Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ «ՍՑԵՆԱՐԻ», ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը երեկ քննության էր դրել «ՀՀ եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության» համաձայնագրի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը։ ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչն էր պետական եկամուտների նախարար Գ. Պողոսյանը։ ՍԴ-ից աշխատակարգային որոշումով զեկուցող էր ճանաչվել ՍԴ անդամ Հ. Սահակյանը։ Համաձայնագիրը 1999թ. դեկտեմբերի 1-ին ստորագրել էր նախկին ՊԵՆ-ը՝ Սմբատ Այվազյանը։ Համաձայնագրով կողմերի մաքսային ծառայությունները պայմանավորվում են ձեռնարկել «անհրաժեշտ միջոցներ մաքսային արարողակարգերի պարզեցման, միմյանց մաքսային ապահովումների ու փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ»։ Փոխադարձաբար կողմերը պետք է պայքարեն թմրանյութերի, հոգեներգործող եւ վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ՝ մաքսային իրավախախտումները բացառելու նպատակով (նշվեց նաեւ «վարժեցված շների մասնակցությամբ» պարբերություն- պարտավորության մասին եւս- Ռ. Մ.)։ Երբ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը փորձեց լիազոր- ներկայացուցչից ճշտել, թե ի՞նչ է նշանակում «ձեռնարկվում է մաքսային արարողակարգերի պարզեցման միջոցներ եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել», ՊԵ նախարարն ասաց, թե ինքն էլ չի հասկացել այդ հոդվածը։ Ավելին, չգիտեր, թե բուլղարական կողմը ստորագրե՞լ է համաձայնագիրը, թե՞ ոչ։ Փոխարենը հետաքրքիր էր լսել էներգետիկայի նախարար Վ. Գալստյանին, որը ներկայացրեց «ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին» պայմանագիրը, որը կնքվել է 1998թ. նոյեմբերի 25-ին, Մոսկվայում։ «ՀՀ կառավարության կողմից» այն ժամանակ պայմանագիրը ստորագրել է Արմեն Դարբինյանը։ Պայմանագիրը չեն ստորագրել Ռուսաստանը, Ադրբեջանը, իսկ Թուրքմենստանը եւ Ուկրաինան ստորագրել են վերապահումով։ Վ. Գալստյանը նշեց, որ Վրաստանի հետ կան խնդիրներ. նրանք 4,4 մլն դոլարի չափով պարտք ունեն մեր պետությանը։ Ընդհանրապես, այս պայմանագիրը նախատեսում է մշակել միասնական ռազմավարություն էներգետիկայի զարգացման եւ էներգիայի մատակարարումների դիմաց փոխադարձ վճարումների մեխանիզմ։ ՍԴ-ում խոսք գնաց ատոմակայանի երկարատեւ դադարեցման մասին, ինչի կապակցությամբ նախարարն ասաց, որ «հնարավոր չէ փակել ատոմակայանը՝ չունենալով ալտերնատիվ հնարավորություններ»։ Երկրորդ ատոմակայան բացելու համար հարկավոր է նախնական 3,4 մլրդ դոլար գումար։ Նախարարը հայերեն մի հետաքրքիր նախադասություն օգտագործեց, որից գլուխ չհանեցինք, այն է. «Նոր ատոմակայանի կառուցման համար սցենարը դիտարկում ենք»։ Տեսնես ովքե՞ր են բեմադրիչները… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել