Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 14,2000 00:00

«ՀԱՄՈՆ ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ» Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեր անմիջական հարեւաններն այսքան անշրջահայաց են։ Ավանդաբար ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանների ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորման, փախստականների խնդիրների շուրջ խոսակցությունները սկսում են Ադրբեջանի պատվիրակները։ Այս տարվա 9-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցող աշխարհի 50 երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն աշխատեցին «ականջները դինջ»։ Ադրբեջանի պատվիրակությունը հնարավորություն չունեցավ Ղարաբաղի եւ ադրբեջանցի փախստականների մասին բոցավառ ելույթներ ունենալ։ Ոչ թե այն պատճառով, որ ԵԱՀԿ վեհաժողովում եւս շոգ էր։ Պատճառը խիստ տարօրինակ էր եւ մի քիչ զավեշտական։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գանձապետը իր նախնական հաշվետվության մեջ նշել էր, որ անդամավճարները վճարվել են 98%-ով։ Ի թիվս մեկ-երկու այլ երկրի, ԵԱՀԿ անդամավճարը չէր վճարել նաեւ Ադրբեջանը։ Հենց այս պատճառով էլ ադրբեջանցիները զրկվեցին ելույթներ ունենալու, առաջարկներ եւ հայտարարություններ անելու եւ ձայնի իրավունքից։ Թեպետ վեհաժողովի աշխատանքների ընթացքում երբեմն-երբեմն տեղեկություն էր նետվում, թե ադրբեջանական կողմը անդամավճարն արդեն վճարում է, բայց մինչեւ վերջ էլ այդ բանը չարվեց։ Նույնը չենք կարող ասել օրինապաշտ հայերի մասին։ Բյուջե-ճեղքվածք ասված բաները անշուշտ չպետք է դեր խաղան միջազգային հարաբերություններում։ Քանի որ անդամավճարը մուծված էր, մերոնք կարող էին անարգել մասնակցել նիստերին, ելույթներ ունենալ եւ քվեարկել։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 9-րդ տարեկան նստաշրջանի ժամանակ։ Իր ելույթում պրն Ասլանյանը ասել է, թե Հայաստանի խորհրդարանը կողմ է տարածաշրջանային համագործակցությանը։ ԵԱՀԿ վեհաժողովում շատ են կարեւորվել Մինսկի խմբի համանախագահողների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները։ Այս անգամ Ղարաբաղի հարցը մի տեսակ երկրորդ պլան էր մղվել եւ ավելի օրակարգային էին Չեչնիայի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի հարցերը։ ԱՄՆ պատվիրակությունը վեհաժողովին հստակ բանաձեւեր էր ներկայացրել։ Ընդգծված հակառուսական քաղաքականությունը ամերիկացիները կարողացել են անցկացնել վեհաժողովում։ Բանաձեւերի մեծ մասը նվիրված էր Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման թեմային։ Սրանք բոլորն էլ ընդունվեցին ձայների մեծամասնությամբ, ի վնաս Ռուսաստանի։ ԱՄՆ-ՌԴ հակասությունը բացահայտ երեւաց քննարկումների եւ քվեարկությունների ժամանակ։ Բայց ռուսական կողմը հեշտությամբ չէր հանձնվում։ Ամեն անգամ ռուսական պատվիրակները ելույթ էին ունենում եւ, Գագիկ Ասլանյանի վկայությամբ՝ «Բավականին համոզիչ ելույթներ էին դրանք, համոզիչ բացատրություններ էին տրվում», բայց վերջին խոսքը, ի վերջո, մնում էր ԱՄՆ-ին։ Մասնակից 50 երկրները ջախջախիչ մեծամասնությամբ ԱՄՆ-ի կողմից էին հանդես գալիս, եւ ՌԴ-ն մնում էր փոքրամասնությունում։ Որպես հակահարված՝ ռուսական կողմը իր հերթին դեմ է քվեարկել վեհաժողովի տարեկան ընդհանուր բանաձեւին։ Դեմ քվեարկելու մեկնաբանությունը հետեւյալն էր. բանաձեւը շատ կարեւոր է, նրա յուրաքանչյուր կետի տակ կարելի է ստորագրել, բայց, քանի որ ԵԱՀԿ-ն այդքան միակողմանի է Չեչնիայի հարցում, ուրեմն ռուսական կողմը, ի նշան բողոքի, կողմ չի քվեարկի այդ բանաձեւին։ Ի դեպ, քանի որ դրամական թեմաներով սկսեցինք, դրանցով էլ ավարտենք։ ԵԱՀԿ խորհրդարանական քարտուղարն իր ելույթում առաջարկել է ավելացնել անդամավճարը, քանի որ դրամի արժեզրկում է գրանցվել, եւ, դրան զուգահեռ, ծախսերն են մեծացել։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել