Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

Իսկ եթե նախագահը «պլիտան» միացրած թողնի՞ Այն, որ հանրապետության պետական նշանակության շինություններն ամենեւին էլ հրդեհներից ապահովագրված չեն, վկայում են հրդեհները՝ էներգետիկայի նախարարությունում, քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունում, Ազգային օպերայի բեմում, արդարադատության նախարարությունում։ Մինչ պետական հրդեհային հսկողության բաժնի ղեկավարի հետ զրույցը, որոշեցի երկրի առաջին դեմքի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից իմանալ՝ որքանո՞վ է «ամուր հիմքերի վրա» նախագահի նստավայրի հակահրդեհային պաշտպանվածությունը եւ արդյո՞ք նախագահը երբեւիցե հետաքրքրվել է շենքի հակահրդեհային ծառայության աշխատանքով։ Պրն Գաբրիելյանի առաջին (եւ չենք կասկածում՝ անկեղծ) հարցը հետեւյալն էր. «Լո՞ւրջ եք հարցնում»։ Ապա թե՝ «Դա այն հարցը չէ, որ նախագահն ինքը պիտի հոգ տանի, դրա համար կա համապատասխան ծառայություն»։ Նույն հարցով, թե որքանով են մեր պետական գերատեսչություններն ապահովագրված հնարավոր հրդեհներից, դիմեցի պետական կառույցների հրդեհային հսկողության բաժնի պետ Սեյրան Կյատիկյանին. «Եթե ինձ եք հարցնում,- պատասխանեց նա,- այդ կառույցներն ապահովագրված են կիսով չափ, բոլոր շենքերում էլ թերություններ կան»։ Ըստ պրն Կյատիկյանի՝ հանրապետությունում հրդեհների ընդհանուր քանակի կեսից ավելին բնակելի շենքերում է։ Մեր հարցին, թե բնակելի շենքերում բնակվում ենք սովորական մահկանացուներս, իսկ ինչպե՞ս են իրենք ապահովում, ասենք, ՀՀ նախագահի նստավայրի հակահրդեհային անվտանգությունը։ «Էնպիսի հարցեր եք տալիս. նախագահն էլ սովորական մահկանացու է։ Հրդեհ մեզ մոտ էլ չպիտի լինի, նրա մոտ էլ։ Եթե դուք կամ նախագահը էլեկտրասալիկը միացրած թողնեք, բնական է, որ հրդեհ կլինի»։ Պարզվեց, որ հրշեջ վարչությունը՝ կազմակերպելու համար գերատեսչությունների հրդեհային անվտանգությունը, ոչ մի կոպեկ բյուջեից չի ստանում։ Տարին մեկ պարբերականությամբ այցելելով այդ շինությունները (ուր, ի դեպ, նրանց ամենեւին էլ գրկաբաց եւ աղուհացով չէ, որ դիմավորում են), այս վարչության աշխատակիցները՝ նկատելով, որ հակահրդեհային կանոնները պահպանված չեն, միայն իրավունք ունեն արձանագրություն կազմել։ Եվ միայն վարչության պետին է իրավունք վերապահված տուգանք նշանակել տվյալ հիմնարկին, այն էլ՝ մաքսիմում 500 դրամի չափով։ Ի դեպ, հրշեջ ծառայությունում, ինչպես ճշտեցինք այդ ոլորտի այլ աշխատակցից, 2 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել