Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ «ԱՌԱՎՈՏԸ» Հայ գրողներ Վահան Վարդանյանը, Ռաֆայել Նահապետյանը, Ռոմիկ Սարդարյանը, Արտաշես Ղազարյանը, Վահան Թամարյանը եւ Վահան Տեր-Ղազարյանը խմբագրությանն են դիմել նամակով, որում իրենց վրդովմունքն են հայտնում Գրողների միությունում հակաբեղմնավորիչների դեմ բողոքող հայ մտավորականների հավաքի լուսաբանման առիթով: Ի թիվս այլ հայհոյանքների, նամակում, մասնավորապես, գրված է. «Ուրեմն իմացեք, եթե ընտանիքի պլանավորումը ճիշտ հունով սկսվեր տարիներ առաջ, եւ անցանկալի ծնունդներ չլինեին, «Առավոտը» չէր լինի»: ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ Եվրախորհրդի ԽՎ հունիսի 28-ի նիստում Հայաստանում մարդու իրավունքների հարցերով զեկուցող Մ. Շպինդելեգերն անդրադարձել է նաեւ Աշոտ Բլեյանի դատավարությանը, նշելով, թե նրան շատերը քաղբանտարկյալ են համարում։ «Բլեյանին պահում են ճաղերի ետեւում։ Ինձ բացատրում էին, որ դատական նիստերի բոլոր դահլիճները կահավորված են ճաղապատված վանդակներով։ (Ես նաեւ լսել եմ, որ դա ճիշտ չէ, եւ որ շենքն ունի նաեւ նիստերի «նորմալ» դահլիճներ),- զեկույցում նշել է Շպինդելեգերը։- Ես անթույլատրելի եմ համարում, որ այն մեղադրյալի հետ, որը դժվար թե կարող է վտանգավոր որակվել (նա այդպիսին չի որակվել Հայաստանի իշխանությունների կողմից), այսպես վարվեն՝ ոտնահարելով նրա մարդկային արժանապատվությունը եւ անմեղության կանխավարկածը»։ Այդ դիտողությունը վերաբերել է նաեւ Բլեյանի խափանման միջոցի ընտրությանը, եւ այս ամենի վերաբերյալ իշխանությունների պատասխանները Շպինդելեգերը բավարար չի համարել։ 3 ՏԱՐԻ ԱՆՑ. ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ Փորձեք գտնել 3 տարբերություն Վարդան Օսկանյանի երեկվա ասուլիսում այս պնդման՝ «Իրոք, այսօր բոլորի շահերից է բխում ու նաեւ մեր՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի, որ մենք հնարավորին չափ արագ կարողանանք այս հարցը կարգավորել։ Այսօր որեւէ մեկին ձեռնտու չէ հարցի կոնսերվացումը կամ ձգձգումը» եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում պարունակվող հետեւյալ պնդման միջեւ «Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը»։ Ընդսմին, երեկ Հայաստանի արտգործնախարարը նաեւ հայտնեց. «Այսօր դեռեւս սեղանի վրա չկա մի այնպիսի առաջարկ, որը կարող է հարցի մոտալուտ լուծման հույս ներշնչել»։ Կարդացեք էջ 2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել