Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2000 00:00

«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ՞, ԱՐԱՐԱՏԻ ՀԱՆՁՆՈ՞ՒՄ» Վերջերս հասարակական միությունների շարքը համալրեց «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միությունը, որի նախագահ ընտրվեց իրավապաշտպան գործունեությամբ հայտնի Վարդան Պետրոսյանը։ Այս միությունը երեկ մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, կապված Արարատ լեռան գագաթը միջազգային ուխտագնացություն կազմակերպելու հետ։ Բանն այն է, որ նախատեսվում է կրոնական տարբեր խորհրդանիշերի բարձրացումը Արարատ լեռան գագաթ։ ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, Հայաստանի եւ անգամ… Թուրքիայի դրոշները, ըստ միության տեղեկատվության, այս հուլիսի 16-ին օրհնվելու են Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։ «Եթե նույնիսկ ելնենք այն տեսակետից, որ Նոյյան տապանի մոտ են գալիս իրենց հարգանքը քրիստոնյաներին հայտնելու տարբեր հավատքի տեր մարդիկ, եթե բացատրելի լինի, որ այնտեղ ամրացվի թուրքական մահմեդական դրոշը, քանզի լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, միեւնույն է՝ անթույլատրելի է, անբացատրելի եւ անընդունելի, երբ թուրքական դրոշի բարձրացմանը՝ Արարատ լեռան գագաթին, իրենց հոժար կամքով մասնակցում են հայերը, մեր պետական դրոշը ձեռքներին»,- ասվում է հայտարարության մեջ։ «Հայոց տունը» դիմում է ուխտագնացության մասնակից հայերին, հրաժարվել, եթե Արարատի վրա պիտի բարձրանա… Թուրքիայի դրոշը։ Քրիստոնյա կազմակերպությունը դիմել է եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ պահանջով՝ «չվիրավորել սեփական ազգը, մեր նահատակների հիշատակը, չօրհնել, այլ անիծել ազգադավությունը»։ Ավելին, «Հայոց տունը» պահանջում է ՀՀ գլխավոր դատախազից, արշավին Հայաստանի քաղաքացիների մասնակցության դեպքում՝ «դրոշի անօրինական օգտագործման դեպքում», քրեական գործ հարուցել պետական խորհրդանիշը… վիրավորելու համար։ Հայաստանում, ինչպես հայտնի է, չկա եւ չեն էլ մտածում պետական-ազգային խորհրդանիշերի պաշտպանության օրենք ստեղծելու մասին եւ այս դեպքում տարօրինակ հարց է ծագում. դրոշը ո՞ր օրենքով է անօրինական օգտագործվում։ Արարատի՞. բայց, ցանկացած դեպքում, այն պիտի բարձրանա։ Գագաթի վրա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել