Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 14,2000 00:00

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՈՐՊԵՍ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ» Կանանց հանրապետական խորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 27-ի գործի քննության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Մենք ականատես եղանք զարմանալի կտրուկ փոփոխությունների քննչական գործընթացում։ (…) Շատ հաճախ, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները միակողմանի ուղղված էին կարծես թե միայն ոճրագործների համար մեղմացուցիչ հանգամանքներ գտնելու գործընթացին։ (…) Աստված չանի, որ այս գործընթացի վերջակետը դրվի ոչ թե դատարանում, այլ պարտադրի ժողովրդին տեսնելու իր սեփական դատաստանը»։ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանում ամբաստանյալ Աշոտ Բլեյանին հանձնվեց մրցանակ։ Մրցանակը կրում էր բարձր եւ վսեմ անուն. կոչվում էր «Գրիգոր Խաչատրյան»։ Այն հանձնեց մրցանակի հեղինակ եւ անձամբ մրցանակ Գրիգոր Խաչատրյանը։ Մանրամասները՝ էջ 3։ ԶՈՒՍՊ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆ Վիեննայում գտնվող ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը, պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, թե արդյոք համանախագահողների՝ իրեն ուղղված հրավերը նշանակո՞ւմ է, որ Ղարաբաղը սկսում է արդեն մասնակցել բանակցություններին եւ Մինսկի խմբի աշխատանքին, ասել է. «Չեմ կարող այդպես բնութագրել, որովհետեւ իրականում դեռեւս Մինսկի գործընթացը գտնվում է փակուղու մեջ։ Եվ ես կգնահատեի այս այցը որպես փորձ՝ գտնել ելքի ուղիները»։ Այն հարցին, թե արդյոք ինքն ակնկալո՞ւմ է, որ այս տարի էական առաջընթաց կլինի կարգավորման գործընթացում, տիկին Մելքումյանը մասնավորապես պատասխանել է. «Անկեղծ ասած, ոչ»։ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԲԱԲԻՆՍԿՈՒՆ ԵԱՀԿ ժուռնալիստիկայի եւ ժողովրդավարության ամենամյա մրցանակը՝ 2000 դոլար, այս տարի շնորհվեց Անդրեյ Բաբինսկուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել