Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 14,2000 00:00

Բանտը լուսավորելու համար Մեր մեծ ժամանակակից, քայլող համեստություն Գրիգոր Խաչատրյանը երեկ հերթական անգամ տրվեց որպես մրցանակ։ Այս անգամ մրցանակակիրը Աշոտ Բլեյանն էր, որի դատավարությունը երեկ շարունակվում էր ձգձգվել Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանում։ Մինչ ինքնահանձնումը՝ զրուցեցի Գրիգոր Խաչատրյանի հետ։ Նախ՝ ինչո՞ւ որոշեց իրեն պրն Բլեյանին հանձնել հիմա եւ ոչ, ասենք, դատավարությունից առաջ. «Դատը մի տարի է՝ շարունակվում է, եւ կարող է պատահի՝ իր այդքան սիրած «Գրիգոր Խաչատրյան» մրցանակը ինքը հետմահու ստանար, որովհետեւ սրա վերջը չի երեւում։ Դրա համար օր առաջ պետք էր հասցնել տալ մրցանակը»։ Հետաքրքրվեցի, թե մրցանակի հանձնման պրոցեսը կատարելագործվե՞լ է /ով չգիտի, ասենք, որ իր անվան մրցանակը Գ. Խաչատրյանը հանձնում է այսպես՝ պարզապես նետվում է մրցանակակրի գիրկը/, թե՞ ավանդույթը շարունակվում է. «Ես չեմ թռնում գիրկը, ինքը ինձ գրկում է»։ -Այսինքն, վստա՞հ եք, որ մեկուսարանում այնպես են կերակրում, որ պրն Բլեյանն առանց դժվարության ձեզ կգրկի։ -Որոշ աղջիկներ էլ են ստացել այդ մրցանակը, նրանց մոտ էլ է ստացվել։ Ընենց որ, Աշոտի վրա չեմ կասկածում։ -Ո՞ր արժանիքների համար եք նրան պարգեւատրում,- հետաքրքրվեց լրագրող Մհեր Արշակյանը։ -Բանտը լուսավորելու եւ դատաիրավական մարմինների կրթական մակարդակը բարձրացնելու համար։ Իսկ չի՞ պատրաստվում «ինքնամրցանակահանձնվել» մեր հարցին, Գ. Խաչատրյանը պատասխանեց, որ իր անվան մրցանակը Տիգրան Պասկեւիչյանը ստացել է այն համոզման համար, որ ինքը ոչ թե Տ. Պասկեւիչյանն է, այլ Գ. Խաչատրյանը. «Էդ ձեւով, փաստորեն, ինձ եմ մրցանակ տվել»։ Իսկ մեր զրույցի ընթացքում դատարանի ներսում դատավոր Իսկուհի Վարդանյանն ահավոր ուժեղ եւ շատ հաճախակի ձեռքով հարվածում էր սեղանին, բարձրաձայն ճչում ամբաստանյալ Բլեյանի բերած տրամաբանական եւ օրինական հակափաստարկների վրա, մինչեւ բանը հասավ ընդմիջմանը։ Երբ Բլեյանը՝ զինվորների ուղեկցությամբ դուրս եկավ՝ հոգալու իր բնական պահանջները, մրցանակ Գ. Խաչատրյանը առանց կորցնելու պահը, նետվեց պրն Բլեյանի գիրկը։ Այդ ժամանակ «Առավոտը» Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե երբեւէ մտածել էր, որ կարժանանար այս մրցանակին. «Ինձ թվում է՝ ամբողջ կյանքս ապրել եմ այս օրվա համար»։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել