Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 11,2000 00:00

ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԸ Հանրահայտ «Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով Շվեյցարիա այցելած հայ լրագրողներս հնարավորություն ստացանք ծանոթանալ այս ընկերության Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գործունեության հետ։ Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում մասնակցեցինք առանձին թեմաներին նվիրված շնորհանդեսների, այցելեցինք Նուշաթելի ծխախոտի գործարան, արժանացանք «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի պրեզիդենտ Անդրե Կալանտզոպուլոսի ընդունելությանը։ Այս ամենին առավել մանրամասն կանդրադառնանք մեր հետագա հրապարակումների ընթացքում։ Ամեն ինչի մասին՝ մի քիչ Հայաստանում «Ֆիլիպ Մորիսը» հայտնի է որպես սիգարետ արտադրող ընկերություն։ Այս ընկերության բազմահազար արտադրատեսակներից մեր երկիր ներմուծվում է հենց սիգարետը։ Սակայն, հանրահայտ այս ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 3 հիմնական ուղղություններով՝ սիգարետի, սննդամթերքի եւ գարեջրի արտադրությամբ։ «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի ԶԼՄ-ների հետ աշխատանքի կառավարիչ Վադիմ Սավելեւը տեղեկացրեց, որ 1999 թ. ընկերությունը կրկին հաստատել է «Ֆիլիպ Մորիսի» որդեգրած բիզնեսի կառավարման հիմնական սկզբունքների արդյունավետությունը։ Համաշխարհային շուկայում այս ընկերության համախառն արտադրանքից ստացված եկամուտները անցած տարի կազմել են 78,3 միլիարդ դոլար։ Այն դեպքում, երբ հիմնական գործունեությունից համախառն շահույթը կազմել է 15,2 միլիարդ դոլար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սպառողն առանձնապես ծանոթ չի «Ֆիլիպ Մորիսի» գործունեությանը՝ նշենք, որ սիգարետի արտադրությամբ (որով զբաղվում են ընկերության 6 բաժանմունքներ, կամ դուստր ձեռնարկություններ, որոնց թվին են պատկանում «Ֆիլիպ Մորիս-ԱՄՆ»-ը եւ «Ֆիլիպ Մորիս-Ինտերնացիոնալ»-ը) «Ֆիլիպ Մորիսը» անվիճելի առաջնորդ է ծխախոտի համաշխարհային շուկայում։ Մյուս ուղղությամբ՝ սննդի արտադրությամբ, «Ֆիլիպ Մորիսը» համաշխարհային շուկայում գրավում է երկրորդ տեղը։ «Կրաֆտ ֆուզ» ընկերությունն արտադրում է ավելի քան 2000 անուն տեսականի։ Գարեջրի արտադրությամբ «Միլլեր Բրյունգ» ընկերությունը համաշխարհային շուկայում 3-րդ տեղում է եւ նույնպես պատկանում է «Ֆիլիպ Մորիս» ընկերությանը։ Վադիմ Սավելեւի հաղորդագրության համաձայն՝ «Ֆիլիպ Մորիսին» են պատկանում ծխախոտի, սննդի եւ գարեջրի արտադրության առավել քան 3000 հանրահայտ անվանումներ։ Բավական է նշել դրանցից միայն Մաքսվել Հաուսին, Օսկար Մայերին, Մարլբորոյին։ Ընդ որում, անցած տարվա ընթացքում առավել հայտնի 76 անվանումներից յուրաքանչյուրն ընկերությանը 100 միլիոն դոլարի եկամուտ է բերել։ Այս ամենին՝ ըստ Վ. Սավելեւի, ընկերությունը հասել է մարկետինգի փորձի բացառիկությամբ եւ համաշխարհային ենթակառուցվածքների առկայությամբ։ Ի դեպ, «Ֆիլիպ Մորիս» ընկերությունն ունի 137 հազար աշխատակից, որոնք աշխատում են մոտ 200 երկրներում ներկայացված ընկերության ենթակառուցվածքներում։ Ինչ վերաբերում է «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանին, նշենք, որ իր գործունեությունն այն ընդլայնել է 90-ական թվականներին։ Ձեռք բերելով տեղական գործարանները, «Ֆիլիպ Մորիսը» հնարավորություն է ստացել մուտք ունենալ տեղական շուկաներ եւ հիմք ստեղծել գործունեության ընդլայնման համար։ Որպես ինքնուրույն տարածաշրջան՝ Արեւելյան Եվրոպան «Ֆիլիպ Մորիսում» գործում է 1998 թ. հունվարից։ Այդ ընթացքում տարածաշրջանի մեջ ընդգրկվել են 16 երկրներ, բացվել՝ 40 ներկայացուցչություններ, ստեղծվել 6 գործարաններ։ Ներդրումներն ընդհանուր հզորությամբ արդեն արվել են, որը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Հայաստանում «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցչությունը գործում է արդեն 5 տարի։ Համաշխարհային ծխախոտի շուկան գնահատվում է 5,2 տրիլիոն հատ սիգարետի շրջանակներում։ Անցած տարի «Ֆիլիպ Մորիսը» գրավեց ծխախոտի համաշխարհային շուկայի 16 %-ը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ծխախոտի շուկային՝ հայտնի է, որ այն գնահատվում է 5,5 միլիարդ սիգարետի շրջանակներում։ Անցած տարի «Ֆիլիպ Մորիսը» Հայաստան է ներմուծել շուրջ 5,30 միլիոն հատ սիգարետ։ Ճաշի սեղանի շուրջ Հետաքրքիր է, որ սիգարետի համաշխարհային շուկան գրաված «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի պատասխանատուները՝ պրեզիդենտի գլխավորությամբ, զարմանալիորեն քաջատեղյակ էին Հայաստանի ծխախոտի շուկայում տեղի ունեցող իրադարձություններից։ «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի պրեզիդենտ Անդրե Կալանտզոպուլոսին, մեղմ ասած, զարմացրել էր տեղական արտադրողի բարձրացրած աղմուկը՝ ակցիզային քաղաքականության հետ կապված։ Նրանք (Հայաստանի եւ Կովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչները) շեշտեցին, որ հավատարիմ իրենց գործունեության թափանցիկության՝ փորձել են հանդիպել Հրանտ Վարդանյանի հետ, սակայն վերջինս չի ցանկացել։ «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի պատասխանատուներն այն համոզմանն էին, որ Հայաստանի ակցիզային նման քաղաքականությունը չի կարող խոչընդոտել տեղական արտադրողի գործունեությանն ու առավել եւս՝ նպաստել մաքսանենգությանը։ Ի դեպ, կողմնակից լինելով տեղական արտադրողին խթանելու գաղափարին, այնուամենայնիվ, չենք կարծում, թե ազատ շուկայական հարաբերություններ ստեղծող Հայաստանը պետք է խուսափի օտարերկրյա ներդրումներից եւ չինտեգրվի համաշխարհային տնտեսական գործընթացներին։ Ուստի եւ պրն Կալանտզոպուլոսից փորձեցինք ճշտել՝ մտադիր չե՞ն արդյոք իրենց գործունեությունն ընդլայնել Հայաստանում եւ ծխախոտի գործարան բացել. այնպես, ինչպես դա արվել է Ղազախստանում, Կիեւում, Սանկտ Պետերբուրգում։ Անդրե Կալանտզոպուլոսը գործարան հիմնադրելու առնչությամբ նշեց, որ այս պահի դրությամբ նման մտադրություն չունեն։ Սակայն, դա չի նշանակում, թե երբեւէ անհնար է այդ գաղափարի իրագործումը։ Եթե բիզնեսի շահերը պահանջեն, ապա, ըստ պրն Կալանտզոպուլոսի, «Ֆիլիպ Մորիսը» նպատակահարմար կգտնի ծխախոտի գործարան բացել Կովկասյան տարածաշրջանի համար՝ այդ տարածաշրջանի երկրներից որեւէ մեկում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա նշանակում է ներդրումներ եւ կոնկրետ աշխատատեղերի ստեղծում՝ կարծում ենք, Հայաստանի իշխանություններն ու գործարար շրջանակները պետք է շահագրգիռ լինեն այս հարցում։ Իսկ մինչ այդ, համաշխարհային շուկայի գործընթացներին ինտեգրվելու առումով, սկզբի համար, թերեւս ճիշտ կլիներ փորձել նույն «Ֆիլիպ Մորիս» ֆիրմային առաջարկել Հայաստանում մշակած թութուն։ Ինչը նշանակում է գյուղատնտեսությունում այս ճյուղի զարգացում, աշխատատեղերի ստեղծում, ի վերջո, օտարերկրյա ներդրումների գրավում։ Մեր տպավորությամբ «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի պատասխանատուները բավական բարեհաճ էին Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու առումով։ Մնում է, որ Հայաստանի իշխանություններն ու գործարար շրջանակները եւս պատասխանեն նույն բարեհաճությամբ։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ Լոզան-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել