Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 14,2000 00:00

ՀՀԿ-ՈՒՄ ԱՄԵՆ Ի՞ՆՉ Է «ՕՔԵՅ» Ժամանակին Հանրապետական կուսակցության խորհրդի ամեն հինգշաբթի տեղի ունեցող նիստերը մեծ հետաքրքրություն էին ներկայացնում։ Մինչեւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետ նշանակվելը, մասնավորապես ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահ Քոչարյանի հարաբերություններն այնքան ջերմ չէին, ինչպես հիմա են։ Մինչեւ այդ, խորհրդարանական մեծամասնությունն ու մասնավորապես ՀՀԿ-ն Ռ.Քոչարյանի հանդեպ որոշակիորեն ընդդիմադիր կեցվածք էր որդեգրել։ Կուսակցության խորհրդի նիստերը հիմնականում խիստ ներկայացուցչական էին։ Դրանց հաճախ ներկա էին լինում ոչ միայն վարչապետ Արամ Սարգսյանն ու երկրապահական շրջանակներին հարող նախարարներ, այլեւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀԺԿ ներկայացուցիչներ եւ այլոք։ Ամեն հինգշաբթի տպավորություն էր ստեղծվում, թե ներքաղաքական եւ ներիշխանական հակասությունների հանգուցալուծումը կարող է հենց այդ օրվա խորհրդի նիստում գտնվել։ Սակայն վերջին շրջանում Հանրապետական կուսակցության ամենօրյա գործունեությունն այլեւս ուշադրության կենտրոնում չէ։ Ըստ ՀՀԿ խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի, սա մի բան է վկայում՝ կուսակցության խորհրդի նիստերում երբեւէ արտառոց ոչինչ չի կատարվում. քննարկվում են առօրյա հարցեր։ Այսուհանդերձ, կուսակցական մակարդակով անցած ամիսների ընթացքում էական փոփոխություններ են եղել։ ՀՀԿ նախագահը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը, կուսակցության խորհրդի որոշ անդամներ վերջինիս օրոք ազատվել են նախարարի պաշտոններից, հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանի մասով գործը կարճվել է, ՀՀԿ մի շարք անդամներ խորհրդարանում առանձին խումբ են ստեղծել եւ այլն։ «Հիշյալ իրադարձություններից հետո, կուսակցության խորհրդի նիստերի բովանդակությունն, ըստ էության, չի փոխվել։ Թերեւս մի բան է փոխվել՝ ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ նշանակվելուց հետո ավելի քիչ է մասնակցում խորհրդի նիստերին»,- հավաստիացրեց Տ.Թորոսյանը։ Սակայն տպավորությունն այլ է։ Ասենք, արդեն վաղուց նիստերին չի մասնակցել նախկին նախարար Սմբատ Այվազյանը, Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանն էլ հազվադեպ է ներկա լինում դրանց։ Տ.Թորոսյանը պարզաբանեց, թե Ա.Բազեյանը չնչին բացառություններով, բայց մասնակցում է խորհրդի նիստերին։ Ինչ վերաբերում է Ս.Այվազյանին՝ ըստ պարոն Թորոսյանի, նրա բացակայությունը միայն տեխնիկական պատճառաբանություն ունի։ Արդյոք «տեխնիկական պատճառն» այն չէ՞, որ վերջինս նեղացել կամ վիրավորվել է կուսակցության նախագահի կողմից պաշտոնանկ լինելու փաստից։ «Դժվար թե դա տեխնիկական պատճառ համարվի, բայց, կարծում եմ, որ նման խնդիր չկա»,- պարզաբանեց պարոն Թորոսյանը։ Պարզվեց նաեւ, որ խորհրդի անդամ Ալ.Հարությունյանն էլ չի մասնակցում կուսակցության խորհրդի նիստերին։ «Կալանքից ազատվելուց հետո մենք պարոն Հարությունյանի հետ խոսել ենք կուսակցությունում նրա ակտիվ գործունեությունը վերականգնելու մասին, բայց եկել ենք այն եզրակացության, որ մինչեւ գործի դատարան մտնելը, թերեւս, նպատակահարմար է ձեռնպահ մնալ դրանից՝ ոչ օբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար»,- մանրամասնեց պարոն Թորոսյանը։ Հայտնի է սակայն, որ ՀՀԿ խորհրդի՝ հատկապես երկրապահական հատվածի, վերաբերմունքը Ալ. Հարությունյանի հանդեպ միանշանակ չէ։ «Կուսակցության դիրքորոշումը առավել եւս Ալ.Հարությունյանի նկատմամբ չի փոխվել։ Ժամանակին մենք հայտարարեցինք, որ չենք միջամտելու գործի ընթացքին եւ սպասելու ենք իրադարձությունների զարգացումներին, որից հետո միայն հետեւություններ ենք անելու»,- պարզաբանեց պարոն Թորոսյանը։ Իսկ Ա.Մարգարյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո Հանրապետական կուսակցության տնտեսական ծրագիրը կամ շեշտադրումները փոխվե՞լ են արդյոք։ Տ.Թորոսյանի պնդմամբ, սկզբունքային եւ գաղափարական տեսանկյուններից՝ չեն փոխվել։ Կան սակայն որոշակի փոփոխություններ, որոնք, Տ.Թորոսյանի գնահատմամբ, լրատվամիջոցները չեն հիշատակել։ «Կառավարության ծրագրում որոշակի շտկումներ եղել են։ Մեկը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին է վերաբերում։ Այս խնդիրը, ըստ պարոն Թորոսյանի, առավել հստակ է շարադրված Ա.Մարգարյանի ծրագրում, քան կար նախկինում։ Ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ոչ թե մակրոտնտեսական ցուցանիշների, այլ տնտեսության կոնկրետ ոլորտների վրա, քանի որ մակրոտնտեսական ցուցանիշները, շատ հաճախ խաբուսիկ են լինում եւ չեն արտացոլում տնտեսության զարգացման տեմպերն ու իրական աճը»։ Մի բան, այսուհանդերձ, հաստատապես փոխվել է. հասարակությունն այլեւս այն չափով չի վստահում «Միասնությանն» ու առավել եւս ՀՀԿ-ին, որքան մինչեւ հոկտեմբերի 27-ը։ Ընդհանրապես, ՀՀԿ-ում ամեն ինչ «օքեյ» չէ։ Կուսակցության ներսում առկա որոշակի ներքին հակասություններն ու հիասթափությունները հարթելու հետ մեկտեղ, ՀՀԿ-ն բազում խնդիրներ ունի։ Կուսակցությունն առաջիկայում պետք է Վահան Զատիկյանի եւ Յու.Բախշյանի մահից հետո խորհրդի կազմում թափուր մնացած տեղերը համալրի։ Նա նաեւ խնդիր ունի վերագտնել իր երբեմնի դիրքը խորհրդարանում՝ իբրեւ մեծամասնություն։ Ներքաղաքական զարգացումների տեսանկյունից պակաս կարեւոր չէ ՀԺԿ-ՀՀԿ գործընկերային հարաբերությունները վերականգնելու կամ այս հարաբերություններում գոնե հստակություն մտցնելու խնդիրը։ ՀՀԿ-ն ԱԺ-ում կորցրել է առանցքային՝ խմբակցության նախագահի, պաշտոնը։ Այն մեխանիկական հաշվարկներով վերագտնելն անհնար է։ Հարկ է, որ խմբակցությունը վերջնականապես հստակեցնի՝ դաշինքը գոյություն ունի՞, թե՞ ոչ։ ՀՀԿ-ի համար շատ բան կախված է նաեւ սրանից։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել