Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 15,2000 00:00

«ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՅՆ ՉԷ» Հիշեցում. առանց մեկնաբանությունների Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի տարբեր առիթներով հայտնած տեսակետները հոկտեմբերի 27-ի վերաբերյալ նշանակալից եւ ուշագրավ են հատկապես այսօր։ Ընդսմին, չենք կարծում, թե այն հանգամանքը, որ Նաիրի Հունանյանը եւ իր հանցակիցներն ինչ-որ ցուցմունքներ են տալիս կամ հրաժարվում դրանցից՝ որեւէ կերպ փոխում են այս մեջբերումներից ծնված հարցականների էությունը։ «Ուչաստկովին» եւ նրա վճռականությունը 19 նոյեմբերի 1999 թ. նախագահի հարցազրույցը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին. «Ահաբեկչությունը կատարող անձինք ձերբակալված են լրիվությամբ։ Եվ կա մի շրջանակ, որոնք մասնակցել են, օգնել են, ուղղակի կամ անուղղակի, ինչ-որ զենք ձեռք բերելու, գումարներ հայթայթելու հարցում եւ այլն։ Մոտ 10-11 մարդ ձերբակալված են։ Եվ չբացահայտել այդ գործը ուղղակի հնարավոր չէ։ Ես ուղղակի չեմ տեսնում, թե ոնց չպետք է բացահայտվի այդ գործը։ Մարդիկ ձերբակալված են, կատարողները ձերբակալված են, ապացույցները կան, ամեն ինչ շատ բաց էր արված։ Եվ եթե դուք փորձեք շփվել քննչական մարմինների հետ, մարդկանց հետ, որոնք քննության հետ որեւէ կապ ունեն, ապա կասեն, որ նույնիսկ, այսպես ասենք, գյուղի (հիմա մենք չունենք, բայց…) ուչաստկովին այս գործն ի վիճակի է վճռականության դեպքում բացել։ Ես չեմ պատկերացնում, որ 10 հոգի կարող են թաքցնել, չասել, թե ով է իրենց սովորեցրել, ով է իրենց դրդել, ինչի համար սա կատարվեց։ Նույնիսկ մեկ մարդ ձերբակալված լիներ եւս, եթե դա կարեւոր, առանցքային անձ էր այդ կատարողների մեջ, նա կասեր։ Համոզված եմ, եւ դրա համար նաեւ ես ամեն ինչ արեցի այդ գիշեր, որպեսզի ոչ մեկը չսպանվի, ուղղակի ապահով հանձնվեն իրավապահ մարմիններին։ Որովհետեւ գիտեի նաեւ, որ դրանից հետո ինչպիսի կասկածամտության մթնոլորտ կձեւավորվեր երկրում, եթե հանկարծ ահաբեկիչները սպանվեին օպերացիայի ժամանակ»։ 21 դեկտեմբերի 1999 թ. նախագահի հանդիպումը լրագրողների հետ. «Շարժառիթների, դրդողների, կազմակերպիչների մասին դժվար է գնահատել, թե ինչ կարգի երկարատեւ աշխատանք է պահանջվելու։ Որովհետեւ այստեղ անպայման նաեւ սուբյեկտիվ գործոններ են լինելու։ Ենթադրությունների բավական մեծ բազա է լինելու։ Ահաբեկիչների պահվածքից է մեծ բան կախված. ինչ ցուցմունքներ կտան, քանի անգամ կփոխեն, ինչ ուղղությամբ կփորձեն իրենք նախաքննությունը տանել եւ այլն»։ «Ես կարծում եմ, որ Նաիրի Հունանյանը շարունակում է այն սեւ գործը, որը արեց։ Մյուս կողմից՝ երբ մտածում ես, որ նա գնացել է նման քայլի, ինչո՞ւ պիտի հանկարծ ճանապարհի կեսին կանգ առնի…»։ 20 ապրիլի 2000 թ. նախագահի բացառիկ հարցազրույցը ՀԱՀ-ին. «Ինձ մեղադրում են, որ ինչու ես ամբողջ նախաքննական գործընթացի վրա ավելի լուրջ վերահսկողություն չեմ սահմանում։ Այստեղ, ես կարծում եմ, իսկապես նման մեղադրանք կարելի է ուղղել նախագահին, բայց ես դա չէի անում եւս հասկանալի, զուտ քաղաքական պատճառներով։ Իհարկե, հիմա, անկասկած, ես շատ ավելի լուրջ ուշադրություն եմ դարձնելու այս գործընթացին եւ քննչական խմբի գործունեությանը»։ Անպատասխան հարցադրումներ 12 հունվարի 2000 թ. զինդատախազի երկրորդ ասուլիսը. «Գիտակցելով սույն քրեական գործի նախաքննության օբյեկտիվության նկատմամբ հասարակության, լրատվամիջոցների, քաղաքական ուժերի շահագրգռվածությունը, քննչական եւ օպերատիվ-հետախուզական խմբի անունից կոչ եմ անում ձեզ արհեստականորեն չլարել ներքաղաքական մթնոլորտը, նպաստավոր պայմաններ ստեղծել գործի լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։ Մեր կողմից երաշխավորում եմ, որ նախաքննությունը կատարվում է Սահմանադրության, գործող օրենքների ոգուն եւ տառին խստագույնս համապատասխան։ Միաժամանակ վստահեցնում եմ, որ քննչական եւ օպերատիվ հետախուզական խումբը լի է հանցագործության բացահայտումը մինչեւ վերջ հասցնելու վճռականությամբ»։ 10 մարտի 2000 թ. զինդատախազի 3-րդ ասուլիսը. «Մեկ վերապահում, գուցե թե եւ շատերին հիասթափեցնող։ Քաղաքական մերկացումներ չեն լինելու։ Թե քննչական, թե օպերատիվ-հետախուզական խմբերը եւ թե ես կոչված չենք քաղաքական խնդիրներ լուծել»։ «Այժմ հանրության դատին եմ ներկայացնում ավելի քան 4 ամսվա նախաքննության արդյունքների վրա կառուցված քննչական խմբի մի քանի եզրակացություններ… Նախ, Նաիրի Հունանյանը եւ իր անմիջական հանցակիցները գործել են մենա՞կ, թե՞ նրանց գործողությունները ուղղորդված կամ, որ ավելի վատ է՝ ծրագրավորված են եղել դրսից։ Նրանք պե՞տք է իրականում օժանդակություն ստանային, թե՞ ոչ։ Կամ այդպիսի օժանդակություն նրանց խոստացվա՞ծ էր, թե՞ ոչ։ Այդ հանցագործությամբ քաղաքական, իշխանափոխության նպատակներ հետապնդվե՞լ են, թե՞ ոչ։ Հանցագործության անմիջական կատարողները չեն թաքցրել իրենց ինքնությունը (դեմքերը, իրենց ով լինելը), ավելին, դա հրապարակվել է իրենց կողմից։ Սպանությունները կատարելուց անմիջապես հետո չեն դիմել փախուստի կամ փախուստի փորձ իսկ չեն ձեռնարկել, երբ առնվազն դեպքից հետո 15-20 րոպեի ընթացքում նման իրական հնարավորություն ունեին (ոստիկանության առաջին ուժերն ԱԺ տարածք մուտք են գործել 17։25-ից 17։30-ի սահմաններում)։ Նաիրի Հունանյանն ԱԺ դահլիճում գործունեության մշակված հստակ ծրագիր է ունեցել։ Եվ իր ցուցմունքների համաձայն, իրեն խոստացված է եղել այդ ծրագրի իրականացումը (ցուցմունքներն անտեսենք, սակայն Նաիրի Հունանյանն ԱԺ նիստերի դահլիճում ճիշտ ներքոշարադրյալ գործողություններն էր ծավալում կամ փորձում ծավալել- Ա. Ի.)։ Նա ԱԺ շենքի շուրջ հավաքվելու կոչով պետք է դիմեր ժողովրդին։ Պետք է դահլիճ հրավիրեր հանրապետության նախագահին, որը ճնշման տակ նրան պետք է նշանակեր ժամանակավոր կառավարության ղեկավար։ Ձեռքի տակ պատրաստ ունեցել է այն օրենքների եւ որոշումների նախագծերը, որոնք պետք է ընդուներ ԱԺ-ն, եւ այսպես շարունակ։ Քննությամբ ձեռք բերված տվյալներն ապացուցում են, որ դեպքից հետո մի քանի ժամ Նաիրին եւ իր համախոհները հստակ սպասել են դրսից ինչ-որ ուժերի օժանդակության (սա դեպքի հաջորդ օրերին իսկ հաստատում էին նիստերի դահլիճում գտնվողները- Ա. Ի.), հանձնվելու միտումները նրանց մոտ դրսեւորվել են միայն այդ սպասումները չարդարանալուց հետո։ Եթե ոչ մի ուժ չէր ուղղորդում կամ աջակցում Նաիրի Հունանյանին, ապա նա ո՞ւմ պատվերով էր կանխամտածված սպանում նաեւ Կարեն Դեմիրճյանին։ Չէ՞ որ ոչ Կարեն Դեմիրճյանը, ոչ էլ նրա քաղաքական հենարանը, Նաիրի Հունանյանի բառերով, ոչ մի ընտրության չի խոչընդոտել եւ ոչ էլ վերջին տարիների թալանին է մասնակցել։ Իսկ որ Կարեն Դեմիրճյանին կանխամտածված են սպանել՝ դիտել եք այդ ապացուցող հայտնի տեսաժապավենը։ Ուրեմն, իրոք, այս հանցագործությամբ իշխանությունը զավթելու խնդիր էր լուծվում»։ 6 հուլիսի 2000 թ. զինդատախազի բացառիկ հարցազրույցը «ՀՀ»-ին. «Նաիրի Հունանյանն իր վերջին ցուցմունքներում ընդունում է, որ հանցագործության մտահղացումը լիովին իրենն է, եւ ոչ ոք իրեն չի հանձնարարել այդ արարքի կատարումը։ Թե ինչ կպարզվի գործի դատական քննության ընթացքում, կտեսնենք»։ Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Իր վերջին ասուլիսում Գագիկ Ջհանգիրյանը փոքր-ինչ հեգնանքով ասել էր. «Ընդհանրապես, այս երկրում ոչ մի բան էլ այն չէ, պետք է նոր դատարան, նոր դատախազություն եւ էլի ինչ-որ նոր բաներ ստեղծել եւ նոր ձեռնամուխ լինել այս գործի նախաքննությանը եւ դատաքննությանը»։ Այս բնորոշումը գնալով դիպուկ է թվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել