Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 15,2000 00:00

Վարդան Օսկանյանը Արտգործնախարարը՝ հավանաբար, մտածելով, որ ժողովուրդն այլեւս մնացած իշխանավորների խոստումներին չի հավատում, որոշեց ինքը խոստանալ եւ հայտարարեց, թե 2001 թվականին Հայաստանի տնտեսության մեջ լուրջ բեկում է մտնելու: Լոս Անջելեսի մեղմ կլիմայական պայմաններից հետո հայաստանյան բազմաթիվ շոգ ամառների ազդեցության տակ պրն Օսկանյանը, հավանաբար, վարակվել է խորհրդահայկական մտածելակերպով: Հիշեցնենք, որ Խրուշչովը 1980-ին խոստանում էր կոմունիզմ կառուցել, Գորբաչովը՝ 2000-ին՝ բոլորին ապահովել բնակարաններով, իսկ Քոչարյանը՝ 2001-ին՝ վերականգնել աղետի գոտին: Հայ գրողները Գրչի վարպետներ Վահան Վարդանյանը, Ռաֆայել Նահապետյանը, Ռոմիկ Սարդարյանը, Արտաշես Ղազարյանը, Վահան Թամարյանը եւ Վահան Տեր-Ղազարյանը անցած շաբաթ իրենց ողջ ինտելեկտը ի սպաս դրեցին իրենց շեֆին՝ Աբգար Ափինյանին, «Առավոտից» պաշտպանելու գործին եւ հայհոյական նամակ ուղարկեցին խմբագրությանը: «Ուրեմն իմացեք,- գրում են սույն մտավորականները,- եթե ընտանիքի պլանավորումը ճիշտ հունով սկսվեր տարիներ առաջ, եւ անցանկալի ծնունդներ չլինեին, «Առավոտը» չէր լինի»: Պետք է, իհարկե, ներողամտությամբ վերաբերվել աբգարականների ստեղծագործական մտքի արգասիքներին՝ հասկանալով, որ դրանք ծնվում են ամառային կիզիչ արեւի (եւ այլ տաքացուցիչների) բարձր «գրադուսի տակ»: Ծիրանը Ամենահայկական միրգը, չունենալով իր ոլորտի «Գրանդ Տոբակոն» կամ «Պեռնո Ռիկարը», մատնված է գրեթե կատարյալ անտարբերության: Գյուղացիների համար ծիրանի առատ բերքը իսկական աղետ դարձավ, եւ նրանք ստիպված եղան վաճառել միրգը անիմաստ գնով կամ ընդհանրապես թափել այն: Մինչդեռ ուղեղի ոչ տիտանական լարումով կառավարությունը կարող էր շահագրգռել տեղացի եւ արտասահմանցի գործարարներին՝ Արեւմուտքում բարձր պահանջարկ ունեցող այս ապրանքը վաճառելու համար: Թե՛ բիզնեսմենները գոհ կմնային, թե՛ պետությունը եւ թե՛ գյուղացիները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել