Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2000 00:00

«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍԸ» ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԼԵԳԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Մեր նախորդ հրապարակման ընթացքում արդեն տեղեկացրել ենք, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստան ներմուծում է միայն սիգարետ։ Ուստի հասկանալի է, որ ընկերության պատասխանատուներին պետք է հետաքրքրեր «Ծխախոտի հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի շուրջ ստեղծված աղմուկը։ Հայացք դրսից Լրագրողների հետ հանդիպման ժամաՀայացք դրսից Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի պատասխանատուներից Կոնստանդին Պանինը հայտարարեց, թե իրենց ընկերությունը ցանկացած երկրում ուզում է լեգալ գործունեություն ծավալել։ Նրա մեկնաբանությամբ, երբ անցած տարվա օգոստոսին Հայաստանում կտրուկ բարձրացան հարկերը՝ բոլորը հասկացան, որ Հայաստանում ավարտվեց լեգալ բիզնեսը։ Փոխարենը «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի պատասխանատուները ողջունում էին ապրիլին ԱԺ-ի ընդունած օրենքը «Ծխախոտի հաստատագրված վճարների մասին»։ Նրանց տվյալներով, որոնք իրենց պնդմամբ վերցրել էին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ պետական բյուջեի մուտքերը մեծացել են 20 %-ով։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ օրենքը գործում է ընդամենը ապրիլից։ «Ես կարծում եմ, որ եթե պրն Վարդանյանը ինչ-որ բան է ասում, պետք է պատասխանի իր խոսքերի համար։ Նրա հետ վիճելը մեր գործը չէ, մենք չենք եկամուտներ հավաքում բյուջեի համար, բայց ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը, ֆինանսների նախարարությունը, հասարակությունը պետք է տիրապետեն ստույգ թվերի։ Այլապես կամ ֆինանսների նախարարությունն է խաբում, կամ Հրանտ Վարդանյանը»,- նշեց Կոնստանդին Պանինը։ Միաժամանակ պրն Պանինը շեշտեց, որ այս հարցում «Գրանդ Տոբակոյի» տեսակետը կառուցողական չէ եւ իրենք էլ նման վերաբերմունքի արժանի չեն։ Ի դեպ, նրանք մեզ տրամադրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տվյալները։ Դրանց համաձայն, 2000 թվականին ծխախոտի հարկումից (տեղի արտադրողների եւ ներմուծողների) ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 11,061 միլիոն դոլարին համարժեք դրամ, որից 6,478 մլն դոլարը բաժին է ընկնում տեղի արտադրողներին, 4,583 մլն՝ ներկրողներին։ 1999թ. նույն ժամանակահատվածում բյուջե է մուտքագրվել 5,109 մլն դոլարին համարժեք դրամ (տեղի արտադրողների եւ ներմուծողների հարկերից)։ Թե ինչպես է ազդել «Ծխախոտի հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի ընդունումը բյուջեի մուտքերի վրա, ակնհայտ է։ Սակայն դեռեւս հնարավոր չէ համեմատել բյուջեի մուտքերի առումով այս եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները։ Երբ աշխատանքը նաեւ հաճույք է Շվեյցարիա կատարած այցի ընթացքում հայ լրագրողները հնարավորություն ստացան այցելել հենց այն գործարանը, որի արտադրանքը ներմուծվում է Հայաստան։ Նուշաթելի FTR գործարանը ստեղծվել է 1924 թվականին, «Ֆիլիպ Մորիսը» այն գնել է 1964 թվականին։ Այժմ գործարանում աշխատում է ավելի քան 2000 հոգի։ Այս տարի գործարանը նախատեսում է արտադրել 22 միլիարդ հատ սիգարետ։ Շվեյցարիայում ընդհանրապես գործում է ծխախոտի արտադրության 3 խոշոր գործարան, որոնցից 47%-ը շուկայում ապահովում է «Ֆիլիպ Մորիսը»։ Նուշաթելի գործարանի արտադրանքի 2/3-ը արտահանվում է, այս գործարանն արտադրում է 30-50 անուն ծխախոտ։ Գործարանի օրական հզորությունը 810 միլիոն սիգարետ է, րոպեում արտադրվում է 8 հազար հատ սիգարետ եւ 4 պատրաստի տուփ։ Սիգարետի՝ նման բարձր որակ ապահովելու համար «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը դրա արտադրությունը սկսում է հենց թութունի մշակումից, հատուկ տեխնոլոգիաներով դրա չորացումից, որից հետո միայն գործարանում ստեղծվում է սիգարետը։ Ի դեպ, սիգարետի արտադրության համար «Ֆիլիպ Մորիսը» նույն սիգարետում օգտագործում է թութունի երեք տարվա բերքի խառնուրդ։ Գործարանում մեզ հնարավորություն ընձեռվեց հետեւել սիգարետի արտադրության բոլոր փուլերին։ Նորագույն տեխնիկայով հագեցված այս գործարանում թութունի մշակումից ու ֆիլտրի պատրաստումից բացի, մնացած բոլոր գործողությունները (սիգարետի պատրաստում, տուփերի մեջ տեղադրում, պոլիէթիլենապատում, «բլոկների» վերածում) կատարվում է մի մեքենայի միջոցով, որի արագությունը ժամում 30 կմ է։ Ի դեպ, «Ֆիլիպ Մորիսի» եւ ընդհանրապես սիգարետի սիրահարների մոտ ցրեմ այն կասկածները, թե Ամերիկայում եւ Եվրոպայում գնած սիգարետը «ինքն ա», իսկ Հայաստանինը՝ «ինքը չի»։ Յուրաքանչյուր երկրում, որտեղ «Ֆիլիպ Մորիսը» ներկայացուցչություններ ու դիստրիբյուտորական կետեր ունի, տվյալ ներկայացուցիչներն իրենց պետության համապատասխան մարմիններին պատվիրում են անհրաժեշտ քանակությամբ ակցիզային դրոշմանիշներ։ Այդ դրոշմանիշները՝ կոնկրետ «Ֆիլիպ Մորիսի» դեպքում ուղարկվում են Նուշաթելի գործարան, որտեղ նույն այն «Մարլբորոն», «Բոնդը» կամ «Պառլամենտը», որը վաճառվում է Եվրոպայում եւ Ամերիկայում, տեղավորվում է հայկական ակցիզային դրոշմանիշներով տուփերի մեջ։ «Ֆիլիպ Մորիսը» անհրաժեշտության դեպքում (եթե տվյալ երկիրը ցանկանում է) տուփերի վրա նշումներ է անում՝ ասենք առողջությանը հասցվող ծխելու վնասի եւ այլնի մասին։ Գործարանում մենք ականատես եղանք, թե ինչպես են «Մարլբորո» արտադրում ռումինական ակցիզային դրոշմանիշներով։ Նուշաթելի գործարանում մեզ ուղեկցող հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ տիկին Մոելն ու տիկին Նադիան տեղեկացրին, որ գործարանը նաեւ սոցիալական ու բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Մեզ համար չափազանց զարմանալի էր, որ Շվեյցարիայի նման երկրին անհանգստացնում է սոված մարդկանց խնդիրը, որոնք, ի դեպ, տոկոս չեն կազմում։ Ի դեպ, Նուշաթելի գործարանը բազմաթիվ ծրագրերի ֆինանսական աջակցությունից բացի, բարեգործություն է անում իրենց գործարանի ներսում՝ հաշմանդամներին հնարավորություն ստեղծելով աշխատել սիգարետի արտադրության չմեքենայացված հատվածում։ Ի դեպ, հասարակայնության հետ կապերի պատասխանատուների հավաստմամբ, գործարանում մարդիկ աշխատում են 30-40 տարի եւ դեռեւս չի գրանցվել դեպք, որ աշխատողները առողջության հետ կապված որեւէ խնդիր ունենան։ Այս տեսակետի հետ դժվար է չհամաձայնել, քանի որ մենք ինքներս տեսանք, թե ինչ գերհիգիենիկ պայմաններում են աշխատում մարդիկ։ Ավելացնենք, որ «Ֆիլիպ Մորիսը» հոգացել է նաեւ աշխատակիցների հանգստի մասին. ընդմիջմանը աշխատակիցները, ճաշարանում սնվելուց բացի, կարող են ժամանակ անցկացնել սպորտդահլիճներում։ Իսկ ծխախոտի շուկայում անվիճելի առաջնորդ լինելու համար «Ֆիլիպ Մորիսը» ապահովում է նախ եւ առաջ որակը. այստեղ արտադրվող յուրաքանչյուր սիգարետ լաբորատորիայում փորձաքննության է ենթարկվում 200 ստանդարտով։ Մոտավոր տվյալներով, ասենք, որ Հայաստանում 15%-ը ծխում է թանկարժեք մարկաների սիգարետներ («Մարլբորո», «Պառլամենտ»), 13%-ը՝ միջին կարգի («Բոնդ», «Ֆրիդոմ»), 40%-ը՝ Կոնստանդին Պանինի խոսքերով՝ «Գրանդ Տոբակոյի» էժանագին սիգարետները եւ մոտ 17%-ը՝ առանց ֆիլտրի սիգարետներ։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ Նուշաթել-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել