Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2000 00:00

«ՉԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍ ԳՈՐԾՆ ՈՒՂՂԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ» 1999-ի նոյեմբերին ասում էր Ռոբերտ Քոչարյանը Թերեւս հատկանշական է, որ հենց ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը պիտի ՀԺԿ-ի կանանց անունից հայտարարեր, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման պահանջատերն են։ Ի դեպ, այսօր նրանց հայտարարությամբ միանալու է կանանց հանրապետական կոմիտեն։ Հոկտեմբերի 27-ին ապրած սեփական զգացողություններից, տեսածից, լսածից ու կարդացածից առավել ազդվել էի Էմմա Խուդաբաշյանի մի քանի նախադասություններից։ Նա պատմել էր, որ աթոռների տակ պառկած՝ ձեռքն անընդհատ դեպի գլուխն է տարել, քանի որ հոսող արյունից այն տպավորությունն է ստացել, թե վիրավոր է։ Հետո հասկացել էր, որ դա ակադեմիկոս Միքայել Քոթանյանի արյունն է, քանի որ նրա աթոռի տակ էր պառկած. «Հիմա երազումս անընդհատ արյունոտ վերմակ եմ տեսնում»,- խոստովանել էր տիկին Էմման։ Թերեւս արժե նման սահմռկեցուցիչ մանրամասները հիշեցնել հիմա, երբ հոկտեմբերի 27-ից անցած ամիսները փոքր-ինչ սպիացրել են վերքը, բթացրել ցավի զգացողությունը։ Եվ այս պայմաններում հնարավոր դարձավ կատարված հանցագործությունից հանրության ուշադրությունը շեղել դեպի, ըստ էության, հարակից խնդիրները։ Մշտական զգացողություն դարձավ, թե այս առիթով երկկողմանի քաղաքական խաղերը գերակա են դարձել ճշմարտության բացահայտման նկատմամբ, որն այլեւս գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում։ «Գործի նախաքննությունը ծայրահեղորե՛ն քաղաքականացվեց»,- եւս մեկ անգամ արձանագրեց Էմմա Խուդաբաշյանը, անպատասխան թողնելով մեր՝ «ո՞ւմ կողմից» հարցը։ Նաեւ հարցական է, թե արդյոք կարո՞ղ էր չքաղաքականանալ ԱԺ ղեկավարության, վարչապետի, նախարարի եւ պատգամավորների սպանության գործը։ Էմմա Խուդաբաշյանի պատասխանն էր. «Իմ կարծիքով, Ջհանգիրյանը գործը ստանձնելուց հետո պետք է գլուխը կախ առաջ տաներ՝ չնայելով կողքերը։ Կարծում եմ, որ իրեն հարգող իրավաբանը պետք է ոչնչով չգայթակղվեր, իր մեջ ուժ գտներ ժողովրդին իրողությունը, ճշմարտությունն ասելու, եւ նրան կաջակցեին։ Եթե Ջհանգիրյանը գիտի ճշմարտությունը՝ թող ասի, եթե փակուղի է տարել գործը՝ թող էլի ասի։ Սա կլինի իր փրկությունը»։ Հիշեցրինք զինդատախազի այն հայտարարությունը, թե կխոսի՝ երբ անհատ քաղաքացի կլինի։ Ինչեւէ, հայտարարվեց նախաքննության ավարտի մասին եւ այժմ գործի մասին կարծես, ճիշտ նույնքան է հայտնի, ինչքան, ասենք՝ 1999-ի հոկտեմբերի 28-ին։ Դատաքննությանը փոխանցվեց այն գլխավոր հարցի պատասխանը, թե արդյոք ուղղորդված կամ ծրագրավորված էին Նաիրի Հունանյանի խմբի գործողությունները։ Ինչի՞ հետեւանք էր կազմակերպիչների առկայությունը կամ դրանց բացակայությունը նախաքննությամբ չպարզելը՝ իրո՞ք քննչական խմբի մասնագիտական անկարողության, թե՞ հարուցված արգելապատնեշների ու խոչընդոտների։ «Խանգարեցի՛ն։ Այդ ո՞վ չգիտի, որ խանգարեցին»,- ասաց Էմմա Խուդաբաշյանը։ Բայց առավել հանգամանալից անդրադարձավ մեդալի հակառակ կողմին. «Մինչեւ նախաքննության ավարտը մեզ մեծ հույսեր էին ներշնչում Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, մատնանշելով, որ նա փորձված իրավաբան ու մասնագետ է։ Նա էլ ինքնավստահ հայտարարում էր, թե համապատասխան ապացույցներ կան, որ այդ խմբի ետեւում մարդիկ են եղել եւ երկու ամիս հետո պարզ կդառնա, պաշտոնյաներ կձերբակալվեն… Իսկ այսօր հայտարարում է, թե նրանց ետեւում մարդ չկա (եթե ավելի ստույգ մեջբերենք, զինդատախազը հայտարարել էր, թե քրեական գործով առայժմ պատվիրատուների վերաբերյալ տվյալներ ձեռք բերված չեն – Ա. Ի.)։ Սա ի՞նչ է նշանակում։ Ես ասել եմ եւ էլի կասեմ՝ Ջհանգիրյանին կա՛մ սարսափելի վախեցրել են, կա՛մ նա մեզ խաբել է, կա՛մ էլ կաշառել են»։ Էմմա Խուդաբաշյանը խորապես համոզված էր, որ Նաիրի Հունանյանը եւ իր հանցակիցները միայն կատարողներ էին եւ նրանց ետեւում առնվազն աջակցող ու «հուսադրող ուժեր» կային. «Կազմակերպիչների վերաբերյալ համոզումս առաջացավ հենց դահլիճում, երբ ինձ ու Նաղդալյան Հերմինեին դուրս հանելիս նրանք ասում էին, թե գնացեք, ժողովուրդը հենց հիմա գալու է, ձեզ կդիմավորեն, մյուս կողմից դուրս եկեք, որ ժողովուրդը ձեզ հանկարծ չխանգարի։ Այդ ովքե՞ր էին գալու Նաիրի Հունանյանին ողջունելու։ Այդ ի՞նչ ժողովուրդ էր գալու նրանց դիմավորելու… Այդ ո՞վ էր նրանց հույս տվել, որ երեւի լավ կլինի»։ Ի դեպ, բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ ձերբակալման հավաստիացումների առնչությամբ. Գագիկ Ջհանգիրյանի վերջին հարցազրույցից կարելի է կռահել, որ նա նկատի ուներ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Տիգրան Բալայանին (որն այսուհետ ծառայելու է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում), քանզի հենց նա էր այդ ժամանակ պատասխանատվություն կրում ԱԺ շենքի պահպանության եւ ներքին ռեժիմի համար։ Արդյոք ԱԺ աշխատակազմի ղեկավարին կարելի՞ է բարձրաստիճան պաշտոնյա համարել։ «Ո՛չ»,- միանշանակ պատասխանեց ԱԺ պատգամավորը։ «Թողնելով մի կողմ հանցագործության իրական պատվիրատուներին եւ կազմակերպիչներին՝ դատարան են տարվելու կատարողները։ Այս իրողությունը խորը հիասթափություն եւ անհավատություն է առաջացրել մեր ժողովրդի մոտ»,- վկայեց Էմմա Խուդաբաշյանը՝ հերքելով տարածված այն մտայնությունը, որ հոկտեմբերի 27-ի գործի շրջադարձերի նկատմամբ ժողովուրդը խորապես անտարբեր է։ «Ամեն ուրբաթ մեկնում ենք մեր տարածքային կազմակերպությունները՝ հանդիպելու մարդկանց հետ։ Եվ նրանց առաջին պահանջը հոկտեմբերի 27-ի բացահայտումն է, այլապես այստեղ ապրելը հնարավոր չեն համարում։ Ժողովուրդը չի՛ ներելու։ Նրանք պահանջում են մեզանից, մեզ մեղադրում, լուտանքներ թափում մեզ վրա, որ լռել ենք»։ Էմմա Խուդաբաշյանը եւս մեկ անգամ շեշտեց, թե լռել էին, քանի որ հավատում էին։ Իսկ այժմ խոստացավ, թե ուշադիր հետեւելու են դատաքննությանը, ներկա են լինելու նիստերին. «Իրողությունը կպարզվի՛։ Այնպես որ, թող հույսեր չփայփայեն, թե գործը կկարողանան կոծկել։ Եվ եթե այսպես շարունակվի՝ մենք արդեն ուրիշ միջոցների կդիմենք»։ Էմմա Խուդաբաշյանը բացասաբար պատասխանեց մեր այն հարցին, թե մի՞թե դեռեւս մտովի խաչ չի քաշել այս գործի բացահայտման հավանականության վրա։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել