Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին։ – Վերջերս ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը քննադատել էր արտգործնախարարության գործունեությունը, նշելով, թե նախարարությունը պիտի ապահովեր ե՛ւ ներդրումներ, ե՛ւ երկրի ճիշտ իմիջը, ե՛ւ Հայաստանի համար գտներ տնտեսական գործընկերներ միջազգային ասպարեզում։ Համաձա՞յն եք նրա այն գնահատականին, որ այս ամենը չի արվում եւ ԱԳՆ-ի վրա ծախսվող բյուջետային միջոցներին համապատասխան չէ աշխատանքի արդյունավետությունը։ – Ճիշտ է, տնտեսական ներդրումները որոշ չափով նաեւ ԱԳՆ-ի խնդիրն են, դեսպանատները պետք է այդ ուղղությամբ աշխատեն եւ այլն։ Բայց միայն արտաքին գործերի նախարարությանը դրա համար մեղադրելը, կարծում եմ, արդար չէ, Հայաստանն այսքան ժամանակ ինքը ներսում պատրաստ չի եղել այդ բոլորին ընդունել ե՛ւ օրենսդրական դաշտով, ե՛ւ վերաբերմունքով, ե՛ւ հարկային քաղաքականությամբ, ե՛ւ մեր անկազմակերպվածությամբ… բազմաթիվ այլ խնդիրներ կան։ Այնպես որ, Հայաստանում պետք է դաշտը արդեն պատրաստ լինի, պարարտ հող լինի դրա համար, որ մեր դեսպանները կարողանան ավելի արդյունավետ աշխատել։ Սակայն մեր դեսպանները նման բաներ են ինձ երբեմն ասում՝ մենք գնում ենք, մարդկանց համոզում, բերում Հայաստան, բայց նրանք այնպես են հուսախաբվում եւ հուսահատվում, որ վերջիվերջո ընդհանրապե՛ս են երես թեքում Հայաստանից։ Ավելի լավ է՝ այդ մարդիկ չգան այսօր, սպասենք, որ մեր դաշտը եւ ընդհանուր իրավիճակն ավելի բարենպաստ լինեն՝ հետո բերենք այդ մարդկանց։ Այնպես որ, հարցին երկու կողմից է պետք նայել։ Այո՛, ես ընդունում եմ, որ նաեւ մեր պարտականությունն է, բայց մյուս կողմից՝ Հայաստանն ինքը պետք է պատրաստ լինի։ Իսկ դրա համար պետք է երեւի մեղադրել մեզ բոլորիս՝ ե՛ւ կառավարությանը, ե՛ւ արդեն ԱԺ-ին, որ հիմնականում ճիշտ օրենսդրական դաշտ չի ստեղծել, կան օրենքներ, որ դեռ վանում են ներդրողներին։ – ԱԳՆ-ի գործունեությունը քննադատող հրապարակումների մի շարք եղավ նաեւ Հայաստանի ռուսալեզու պարբերականներում։ Քննադատության առարկան այս անգամ նախարարության կադրային քաղաքականությունն էր։ Ինչո՞ւ չներկայացրիք հակափաստարկներ։ – Գիտեք, ինձ համար անընդունելի էին այդ մեկնաբանությունները։ Այսօր նման բաների երեւի տեղիք է տրվում, որովհետեւ մենք չունենք պետական ծառայողի մասին օրենք։ Չմոռանանք, որ նախորդ 7-8 տարիներին եղել է մի վարչակարգ, այդ ընթացքում տարբեր մարդիկ ընդունվել են աշխատանքի։ Եվ այսօր նստել, դատել, թե ով ում բարեկամն է կամ ով ում է բերել, ում միջնորդությամբ է ընդունվել, եւ այդ մարդկանց ազատել աշխատանքից՝ ուղղակի անհեթեթություն է։ Սա ինձ համար անընդունելի տարբերակ է։ Այսօր մարդկանց կարելի է աշխատանքից ազատել միայն ու միայն աշխատանքում նրանց թերացման եւ ոչ թե ինչ-որ մեկի բարեկամը լինելու կամ քաղաքական այլ հայացքներ ունենալու պատճառով։ Մինչեւ որոշ մակարդակ՝ փոխնախարար, թեկուզ խորհրդական, վարչության պետեր եւ այլն, կարծում եմ, որ երեւի այս բոլորը կճշգրտվեն պետական ծառայողի մասին օրենքով։ Կրկնում եմ, ուղղակի անթույլատրելի է որեւէ մեկի հայացքների կամ բարեկամության պատճառով նրան աշխատանքից ազատելը։ – ԱԳՆ-ի կադրային քաղաքականությանը վերաբերող եւս մի հարց։ Ճիշտ է, նախագահի խոսնակը Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության առիթով մեկնաբանություններ արել է, բայց հետաքրքիր է Ձեր տեսակետը հրապարակված այն դրդապատճառների առնչությամբ, թե Արմեն Սարգսյանը գործարարությունը համատեղում էր դիվանագիտական աշխատանքի հետ եւ կամ Լոնդոնում ընդունել էր երկրապահների մի պատվիրակության։ Ի դեպ, ԱԳՆ-ն մտադի՞ր է նրա ունակություններն օգտագործել, թե՞ պրն Սարգսյանին այլեւս սպառված եք համարում դիվանագիտության համար։ – Արմեն Սարգսյանի հրամանագիրը բացարձակապես կապ չունի երկրապահների եւ նման բոլոր մեկնաբանությունների հետ, որոնք արվեցին տարբեր թերթերում… Ուղղակի ժամանակի գործոնն էր, նաեւ նրա զբաղվածությունն էր այլ խնդիրներով՝ դրանք էին պատճառները, որ նախագահը որոշեց Արմեն Սարգսյանին հետ կանչել։ Նա դեռեւս մնում է մեր դիվանագիտության կազմում՝ Վատիկանում հավատարմագրված դեսպան է։ Բայց այստեղ ես ուղղակի պետք է ասեմ, թե մեր ակնկալությունն էր, որ Արմեն Սարգսյանն այդ հրամանագրից հետո գոնե մի անգամ կվերադառնար Հայաստան։ Բայց նա դեռեւս չի վերադարձել։ Ես ուղղակի դժվարանում եմ դրան որեւէ մեկնաբանություն տալ… Այդ հրամանագրից հետո Հայաստան չգալը՝ գոնե մեզ հետ ապագա անելիքների մասին խորհրդակցելու համար, թույլ է տալիս մեզ անել այլ եզրակացություններ։ Եվ, կարծում եմ, որ երեւի թե արդեն պետք է հետեւեն նախագահի մյուս հրամանագրերը՝ նաեւ այլ տեղերում Արմեն Սարգսյանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Նշենք, որ երկրապահներին Լոնդոնում ընդունելու ու նաեւ առանց կառավարության լիազորության Մոսկվա մեկնելու՝ «ըստ երեւույթին, պարզելու նախագահական պաշտոնի իր հնարավորությունները» մեկնաբանություններն արել էր Երվանդ Ազատյանը։ Եվ վերջինիս հավաստմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը Վաշինգթոնում հաստատել էր դրանց ճշմարիտ լինելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել