Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 14,2000 00:00

«ԴԻՏՈՐԴ-ՎԿԱՆ» ՇԱՐՔԻՑ «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործով երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան էր դատակոչվել վկա Արմեն Եղիազարյանը։ Վերջինս ամբաստանյալ Արծվիկ Ավետիսյանի կնոջ հորեղբոր տղան էր, Քանաքեռի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը։ Այս վկան ասաց, որ հրաժարվում է նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից։ Պարզվեց, որ 8-րդ անգամ է ցուցմունքներ տալիս։ Մեղադրող Հովհաննիսյանը հրապարակեց նույնիսկ այն դիմումը, որով վկան ցանկություն էր հայտնել լրացուցիչ ցուցմունքներ տալու։ Դիմումի հետ կապված Ա. Եղիազարյանն ասաց, որ քննիչներն են այդպես ձեւակերպել (հայտնեց, թե ճնշել են իրեն), որ իրեն կանչել են իրականում դատախազություն եւ, որ ինքն էլ չի դիմել նոր ցուցմունքներ տալու համար։ Մեղադրողը ստիպված էր ցույց տալ վկայի դիմումի ձեռագիր-տեքստը։ Ա. Եղիազարյանը հավաստելով, որ ճիշտ ցուցմունք է տալիս, հայտնեց, որ 1998 թ. մարտի 14-ին զանգահարել են (չէր հիշում՝ կոնկրետ ով) հորեղբոր աղջիկները, ասել, որ վիճաբանություն է, եւ ինքն իջել է «Կորեայի ձոր»։ Լեւիկ Ավետիսյանի հողամասի մոտ հասնելով, տեսել է, որ Լեւիկն իրեն անծանոթ երկու տղաների հետ խոսում է։ Քիչ անց, տղաներից մեկն առանձնացել է, բջջայինով խոսել։ Մի քանի րոպե հետո երեւացել են 20 եւ ավելի արտասահմանյան մեքենաներ (նախաքննության ժամանակ ասել էր՝ մինչեւ 15 մեքենա)։ Վկայի ցուցմունքները լսելիս այն տպավորությունն ես ստանում, թե նա պատմում է լսելով, որովհետեւ անհասկանալի է, թե օգնության կամ կանչով գնացած մեկը ինչո՞ւ է ստանձնել դիտորդ-պատմիչի կարգավիճակը, ինչպես է եղել, որ գտնվելով դեպքի վայրում՝ ո՛չ օգնել է, ո՛չ միջամտել կողմերի վեճին, ընդհակառակը, տեսել է, օրինակ, որ Արայիկի ձեռքին ե՛ւ դանակ է եղել (որսորդական, 30 սմ), ե՛ւ ատրճանակ, «տեսել» է անգամ, թե նա ինչպես էր «ամեն կերպ ուզում Արծվիկին խփել», այսինքն՝ անգամ մտադրությունները։ Եվ սակայն «բծախնդիր» նկարագրություններից հետո չէր տեսել, թե ով է կրակել Արայիկի վրա, տուժողների, «06»-ի… Նշեմ, որ նրա ցուցմունք տալու ժամանակ ամբաստանյալները ռեպլիկներ էին ուղղում տուժողների կողմը, անգամ վկայի, ինչի կապակցությամբ դատավոր Վ. Աբրահամյանը զգուշացրեց, որ «նման արարքի դեպքում կհեռացվեն երկու դատական նիստով», իսկ ապա սպառնաց, թե դռնփակ նիստ կհրավիրի… Քրեագետ կամ իրավաբան պետք չէ լինել, որպեսզի հասկանաս, թե այս վկան ինչպես էր հերթական անգամ փորձում մատների վրա խաղացնել դատարանին։ Դա էր պատճառը, հավանաբար, որ տուժողների ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանը միջնորդություն արեց ակնհայտ սուտ ցուցմունք տալու, տուժողների նկատմամբ ակնհայտ մեղադրական ցուցմունքներ տալու համար վկայի նկատմամբ քր. գործ հարուցել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՄԵՆՔ ՇՈԳԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ Երեկ հիդրոմետծառայությունից տեղեկացրին, որ այսօր, հատկապես Արարատի մարզում, սպասվում է շատ բարձր ջերմաստիճան՝ միչեւ 40 աստիճան։ Կարելի է ենթադրել, որ ջերմաստիճանը շատ ավելի բարձր է լինելու, քանի որ 40 աստիճանը մեզ համար՝ ի՞նչ. սովորական բան է։ Իսկ վարչությունը զգուշացնում է եւ հատկապես արարատցիներին, որ անսովոր բարձր ջերմաստիճանը կարող է նաեւ հրդեհավտանգ լինել։ Սակայն հայրենի կառավարությանը կոչ ենք անում այս չնչին առիթով հանկարծ չանհանգստանալ. մեր ժողովուրդը տներում ամեն սենյակում մի օդափոխիչ ունի, բակերում՝ ջրավազան, սառնարաններում էլ՝ լի՜քը զովացուցիչ ըմպելիքներ։ Աշխատանք էլ, աստծուն փառք, չունի, որ հանկարծ էս շոգին իրեն նեղություն տա- տանից դուրս գա։ Հեչ որ չեղավ՝ կգնանք ազգովի կլցվենք «Ջրաշխարհը» ու կպրծնենք շոգից էլ, հրդեհից էլ։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին օրենքի նախագծի քննարկումը, ըստ նախնական տվյալների, պետք է տեղի ունենար կառավարության երեկվա նիստում։ Բայց օրակարգի 20-ից ավելի հարցերի շարքում այս հարցը երեկ չմտավ։ Հարցը, հավանաբար, կլսվի շաբաթ օրը հրավիրվելիք կառավարության արտահերթ նիստի ժամանակ։ Իրական շոգը կառավարությանն այնքան չի նեղում, որքան ՀԲ-ի շոգը։ Վերջինս շտապեցնում է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցում, փոխարենը խոստանալով SAC-3-ի եւ SAC-4-ի հատկացումները։ Սեփականաշնորհումից կստացվի մոտ 40 միլիոն դոլար, գումարած վերոհիշյալ հատկացումները։ Իսկ բյուջեի ճեղքվածքն այս պարագայում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մոտ 100 միլիոն է կազմում եւ, ըստ էության, ակնկալվող գումարները ճեղքվածքը չեն կարող փակել։ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն ընդհանրապես, եւ անձամբ Անդրանիկ Մարգարյանը մասնավորապես, այս պահին հատուկ առաքելություն ունեն՝ սեփականաշնորհման գործը գլուխ բերել։ Չար լեզուներն ասում են, որ հենց որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հարցը բարեհաջող կավարտի, դա կլինի նրա վարչապետության վերջին ակորդը։ Դրանից հետո վարչապետական աթոռը կտրվի նոր առաքելություն իրականացնողին։ Մ. Ե. «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻՆ» ՓՈՐՁԵՑԻՆ ԱՀԱԲԵԿԵԼ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ տարօրինակ միջադեպ տեղի ունեցավ։ Զինվոր Հարություն Մուսայելյանի սպանության գործը լուսաբանելու նպատակով դատարանի դահլիճ մտան «Նոյյան տապան» լրատվական գործակալության լրագրող Ինգա Զարաֆյանն ու նրա օպերատորը՝ Դավիթը։ Միակ վանդակաշարի ներսում գտնվում էին այլ քրեական գործով ամբաստանյալները, որոնք եւս սպասում էին «իրենց» դատին։ Ի. Զարաֆյանը եւ նրա օպերատորը, երբ սկսել էին տեսագրելու թույլտվություն ստանալու նպատակով մոտենալ դատավոր Կ. Ստեփանյանին, ամբաստանյալները բռնել էին օպերատորի վերնաշապիկից եւ այլանդակ հայհոյանքներ էին տվել կին լրագրողին։ Զարմանալին այն էր, որ դահլիճը վերահսկող իրավապահները չմիջամտեցին կատարվածին։ Դատավոր Կ. Ստեփանյանն էլ նախ դատական նիստի մասնակիցներին դուրս հրավիրեց (այդ թվում՝ «Զինվոր եւ իրավունք» կազմակերպության անդամներին) եւ ապա նիստը հետաձգեց։ Ակնհայտ էր, որ դատավորը պատրաստ չէր դատական նիստը վերսկսելուն։ Ռ. Մ. ՀՀԿ-Ն ԽԱՆԴԻ ԶԳԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ Վերջերս լրատվամիջոցներում մեծ արձագանք էին գտել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մոսկովյան բարձր մակարդակի հանդիպումները։ Քիչ չէին այն մեկնաբանությունները, թե Ս.Սարգսյանն այս այցելության ժամանակ, ըստ էության, իրականացրել է վարչապետին վերապահված գործառույթներ։ Հարմար առիթն օգտագործելով, դիմեցինք ԱԺ փոխխոսնակ եւ ՀՀԿ խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանին՝ «ՀՀԿ-ն այս առնչությամբ խանդի զգացում չունի՞»։ «Խանդի զգացում չկա։ Խնդիրն այլ է։ Մասնավորապես պաշտոնական լրատվամիջոցները, կարծում եմ, թերացել են այս այցը լուսաբանելիս։ Եթե այն, նաեւ մոսկովյան հանդիպումների ընթացքում քննարկված, հարցերի լայն շրջանակն ի սկզբանե բացատրվեր Ս.Սարգսյանի՝ իբրեւ ՀՀ ԱԽ քարտուղարի այց, որը միաժամանակ նախապատրաստելու էր ՀՀ նախագահի այցը ՌԴ, գուցե ընկալումն այլ լիներ։ Բայց, չգիտեմ ինչու, այցը որպես այդպիսին չներկայացվեց։ ԶԼՄ-ները նշեցին, որ Ս.Սարգսյանը Մոսկվա էր այցելել որպես պաշտպանության նախարար»,- ասաց պարոն Թորոսյանը եւ ավելացրեց, թե ընդհանուր առմամբ Ս.Սարգսյանի այցը նորմալ էր եւ դրանում արտառոց ոչինչ չկար։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել