն ժամանակվա իշխանավորներին: ՆՐԲԱՆԿԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՔԱՆԵՐԻ՛ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը «Ջրաշխարհի» բացմանը ներկայացավ, ինչպես միշտ, ուշացումով։ Նման արարողություններից ուշանալը պրն նախագահի մոտ արդեն սովորություն է դարձել։ Հյուրերին՝ ընդհուպ վարչապետը, նախագահը սպասեցրեց նաեւ «Երեւան» հյուրանոցի բացման ժամանակ։ Իսկ շաբաթ օրվա տժտժան արեւի տակ սպասում էին հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ, որոնց փոքր մասը նաեւ նախարարական պորտֆել ունի։ Հետաքրքիր է, որ նախագահը չգայթակղվեց եւ չնետվեց ջրավազան։ Դե, նա նախընտրում է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի լողավազանը։ Հոր փոխարեն «առավոտից երեկո», ինչպես խոստովանեց Ռ. Քոչարյանը, «Ջրաշխարհում» զվարճանում է որդին՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել