Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

2001-Ը ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՏԱՐԻ՞ Մամուլի ազգային ակումբի կազմակերպած հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը եւս մեկ անգամ վկայեց. «Եթե լինի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, կլինի նաեւ մեծածավալ նյութական օգնություն ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին»։ Այսուհանդերձ, առանց այդ նախապայման-գումարների էլ, նա կանխատեսեց, թե ամեն ինչ արվելու է, որ «եկող ամիսների եւ հատկապես եկող տարվա ընթացքում բեկում մտցվի Հայաստանի տնտեսության մեջ»։ Արտգործնախարարը գիտակցում էր, որ սա բավական «ռիսկով հայտարարություն է», բայց եւ հաշվի առնելով մասնավորապես նախագահի եւ վարչապետի ստացած (առայժմ չպաշտոնականացված) խոստումները, պնդեց, որ բավական ամուր հիմք կա լավատես լինելու համար. «Գիտեմ, որ սա պատասխանատու հայտարարություն է, բայց ես վերցնում եմ այդ պատասխանատվությունը»։ Ներկա լրագրողներից մեկն այս ամենն անվանեց «վարչապետի ելույթ»։ ԾԱՂԿԱՔԱՂ ՄԵՐԺՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ «Այսօր բանակցություններում տեղաշարժ չկա»,- հայտարարեց արտգործնախարարը։ Նա չբացառեց, որ կարելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր առաջարկներից ծաղկաքաղ անել, քանի որ բոլորի միջեւ կան նմանություններ՝ մոտեցումների եւ «հիմնականում կարգավիճակի ատրիբուտիկաների» առումով։ Իսկ առայժմ, ըստ պրն Օսկանյանի՝ «համանախագահողները որեւէ նոր առաջարկ չեն բերել, որեւէ նոր միտք չեն արտահայտել այցի ժամանակ»։ Համանախագահողները սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում ձեռք բերվելիք համաձայնություններին. «Եվ նրանք չեն պատրաստվում որեւէ նոր առաջարկությամբ հանդես գալ մոտ ապագայում»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել