Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

ԿԻՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԶԱՐ Որքան էլ քաղաքապետերը ժամանակ առ ժամանակ փորձեն քաղաքի դեմքը կոսմետիկ փոփոխության ենթարկել, փորձեն հերթական հրամաններով մաքրել փողոցային բազարները, միեւնույն է՝ շուկայական դիմագծերն ավելի են սազում։ Եվ ամենեւին կարեւոր չէ՝ խառը կանաչին եւ ծիրանը փողոցում են վաճառվում, թե սուպերմարկետում։ Կարեւոր չէ, որովհետեւ իրական բազարը մեր մեջ է, եւ ամենեւին կարեւոր չէ՝ խառը կանաչի ես վաճառում, թե քաղաքական հայացք։ Երեւանի շուկաներում իսկական ամառային տոթ է, օդը հակացուցված է շնչելու համար։ Քաղաքականության մեջ եւս մթնոլորտը հակացուցված է։ Գոնե մինչեւ 16 տարեկաններին պետք է խստիվ արգելել կուսակցական ժողովների, խորհրդակցությունների, ընտրությունների, կլոր եւ քառակուսի սեղանների շուրջ ծավալվող զրույցներ լսել։ Ավելի բարձր տարիքի ՀՀ քաղաքացիները լուրջ քաղաքական խոսակցություն լսելու իրենց պահանջը կարող են բավարարել ամենասովորական երեւանյան շուկայում։ Այս դեպքում եւս թունավորման դեպքերն անխուսափելի են։ Որքան էլ համաճարակաբանները հայտարարեն, թե իրենք վերահսկում են իրավիճակը, միեւնույն է, աղիքային հիվանդությունների լուրջ թիվ է գրանցվում ամեն իրիկուն։ Լոլիկ վաճառողը բարձրաձայն գովերգում է իր ապրանքը. «Պոմիդոր գնեք, իսկական Արարատի պոմիդոր, պինդ ու քաղցր, 1 կգ-ը 200 դրամ»։ Այս շոգի համար լոլիկի մեկ կգ-ը 200 դրամով գնելը պարզապես շռայլություն է։ «Ինչո՞ւ՝ 200, ավելի էժան տվեք»,- մի հաստլիկ տիկին ախորժելի հայացքով Արարատի լոլիկներն է զննում։ «Այ քույրիկ, բա չե՞մ ասում, Արարատինն է, ո՞նց էժան տամ»։ Կինը քաղաքականապես այնքան էլ հասուն չէ՝ «Ի՞նչ անեմ, ինձ էժան պոմիդոր է պետք»։ Ու ի՞նչ ասի վաճառողը, որ լավ լինի. «Եթե Վազգենը ողջ լիներ, 50-ով կտայի, բայց հիմա՝ չեմ կարող»։ Հիմա համոզվեցի՞ք, որ քաղաքականությունը նույնիսկ լոլիկի մեջ է խցկվել։ Այդ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ժինգյալով հացը պետք է ձրի բաժանվի, իսկ բողկին այսուհետ պետք է անանաս կոչել։ Ինչու՝ անանա՞ս. սա գործընկերներիցս մեկի միտքն է. «Ախր չգիտե՞ք Ղարաբաղի հողը ի՞նչ հող է, բողկ ես ցանում, անանաս է աճում»։ Երեւանի պրոսպեկտի փակ շուկայում տոթն ու մրգահոտը իրար են խառնվել, ծիրանը ոտքի հետ է գնում, վաճառողները գոհ չեն իրենց առեւտրից։ Քանի դեռ ծիրանը ցոգոլային վիճակում էր, գյուղնախարարը, ինչպես նաեւ տրանսպորտի եւ ՆԳ նախարարությունները համատեղ հայտարարություն արեցին, թե իրենք հարազատ գյուղացուն մենակ չեն թողնի եւ կօգնեն, որ ծիրանը հեշտ վաճառվի ոչ միայն երկրի ներսում, այլեւ՝ դրանից դուրս։ Բայց շուկայում կանգնած բոլոր ծիրանատերերը միաձայն հաստատեցին, որ բացարձակապես ոչ մի օգնություն չկա։ Ընդհակառակը՝ խանգարողներն են շատացել։ Վաղ առավոտյան հավաքած ծիրանը մի կերպ հասցնում են շուկա, այգու ծիրանը մնում է անտեր, ոչ ոք չի մոտենում եւ հարցնում՝ ծիրան չունե՞ս, տանենք դրսում վաճառենք։ Եթե մեկ-երկու մոտեցող էլ լինում է՝ ջրի գին է առաջարկում։ Իսկ մոսկվաներում մի ուրիշ համի ու հոտի ծիրան է վաճառվում, հայերն էլ գլուխներն են տմբտմբացնում. «Բա սա ծիրա՞ն է»։ Ճառ ասելն ու ծիրան ծախելը խիստ տարբեր բաներ են։ Մի ծիրանավաճառ պատմեց, որ իր աճեցրած բերքի հինգ տոկոսն անգամ չի կարողանում վաճառել։ Շուկայում կանգնելու համար վճարում է, կշեռքի համար վճարում է, հովանոցի համար նույնպես վճարում է, քանի որ շուկայատերերը թույլ չեն տալիս սեփական կշեռքն ու հովանոցը բերել, տվածի դիմաց էլ վարձ են պահանջում։ Ծիրանի հյութ եւ ծիրանի մուրաբա քչերն են սիրում, բայց իրենց տանտիկին համարող բոլոր կանայք սրբազան պարտք են համարում ծիրանի ամեն տեսակի պահածոյացումը։ Ապակե տարաները լցվում են, իսկ խորհրդարանը իրար հետեւից արտահերթ նիստեր է հրավիրում՝ գարնան եւ ձմռան ընթացքում չարածը անելու համար։ Հավանաբար պատճառն այն է, որ կին պատգամավորներն ընդամենը չորսն են, իսկ նրանց ընտանիքի անդամները ծիրանի հետ գլուխ չունեն։ Շուկայում ամենահետաքրքիրը չիր ու չամիչի բաժինն է։ Այս ապրանքները վաճառողն էլ չթաքցրեց. «Մենք հիմնականում արտասահմանցի տուրիստների համար ենք աշխատում։ Եթե տեղացիները գնում են՝ 200-300 գրամից ավելի չեն գնում, թանկ է»։ Մարդը մեղրեցի է, իր ասելով կարող է, փոքրիկ ներդրման դեպքում, լուրջ գործ սկսել եւ չիր ու չամիչը, քաղցր սուջուխն ու ալանին ավելի մեծ ծավալներով ուղարկել դուրս։ Ամառվա շոգին շուկան ուզի-չուզի մի քիչ քաղաքականացված պետք է լինի՝ մարդկանց նյարդերը չեն դիմանում։ Երբեմն հայհոյելու բուռն ցանկություն են ունենում, եւ այս պարագայում ամենահարմար թիրախը պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն են։ Մուրացիկներից մեկն էլ իր համար խիստ արդիական մի քառատող է հորինել ու կեռասի կորիզները թքելով արտասանում է. «Թե դու ինձ կտաս մի հարյուր դրամ, քեզ կգովերգեմ ես մինչեւ Աղդամ։ Թե որ ես խմեմ մի հարյուր գրամ, կմտնեմ թաքուն ես խորհրդարան»։ Բազարը սողոսկել է նաեւ մշակութային ոլորտ։ Ամեն ինչ խիստ պոետիկ է, նույնիսկ՝ մուրացկանությունը։ Իսկ ամուսնություններն ավելի ռոմանտիկ են դարձել։ Վարսավիրանոցում մեկը բորբոքված պատմում էր, որ 19 տարեկան մի մատուցողուհի շտապ ամուսնացել է եւ մեկնում է Ստամբուլ։ «Փեսացուն» հայերեն ոչ մի բառ չգիտի, փոխարենը՝ թուրքերեն եւ անգլերեն գիտի։ Աղջկան մեկ անգամ է տեսել, թարգմանիչ-ընկերոջ միջոցով առաջարկ է արել, մի ոսկեգույն մատանի է դրել մատը ու երեկ տարավ Ստամբուլ։ Աղջկա հայրը՝ մի խեղճացած հայ մարդ, չի առարկել՝ միեւնույն է, քեզ չեմ կարող պահել։ Մայրն էլ Ռուսաստանի ինչ-որ քաղաքում մյուս աղջկա երեխային տատիկություն է անում։ Քանի՞ այսպիսի պատմություն կպատահի։ Վիճվարչությունը այսպիսի տվյալներ չունի։ Իսկ արտագաղթի մասին նվնվացողները կամ նվնվոցն արգելողները պարզապես շատ են բարձր եւ չեն կարող այս ամենի մասին իմանալ։ Իմացողներն էլ հաստատ կասեն՝ թեմա է գտել։ Իսկական ամառային բազար՝ իր գարշահոտով, բազմազանությամբ, անտերությամբ եւ տերերի շատությամբ։ Սրտխառնոցի դեմ նույնիսկ մածունը չի օգնի։ Հիմիկվա մածունն էլ մածուն չէ, շոգին չի դիմանում, սա էլ է փչանում։ Օդերեւութաբաններն էլ կրակին յուղ են լցնում եւ հայտարարում, թե առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, գիշերը՝ 18-23, ցերեկը՝ 34-39։ Այսպիսի բարձր ջերմաստիճանը խիստ բարերար ազդեցություն կարող է ունենալ միայն քաջնազարության վրա, կարելի է սառն ուղեղով շշմած ճանճեր քշել։ Հավանաբար շոգը նեղում է նաեւ մարզպետներին, որովհետեւ նրանցից մեկը, մասնավորապես Լոռվա մարզպետն ասաց, թե պատերազմ է հայտարարում անտառ կտրողներին։ Շնորհակալ գործ է, միայն թե հարց է՝ կտրելու անտառ մնացե՞լ է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել