Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 15,2000 00:00

Տա-րա՜ն, տա-րա՜ն Մի հսկայական բեռնատար էր երեկ կանգնած Ազգային ակադեմիայի գրադարանի մուտքի մատույցներում։ Ժրաջան բանվորները գրքեր էին բարձում՝ ոստիկանների անմիջական հսկողության ներքո։ Ինչպես հետո պարզվեց, Գերմանիա են ուղեւորվում 47 թվականից ի վեր Հայաստանում գտնվող, սակայն գերմանական ծագման մոտ 18.000 գրքեր։ Սրա նախապատմությունը հայտնի է, բայց նորից ենք ներկայացնում այնպես, ինչպես ներկայացրեց վերոնշյալ գրադարանի տնօրեն Անրի Ներսիսյանը։ 1947 թ.-ին Լենինգրադից Հայաստան որպես նվիրատվություն ուղարկվում է մոտ 50 հազար կտոր գիրք, որոնք կողոպտված էին գերմանական գրադարաններից։ Նմանատիպ գրքեր էին ուղարկվել նաեւ մյուս խորհրդային հանրապետություններին։ Քանի որ գրքերն ընտրողները ակադեմիկոսներ մաթեմատիկոս Շահինյանն ու բուսաբան Արմեն Թախթաջյանն էին, Հայաստան ուղարկված գրքերը բնագիտական ուղղվածություն ունեին։ Երկուսուկես տարի առաջ այդ ֆոնդի ձեռագրերի մի մասն ուղարկվեց Գերմանիա։ Հրապարակումներ եղան, որ ուղարկված ձեռագրերի մեջ են նաեւ Մոցարտի, Բախի, Գյոթեի ձեռագրերը, սակայն ինչպես պրն Ներսիսյանն ասաց. «Դա ձեր՝ թղթակիցներիդ, հորինածներն են»։ Թե ո՛ր պայմանագրի հիման վրա են հանձնվում այդ գրքերը, գրադարանի ոչ մի աշխատակից՝ ներառյալ տնօրենը, չգիտի։ «Ունի՞ սա իրավական հիմք, թե ոչ, իմ գործը չէ. իմ վերադասը՝ Ֆադեյ Տաճատիչը, մեկ տարի առաջ հատուկ գրությամբ խնդրեց գտնել այդ գրքերը, պահեստավորել եւ հանձնել գերմանացիներին», ինչը եւ երեկ փութաջանորեն արվում էր։ Գերմանական ձեռագրերի առաջին խմբաքանակն ուղարկելուց հետո բանաստեղծ Ավ. Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, աղմուկ բարձրացրեց, թե ուղարկված եւ ուղարկվելիք գրքերը գերմանական գրադարանների կնիքներով չեն եւ դրանց մի մասն էլ իր պապի՝ գրադարանին նվիրած գրքերն են։ Գրադարանի տնօրենն ասաց, որ հանձնաժողով է կազմվել Ավիկ Իսահակյանի մասնակցությամբ, որն էլ ուսումնասիրել է բոլոր 18.000 ուղարկվելիք գրքերը եւ պարզել, որ միայն 2-ն են թյուրիմացաբար հայտնվել ֆոնդում։ Հետաքրքիր է, որ 60-ականներից մինչ օրս այդ գրքերի միայն 1 տոկոսն է օգտագործվել, քանի որ գիտական լուրջ եւ նոր արժեք չունեն։ Գրադարանի տնօրենի կարծիքով՝ «Գողացածը, կողոպտածը պետք է առանց նախապայմանների վերադարձվի տերերին, որոնք այս դեպքում գերմանացիներն են»։ Այս ամենի փոխարեն գերմանացիները գրադարանին տեխնիկա են նվիրել եւ խոստացել մեր գրադարանները միացնել եվրոպական գրադարանային ցանցին։ Ինչպես արդեն նշեցինք, այս կարգի գրքեր ստացել էին նաեւ այլ հանրապետություններ, որոնցից դրանք վերադարձրել են Գերմանիային միայն Վրաստանն ու էլի մի հանրապետություն։ Պրն Ներսիսյանը համոզված էր, որ ՌԴ նախագահ Պուտինն էլ կվերադարձնի գրքերը։ Իսկ մինչ այդ մեր, ավելի ստույգ՝ արդեն ո՛չ մեր, գրքերը մոտ օրերս կուղեւորվեն հայրենի Գերմանիա։ Սակայն կարեւորը դա չէ, այլ այն, որ մեր համառ փորձերին՝ ինտեգրվել Եվրոպային, համարժեք արձագանք ենք ստանում. մեզ կոմպյուտերներ եւ փոշեկուլներ են ուղարկում։ Արդեն ասացինք՝ ինչի դիմաց։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել