Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 15,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Քաղաքական բարեփոխումների եւ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները Սկիզբը թիվ 98, 103, 108, 113, 118 Հայաստանի անցումը ժողովրդավարական համակարգին ունեցել է թե՛ նվաճումներ, թե՛ պարտություններ: Հիմնական նվաճումը կառավարման գործուն քաղաքական ինստիտուտների ստեղծումն է, ինչպես օրինակ Սահմանադրությունը եւ երկրում ժողովրդավարական պետական համակարգի մեխանիզմների հիմնարար դաշտը ձեւավորող օրենսդրությունը: Իր կարճատեւ գոյության ընթացքում, Հայաստանի Սահմանադրությունը ցույց տվեց, որ չնայած քաղաքական համակարգի բոլոր թերություններին եւ քաղաքական ուժերի անտագոնիզմին, նրանք կարողացան լուծել բոլոր այս, հաճախ առճակատվող հարաբերությունները Սահմանադրությամբ սահմանված մեխանիզմների միջոցով: Քաղաքական երեք լուրջ ճգնաժամեր՝ 1996թ. սեպտեմբերին, 1998թ. փետրվարին եւ 1999թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հաղթահարվեցին Սահմանադրությամբ նախատեսված քաղաքական մեխանիզմների օգնությամբ: Երկրի քաղաքական ուժերը աստիճանաբար ավելի մեծ հարգանք են ցուցաբերում Սահմանադրության ոգու եւ տառի նկատմամբ, եւ որքան երկար է գործում այն, այնքան ավելի ուժեղ, գործուն եւ հեղինակավոր քաղաքական ինստիտուտի է վերածվում: Հայաստանի ժողովրդավարության մեկ այլ կարեւոր նվաճում հանդիսացավ ժողովրդավարական հիմնական արժեքների՝ խոսքի, մամուլի ազատության եւ քաղաքական բազմակարծության արմատավորումը: Քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության զարգացումը, ինչպես նաեւ քաղաքական ազատությունների արմատավորումը Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի համար անհնար են դարձնում ավտորիտար ռեժիմի ստեղծումը: Տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ, հատկապես նախընտրական շրջանում, չափազանց մեծ ուշադրություն են դարձնում հասարակական կարծիքի վրա: Կարելի է համոզված լինել, որ ժողովրդավարությունը ուժեղ հիմքեր է սերմանել Հայաստանում: Այնուամենայնիվ, լրջագույն խնդիրները չեն վերացել: Երկարատեւ ժողովրդավարական ավանդույթների բացակայության, ինչպես նաեւ ընտրական մեխանիզմների թերությունների պատճառով, իշխանության համար պայքարը երբեմն վերածվում է անազնիվ խաղի: Ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ անօրինականություններ, ինչպես օրինակ ընտրողների կաշառում, գործադիր տարբեր օղակների միջամտություն եւ քվեարկության արդյունքների կեղծում: Հայաստանի քաղաքական դժբախտություններից մեկն այն է, որ քաղաքական ուժերը ծայրաստիճան դժկամությամբ են հրապարակայնորեն ընդունում իրենց պարտությունը ընտրություններում: Այս հանգամանքը միայն մասնակիորեն կարող է բացատրվել ընտրական գործընթացների ամբողջականության նկատմամբ կասկածամիտ վերաբերմունքով, եւ ավելի բխում է մշակութային, հոգեբանական եւ քաղաքական տարբեր գործոնների փոխազդեցությունից: Օրինակ, նույնիսկ 1991թ. Տեր-Պետրոսյանի եւ 1999թ. «Միասնության» ակնհայտ բացարձակ հաղթանակը կասկածի տակ առնվեց պարտված ուժերի կողմից: Ընտրությունների արդյունքներում հակառակորդների միջեւ փոքր տարբերության դեպքում ընտրության արդյունքների ընդունման ժխտումը որոշ դեպքերում հանգեցրեց ընտրված իշխանությունների օրինականության նկատմամբ զանգվածային կասկածանքի, իսկ մի դեպքում էլ ընդհուպ մինչեւ պարտված թեկնածուի համախոհների կողմից խորհրդարանի վրա վայրագ հարձակման (1996թ. սեպտեմբերի 25): Սրա պատճառով, հասարակությունում ստեղծվել է անվստահության մթնոլորտ, վարկաբեկվել են պետական ինստիտուտները, որոնք շատերի կարծիքով լեգիտիմության պակաս ունեն: Սա, իր հերթին, բացասաբար է ազդում ժողովրդավարական ընտրությունների միջոցով քաղաքական փոփոխությունների հնարավորության նկատմամբ ժողովրդի հավատի վրա: Ընտրողների ճնշող մեծամասնության աջակցությունը վայելող Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի սպանություններն էլ ավելի խորացրին ժողովրդի հիասթափությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ: Այնուամենայնիվ, այսօր Հայաստանի քաղաքականության կարեւորագույն խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում, երկրում ամբողջական գործադիր իշխանության վերականգնումն է: Միայն երկիշխանության հաղթահարումից եւ Հայաստանում նորից գործունակ կառավարություն ունենալուց հետո, կարելի է մտածել տնտեսական բարեփոխումների առաջընթացի եւ կենսական նշանակության հիմնախնդրի՝ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ: Վերջինիս լուծումը Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների կողմից դիտվում է որպես նախապայման երկրում տնտեսության զարգացման, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման եւ ժողովրդավարության ուժեղացման գործում: Այս ընդհանուր համակարծիքությունը կարող է համարվել խոշոր առաջընթաց, եթե հիշենք ավելի քան երկու տարի առաջ տիրող իրավիճակը, երբ միայն Տեր-Պետրոսյանի վարչակազմն էր պաշտպանում այդ տեսակետը: Մեկ այլ հուսադրող ձեռքբերում է հանդիսանում այն, որ Ղարաբաղի ղեկավարությունը, որպես բանակցությունների հիմք, պաշտոնապես ընդունել է հակամարտության խնդրի լուծման Մինսկի խմբի ծրագիրը: Այս հանգամանքը՝ հասարակությանը համոզելու առումով, Քոչարյանին տալիս է զգալի առավելություն՝ խաղաքարտ, որը երբեւէ չի ունեցել Տեր-Պետրոսյանը: Սակայն, սա ամենեւին չի նշանակում, որ խնդրի լուծումը երաշխավորված է: Առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության լուծման Քոչարյանի ցանկությունը բավական կասկածելի է: Երկրորդ, եթե նույնիսկ նա իսկապես տրամադրված է լուծել հակամարտությունը, նա կունենա հսկայական դժվարություններ: Հակամարտության լուծումը պահանջում է լուրջ փոխզիջումներ Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից: Հայաստանում կամ Ղարաբաղում ցանկացած իշխանավոր, որը պատրաստվում է գնալ փոխզիջումների, կհանդիպի կատաղի ընդդիմության, հատկապես հաղթանակած եւ քաղաքական հզոր ուժ հանդիսացող զինվորական վերնախավի կողմից: Օրինակ, Ղարաբաղում նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից Մինսկի խմբի առաջարկի ընդունումը առաջացրեց Ղարաբաղի բանակի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի հզոր ընդդիմությունը, որը մեղադրում էր նրան Ղարաբաղը ծախելու մեջ: Ղուկասյանին հաջողվեց հաղթահարել Բաբայանի դիմադրությունը եւ, Հայաստանի զինվորական վերնախավի միահամուռ աջակցությամբ (Բաբայանի մշտական միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը զայրացրել էր Երեւանին), անհնազանդ գեներալին ազատել պաշտոնից: Այս մոդելը չի կարող կիրառվել բուն Հայաստանում, որտեղ զինվորական վերնախավը, Հանրապետական կուսակցության մեծամասնություն կազմող խմբակցության եւ պատերազմի վետերանների «Երկրապահ» միության շնորհիվ, ավելի հզոր ինքնուրույն քաղաքական դիրք է գրավում: Զինվորական վերնախավին հարող քաղաքական կուսակցությունների դերը, որոշ չափով, հակասական է: Մի կողմից, նրանք պետությանը մեծապես նվիրված մարդիկ են եւ իրենց հայրենասիրությունը ապացուցել են ռազմի դաշտում: Նրանք վճռորոշ դեր են խաղացել մի շարք քաղաքական ճգնաժամերի ժամանակ, նպաստելով դրանց կարգավորմանը՝ 1996թ. սեպտեմբերին սահմանադրական կարգը պահպանելու, 1998 թ. կառավարման շարունակականությունը ապահովելու, իշխանությունը կորցնելուց հետո ՀՀՇ-ի դեմ ճնշումը կանխելու, երկրում լարվածության թուլացման նպատակով 1999թ. Դեմիրճյանի հետ դաշինք կազմելու, 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանություններից հետո բանակի անհապաղ գործողությունների շնորհիվ քաոսային իրավիճակը կանխելու գործում: ՀՀՇ-ի իշխանության անկումից հետո, խոշոր քաղաքական միություններ ստեղծելու եւ այլընտրանքայնության սկզբունքի վրա հիմնված ընտրական օրենսգիրք ընդունելու միջոցով, նրանց հաջողվեց կանխել քաղաքական վերնախավի մասնատումը: Մյուս կողմից, նույն ագրեսիվ հայրենասիրությունը ստիպում է նրանց ընդդիմանալ Ղարաբաղի հարցի կարգավորմանը տարածքային զիջումների միջոցով. տարածքներ, որոնք գրավվել են նրանց բազմաթիվ զինակիցների արյան գնով: Ահա թե ինչու նրանք մերժեցին Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում: Այսօր նրանք նույն անհանդուրժողական դիրքն են գրավել եւ երկրի ներսում հանդիսանում են ամենալուրջ խոչընդոտը Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործում: Զինվորական վերնախավի նման իրարամերժ դերը եւ անհամաչափ մեծ ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում հանդիսանում է երկրի ազգային անվտանգության դեմ աշխարհաքաղաքական հսկայական սպառնալիքների բնական հետեւանք եւ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի կան այդ սպառնալիքները: Միայն զինվորական վերնախավի կողմից Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման քաղաքական ծրագրի ընդունման պատրաստակամությունը հայկական կողմի համար հնարավոր կդարձնի այդ ծրագրի իրականացումը: Մինչդեռ, այսօր իշխող մեծամասնության բացասական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում փոխզիջումների շուրջ, միայն մեծացնում է հակամարտության կարգավորման խոչընդոտները: Մյուս կողմից էլ, փոխզիջումների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության արագ լուծման նկատմամբ ընդդիմությունը էլ ավելի է մեծացնում այդ սպառնալիքները, այսպիսով ստեղծելով արատավոր շրջան, որի հարթման համար գոյություն ունեն երկու հնարավոր ուղիներ: Նախագահը կարող է օգտագործել իր սահմանադրական լիազորությունները բանակի կազմակերպված քաղաքական ներգործությունը թուլացնելու համար՝ զինվորական անձնակազմի փոփոխության եւ ազդեցիկ գեներալների հետ սեպարատ քաղաքական գործարքների միջոցով, որը անհամաձայնությունների ալիք կբարձրացնի արդեն իսկ ոչ այնքան համերաշխ մեծամասնության շարքերում: Սակայն, եթե նույնիսկ այս քաղաքականությունն աշխատի, որը դեռեւս խնդրահարույց է թվում, նախագահը վտանգի տակ կդնի ոչ միայն զինվորականների քաղաքական կամքը, այլ նաեւ կարող է հակասությունները բերել բանակի համար կենսական նշանակության կառույցների եւ հրամանատարության մեջ, որով կթուլացնի բանակի մարտունակությունը: Նման մեղքի համար Հայաստանում ոչ մի քաղաքական գործիչ ներում չի գտնի: Մեկ այլ տարբերակ է հանդիսանում որեւէ առաջնորդի կամ թիմի հայտնվելը, որը՝ 1) ի վիճակի կլինի շահել զինվորական վերնախավի հարգանքն ու վստահությունը, 2) կլինի բավականաչափ ուժեղ եւ հեղինակավոր՝ զինվորականներին քաղաքական դժվարին որոշումների ընդունումը պարտադրելու համար, 3) կվայելի քաղաքացիների լիարժեք աջակցությունը: Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքը ճիշտ այդպիսի թիմ էր, որը կարող էր խաղաղության պայմանագիրը ներկայացնել թե՛ հասարակությանը, թե՛ բանակին: Ցավոք, նախագահ Քոչարյանի ներկա վարկանիշը չափազանց ցածր է եւ նա բավականաչափ հարգանք չի վայելում բանակում: Քոչարյանի հանդեպ զինվորական վերնախավի անվստահությունը զգալիորեն նվազեցնում է երկրում երկիշխանության խնդրի եւ ղարաբաղյան հակամարտության լուծման նրա հնարավորությունները: Նրա հիմնական ուժը այս պահին կենտրոնացած է այն փաստի շուրջ, որ նրան այլընտրանք չկա: «Միասնության» առաջնորդների սպանությունից հետո, դաշինքում չկան հզոր եւ խարիզմատիկ առաջնորդներ, որոնք կարող են մարտահրավեր նետել Քոչարյանին՝ որպես նախագահության հնարավոր թեկնածուներ: Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, որն այժմ նախագահում է հոր հիմնադրած ՀԺԿ-ն եւ ցնցում է հասարակությունը՝ հորը նմանությամբ, վայելում է որոշակի ժողովրդականություն Կարեն Դեմիրճյանի ընտրազանգվածի շրջանում: Սակայն, թե՛ նա, թե՛ «Միասնության» մյուս նորահայտ առաջնորդ Արամ Սարգսյանը նոր դեմքեր են քաղաքականությունում եւ բավականին երկար քաղաքական գործունեություն պիտի ծավալեն, որպեսզի հնարավոր լինի դատել նրանց հմտությունների եւ հնարավորությունների մասին: «Միասնության» ներսում խոսակցություններ են վարվում նախագահության հնարավոր թեկնածուների շուրջ, չնայած ներկա պահին հստակ նախապատվություն գոյություն չունի: Քաղաքական վերլուծաբանները գտնում են, որ անկախ այն բանից, թե «Միասնությունից» այս պահին ով հանդես կգա որպես նախագահական թեկնածու, ամենայն հավանականությամբ, նա կհանդիսանա ժամանակավոր մարիոնետ՝ Քոչարյանին հեռացնելու եւ գործադիր իշխանության ամբողջականությունը վերականգնելու համար: ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ (Շարունակելի) Վերլուծությունը գրվել է 2000 թվականի մարտին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել