Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 15,2000 00:00

ՄԵՐ ՏԱՐԻՆԵՐԸ՝ ՆՐԱՆՑ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ Հայերս հաճախ ենք ամենատարբեր առիթներով Հայաստանը նմանեցնում Շվեյցարիային։ Այս երկիր կատարած այցելությունից հետո համոզվեցի, որ իսկապես համեմատելու եզրեր կան։ Երկու երկրներն էլ գտնվում են լեռնային գոտում, սակայն, ի տարբերություն Հայաստանի, Շվեյցարիայի լեռները ծածկված են խիտ անտառներով ու փարթամ բուսականությամբ։ Եվ մեր միակ Սեւանա լճի ու մի քանի մանր լճերի փոխարեն, Շվեյցարիան հարուստ է բազմաթիվ լճերով։ Հայաստանի սարսափելի աղտոտված մթնոլորտի փոխարեն Շվեյցարիայի տարածքը համարվում է էկոլոգիապես գերմաքուր գոտի, որի շատ հատվածներ գրանցված են Գրիմփսի գրքում։ Այսքանով հանդերձ, շվեյցարացիները չեն բավարարվում բնության տված անսահման կանաչով եւ ցանկացած տան յուրաքանչյուր պատուհանին դեկորատիվ ծաղիկներ են աճեցնում։ Իսկ իրենց ծննդյան փուչ օրից ջրի երես չտեսած Երեւանի փողոցները հաստատ կնախանձեն Շվեյցարիայի ցանկացած փողոցի, որն օրվա մեջ 2 անգամ (առավոտյան եւ երեկոյան) լվացվում է խոզանակով ու օճառաջրով։ Հայաստանի նման լեռնային գոտի ունեցող Շվեյցարիան, սակայն, երբեք չի տրտնջացել իր աշխարհագրական դիրքից, ռելիեֆից եւ, ամենակարեւորը՝ բախտից։ Լոզան քաղաքն, օրինակ, ամբողջությամբ լեռների վրա է, այնտեղ հարթ փողոց գրեթե չես գտնի, սակայն այդ լեռնոտ հատվածների վրա անգամ այնպիսի շենքեր ու շինություններ են կառուցել, որ միայն կարելի է զարմանալ դրանց հարմարավետության վրա։ Ընդամենը 7,5 միլիոն բնակչություն ունեցող Շվեյցարիայում 75000 գրանցված միլիոնատեր կա, 250 գրանցված միլիարդատեր։ Ի դեպ, վերջին տարիներին հատկապես աշխարհահռչակ աստղերը նախընտրում են ապրել հենց Շվեյցարիայում։ Պահպանողական սկզբունքներին հավատարիմ ժողովուրդը անհանգստության պատճառներ չի ստեղծում աստղերի համար։ Պահպանողական լինելով հանդերձ ու իսկապես սրբորեն պահելով ու պահպանելով ավանդույթներն ու պատմական հուշարձանները, շվեյցարացիները նախանձելի առաջադիմության են հասել։ Հյուրանոցը, որտեղ մենք իջեւանել էինք, 19-րդ դարի շինություն էր։ Հյուրանոցի տնօրինությունը ժամանակակից հարմարավետության առումով հյուրանոցը հասցրել էր 4 աստղանիի մակարդակի, պահպանելով սակայն այդ դարին հարազատ մթնոլորտը։ Միջանցքներն ու սենյակները կահավորված էին անցած դարի կամ դարասկզբի կահույքով, պատերին փակցված էին մնացել այդ դարի ոճով պատրաստված հայելիներն ու լապտերները, վերելակն անգամ, այսպես ասած, «ձեռքով աշխատացնովի էր»։ Ի տարբերություն Շվեյցարիայի, մենք լավագույն ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու փոխարեն զարգացնում ենք մեր վատ սովորույթներն ու ընդօրինակում օտարների թերությունները՝ անունը դնելով ազատություն ու առաջադիմություն։ Թերեւս, կհամաձայնեք, որ «Երեւան» հյուրանոցը լավագույն տարբերակն էր՝ ազգային ավանդույթները պահպանելու եւ իտալացիների ներդրումներով առաջընթացն ապահովելու համար։ Պահպանողականության կամ, ավելի շուտ, հարգանքի դրսեւորում է ծերերի նկատմամբ բացառիկ վերաբերմունքը։ Այս երկրում «ավագ սերունդ» արտահայտության փոխարեն նախընտրում են «3-րդ տարիք» արտահայտությունը։ Բնականաբար, դա ապահով երկրի սոցիալական վիճակի արտահայտություն է, որ, իրենց խոսքերով ասած, «3-րդ տարիքի» մարդիկ իսկապես վայելում են (բառիս ամենալայն իմաստով) իրենց վաստակած հանգիստը։ Սակայն, հաստատ մեր ավագ սերունդն արժանի չէ այն ծերությանը, որ հիմա քարշ է տալիս։ Ասեմ նաեւ, որ «3-րդ տարիքն» էլ չափազանց բարեհամբույր էր երիտասարդների նկատմամբ։ Երիտասարդ զույգերին գրկախառնված կամ համբուրվելիս տեսնելիս, մերոնց անեծքների ու ամոթանքների շարանի փոխարեն, հաճելի ժպտում են։ Ասեմ, որ այդ հարցում «3-րդ տարիքը» հետ չի մնում ջահելներից. նախանձել կարելի է ռեստորաններում, զվարճանքի եւ ժամանցի վայրերում զվարճացող ծերունի զույգերին։ Այդ տարիքում մեր խեղճ ու կրակ ծերունիները միայն մի «զբաղմունք» ունեն՝ նստած սպասել մահվան։ Օրենքների ընդունման առումով հատկապես տարբերվում ենք. որեւէ օրենք ընդունելիս կամ անգամ օրենքում փոփոխություններ կատարելիս այն դրվում է համաժողովրդական հանրաքվեի։ Պատկերացնում եք, չէ՞, օրական փոփոխվող օրենքների մեր այս շղթայում քաղաքացին (ակտիվության դեպքում) կամ ընտրատարածքից տուն չպիտի գար կամ էլ, որ ավելի ռեալ է՝ մեկ-երկու անգամ հանրաքվեի գնալուց հետո «զահլեն» կփախներ։ Ամեն տեսակ պատերազմներից ապահովագրված Շվեյցարիան հայտնի է նաեւ իր բացառիկ բանակով։ 18 տարին լրացած յուրաքանչյուր տղամարդ, մինչեւ 45 տարին լրանալը, ամեն տարի 2 շաբաթով մեկնում է զինվորական ծառայության (այլ խոսքով ասած՝ բանակ է գնում)։ Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը եւ աշխատավարձը։ Յուրաքանչյուր չափահաս տղամարդ այս երկրում զինվոր է ու դա իր «կաշվի վրա» զգում է ամեն տարի։ Մեր՝ ամեն վայրկյան պատերազմի վտանգի առջեւ կանգնած Հայաստանում զինվորական ծառայության տղամարդիկ մեկնում են ընդամենը մեկ անգամ, այն էլ պետության ամենախեղճ ու քաշված քաղաքացիները։ Կարծում եմ, առանձնապես վառ երեւակայություն պետք չէ ունենալ, պատկերացնելու համար, թե ինչ կկատարվեր Հայաստանում, եթե Շվեյցարիայի այս օրենքը գործեր նաեւ մեզ մոտ։ Էդ ո՞վ պետք է համարձակվեր զինակոչի տարիքի որեւէ «երկրապահի», պատգամավորի կամ նախարարի 2 շաբաթով բանակ տանել։ Նմանություններ ու տարբերություններ իսկապես շատ կան Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ։ Սակայն, կարծում եմ, ամենամեծ տարբերությունն այն է, որ անկախ աշխարհագրական դիրքից, ռելիեֆից, հարեւաններից, Շվեյցարիան պետություն է կառուցել (այն էլ բացառիկ), իսկ 5000 տարվա գոյության մասին հայտարարող Հայաստանը ամբողջ կյանքում տրտնջացել է ճակատագրից ու չար բախտից եւ այդպես էլ պետություն չի ստեղծել։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել