Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2000 00:00

ՀՀԿ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ Օրերս ԱԺ պատգամավորներին, իբրեւ հոկտեմբերի 27-ի գործով տուժածների, բաժանվել են զինդատախազության պատրաստած տեղեկանքները, որոնցով հիմնավորվել են 27-ի գործով մինչեւ վերջերս կալանքի տակ գտնված անձանց մասով գործի կարճումը։ Իմիջիայլոց ասենք, որ նման փաստաթուղթ չեն ստացել այն լրագրողները, որոնք եւս համարվում են գործով տուժածներ։ Ինչեւէ։ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը մեր խնդրանքով անդրադարձավ այս փաստաթղթին, որն, ինչպես տեղեկացանք, օրենսդիրների շրջանում հակասական վերաբերմունքի է արժանացել։ Պարոն Թորոսյանը մասնավորապես ասաց. «Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ օրենսդիրներին բաժանված այս փաստաթղթում արձանագրված է, որ տուժողները, դրանց պատճենները ստանալուց հետո, 7 օրվա ընթացքում կարող են բողոքարկել դատախազին եւ այլն։ Անկեղծ ասած, տպավորություն է ստեղծվում, թե այս նյութերն ուղարկելու նպատակն այն է, որ ճշտվի, թե տուժողներն այս որոշումներին համաձա՞յն են, թե՞ ոչ։ Բայց այս փաստաթուղթն ուսումնասիրելիս ինձ համար առաջացավ մի հարց, որը, կարծում եմ, շատ ավելի կարեւոր է, քան այն, թե այդ գործերը կարճելը որքանով է արդարացված։ Բոլոր նյութերում նշվում է, որ Նաիրի Հունանյանն ու նրա գործակիցները սկզբում ցուցմունքներ են տվել, որոնցից մի քանի ամիս անց հրաժարվել են՝ ասելով, թե դրանք ճնշման տակ են արել։ Չափազանց կարեւոր է՝ արդյոք իսկապես ճնշումներ եղե՞լ են, եւ այդ մարդիկ ճնշումների ազդեցությա՞մբ են ցուցմունքներ տվել։ Այս հարցի առնչությամբ զինդատախազությունն ու քննչական խումբը պարտավոր է միանշանակ պատասխան տալ։ Եթե ճնշումներ եղել են, ապա քննչական խումբը պետք է պատասխանի, թե ովքեր են ճնշումներ գործադրողները եւ ինչ գործ ունեին այդ մարդկանց հետ։ Կամ, եթե ճնշումներ չեն եղել, ապա ինչպե՞ս որոշվեց, թե որ ցուցմունքներն էին ճիշտ։ Կարեւոր է նաեւ այն, որ այդ ցուցմունքները մեկ անձի երեւակայության արդյունք չէին, քանի որ միմյանցից անկախ նույնաբովանդակ ցուցմունքներ տվել էին նաեւ գործով մյուս կալանավորվածները։ Սա նշանակում է, որ կամ ճնշումներ իսկապես եղել են, կամ, եթե ճնշումներ չեն եղել, ապա ինչպե՞ս ստացվեց, որ հիմա այդ մարդիկ հրաժարվում են իրենց ցուցմունքներից։ Միայն այս հարցադրումների պատասխանները ստանալուց հետո հնարավոր կլինի ստանալ նաեւ ավելի մասնավոր հարցերի պատասխանները»։ Տ.Թորոսյանն ասաց, որ սրանք նաեւ Հանրապետական կուսակցության կողմից բարձրացվող հարցադրումներ են եւ ակնկալում են համապատասխան մարմինների արձագանքը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել