Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2000 00:00

ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻ, ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԵՎ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՄԱՍԻՆ Ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 9-րդ կետը նշում է. «Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 եւ ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով, անցկացվում է վերաքվեարկություն»։ Այնպես որ, անհիմն են այն կասկածները, թե Երեւանի Արաբկիր համայնքի թիվ 5 ընտրատարածքում երկրորդ անգամ ընտրություններն անվավեր ճանաչելը հատուկ խաղերի համար է, որպեսզի նոր մի թեկնածու առաջադրվի այս տարածքում։ Նոր թեկնածուի առաջադրումը ռեալ կլիներ այն դեպքում, եթե ընտրությունները չկայացված ճանաչվեին։ Իրականությունն այն է, որ անտեղի էին ՀՅԴ ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանին ուղղված շնորհավորանքները։ Պրն Բալայանը այժմ հայտնվել է նույն կոտրած տաշտակի առաջ, ինչպես ժամանակին Եղիա Շամշյանը։ Երեւի թիվ 5 ընտրատարածքի ավանդական թեկնածու եւ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանի «նավսը» շատ ուժեղ է այս տարածքի վրա։ Նրանից հետո դժվարացել է այս ընտրատարածքում նոր պատգամավոր օծելը։ ՄԸՀ-ը, բողոք-դիմումի հիման վրա, 0061 տեղամասում բացել է ընտրությունների փաստաթղթերը, որի արդյունքում հայտնաբերվել է 600 անվավեր քվեաթերթիկ։ Իսկ թեկնածուներ Կիմ Բալայանի եւ Եղիա Շամշյանի հավաքած ձայների տարբերությունն այնպիսին է, որ այս 600 քվեաթերթիկներն անմիջականորեն փոխել են ընտրության արդյունքները։ Այսպիսով, թիվ 5 ընտրատարածքում ընտրությունները հերթական անգամ անվավեր են ճանաչվել։ Սույն որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում 7 օրվա ընթացքում։ «Ինչ ցանես՝ այն կհնձես» ժողովրդական ասացվածքը բոլոր ժամանակների համար է։ Հիմա էլ Կիմ Բալայանն է հայտնվել Եղիա Շամշյանի վիճակում (հիշո՞ւմ եք «3+2» ֆիլմը՝ «Ը ՑպտպՐՖ – 255 ծՈՑՈՔՈ!»)։ ՍԴ-ն նույն հիմքով, ընտրությունների նախորդ փուլի հետ կապված, որոշում էր կայացրել եւ արդյունքում՝ առաջին վերաքվեարկություն նշանակվեց։ Եթե այս դեպքում ՍԴ-ն այլ որոշում կայացնի. «Ուրեմն՝ կներեք, ամեն ինչ պարզ է, քաղաքական խաղեր են, հրահանգ կա, որ ՀՅԴ ներկայացուցիչն անցնի»։ ՄԸՀ-ը դիմել է դատախազություն՝ հայտնաբերված օրինախախտումների դեմ գործ հարուցելու խնդրանքով։ Կասկածներ կան, որ Արաբկիրի թիվ 5 ընտրատարածքում ընտրություններից մեկ օր առաջ կենսաթոշակի բաժանումը հատուկ կատարվել է թեկնածուներից մեկի օգտին։ Այս տարածքում թիվ 33 փոստային բաժանմունքն է, որի վարիչը, բնակիչների ասելով, թեկնածուներից մեկի հարեւանուհին է։ Ընտրական հանձնաժողովները եւ դատախազությունը ժամանակ ունեն նշված փաստերը ստուգելու համար։ Երեւի խորհրդարանում յուղ ու մեղր են բաժանում, եւ հատկապես՝ թիվ 5 ընտրատարածքից եկածների համար։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ են տեղի հավակնորդներն այսքան օրինախախտ։ Բայց եթե իրենց հարցնես՝ ժողովրդի համար են գնում խորհրդարան, իրենց ուրիշ բան պետք չէ, միայն թե ժողովուրդը լավ ապրի։ Իսկ ժողովուրդը այնքան է սնանկացել, որ մի քանի հարյուր դրամով իր քաղաքացիական անկախությունն է վաճառում։ Ուրեմն արժանի է նրան, ինչ ունի։ Պատգամավորության թեկնածու Եղիա Շամշյանը եւս պատրաստվում է թերթերում հրապարակված փաստերի հիման վրա դիմել դատախազություն։ Նրա ասելով. «Հոգնած լինեմ թե ոչ, կարեւոր չէ, ես քաղաքի ըմբշամարտի չեմպիոն եմ եղել, մարտնչող բնավորություն ունեմ եւ պետք է պայքարեմ»։ Եթե որեւէ մարզաձեւով էլ ժամանակին Կիմ Բալայանն է զբաղվել, ապա երրորդ անգամ ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում («սատանի ականջը խուլ»,- կասեր ձեզանից մեկնումեկի տատը) այս պատմական ընտրատարածքում ընտրությունների փոխարեն ձեռնամարտի մրցույթ կանցկացվի։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել