Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 11,2000 00:00

Ի՞ՆՉ ՀԻՄՔԵՐՈՎ ԷԻՆ ԿԱՐՃՎՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾԻ ՄԱՍԵՐԸ Մեկ շաբաթ առաջ զինդատախազությունն ԱԺ 66 տուժած պատգամավորներին է ուղարկել այն որոշումների պատճենները, որոնցով դադարեցվել է քրեական հետապնդումը հոկտեմբերի 27-ի գործով մի շարք մեղադրյալների նկատմամբ։ Այս որոշումներում շարադրված փաստարկների գերակշիռ մասը հայտնի է։ Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք նորություն են անգամ այս գործին ուշադրությամբ հետեւողների համար։ Մեջբերենք ըստ այն հերթականության, որով կարճվեցին մեղադրյալների նկատմամբ քրեական գործի մասերի վարույթները։ Ալեքսան Հարությունյան «Մեղադրյալ Դերենիկ Բեջանյանը, հակասելով իր իսկ կողմից նախկինում տրված բազմաթիվ ցուցմունքներին, որոնցում ստույգ նշել է, որ իրենց խմբի կազմակերպիչների, օժանդակողների եւ դրդիչների մասին որեւէ տեղեկություն չունի, դեպքից շուրջ 4 ամիս անց ցուցմունք է տվել այն մասին, որ 1999 թ. հոկտեմբերի 26-ին Նաիրի Հունանյանենց տանը խոսակցության ընթացքում Կարեն Հունանյանն Էդիկ Գրիգորյանի եւ իր ներկայությամբ պատմել է, որ Նաիրին նախապես հանդիպել է մի շարք քաղաքական եւ պետական գործիչների, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ, որը խոստացել է պետական հեղաշրջումը հաջող ավարտելուց հետո աջակցություն ցուցաբերել իրենց։ Դերենիկ Բեջանյանը նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ մեղադրյալ Կարեն Հունանյանի հետ առերես հարցաքննվելիս, որի ընթացքում վերջինս չի հաստատել այն, սակայն երկու օր անց՝ 19.02. 2000 թ., լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ Դերենիկ Բեջանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ չի հիշել, սակայն երկու օր անց մտաբերել է, որ եղբորից՝ Նաիրի Հունանյանից, տեղեկացել է, որ հանդիպել է Ալեքսան Հարությունյանի հետ եւ քննարկել իրենց ծրագրերը Ազգային ժողովի դահլիճը գրավելու, երկրում հեղաշրջում կատարելու վերաբերյալ։ (…) Հետագա քննության ընթացքում մեղադրյալ Կարեն Հունանյանը լրացուցիչ ցուցմունքներ է տվել այն մասին, որ Ալեքսան Հարությունյանի վերաբերյալ տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում (իր նախկին ցուցմունքները «սուտ» է անվանել եւ «պարտադրանքի հետեւանք»- Ա. Ի.)։ (…): Էդուարդ Գրիգորյանը հաստատելով Կարեն Հունանյանի ցուցմունքները, ավելացրել է, որ Ալեքսան Հարությունյանի մասնակցության մասին որեւէ տեղեկություն չունի, նրա մասին Նաիրի Հունանյանից լսել է միայն բացասական արտահայտություններ եւ ոչ ավելին»։ Հարություն Հարությունյան «Քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել Երեւանի Կենտրոն համայնքի դատարանի որոշմամբ ԱԺ տարածքում քննչական փորձարարության ժամանակ Կարեն եւ Նաիրի Հունանյանների խոսակցության գաղտնի ձայնագրումը, ըստ որի Նաիրի Հունանյանն, առաջին իսկ հարմար պահն օգտագործելով, Կարեն Հունանյանին հարցրել է. «Հարութի մասին քեզ հարց ու փորձ արե՞լ են»։ (…) Ինչ վերաբերում է 1999 թ. դեկտեմբերի 26-ին ԱԺ-ում կատարված գաղտնալսման արդյունքներին… Նաիրի Հունանյանը ցուցմունք է տվել, որ ինքը նման բան չի ասել, դա տեխնիկայի «թերությունն է»։ Նաիրի Բադալյան «Քիչ անց Ն. Հունանյանն ԱԺ տարածք է մտել իր եղբոր՝ Կարեն Հունանյանի եւ քեռու՝ Վռամ Գալստյանի հետ միասին։ Հասնելով Բադալյանին, կենտրոնական մուտքից ներս են մտել ԱԺ շենք։ Ճանապարհին Ն. Հունանյանը Բադալյանին հարցրել է եւ իմացել, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը նիստերի դահլիճում է։ Զրուցելով կայանալիք կաթողիկոսական ընտրություններից, գնացել են դեպի ԱԺ նիստերի դահլիճ տանող միջանցք։ Հասնելով միջանցքի ծայրին, մեղադրյալ Ն. Հունանյանը զուգարան մտնելու ցանկություն է հայտնել, ձեռքի թղթապանակը տվել է Բադալյանին եւ մտել զուգարան։ Շուրջ 1 րոպե անց դուրս գալով այնտեղից, շարունակել են ճանապարհը եւ, երբ հասել են դահլիճ տանող աստիճաններին, հանկարծ Ն. Հունանյանը Ն. Բադալյանին կոչ է արել չվախենալ եւ Վ. Գալստյանի, Կ. Հունանյանի հետ վազել են դեպի նիստերի դահլիճ տանող աստիճանները»։ Մուշեղ Մովսիսյան «Մ. Մովսիսյանը վստահեցրել է, որ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո մնացած քայլերը կանի Սամվել Բաբայանը, որը տեղյակ է իրենց մտահղացման մասին… եւ ԱԺ դահլիճը գրավելուց հետո մնացածը նա է անելու (սրա մասին ցուցմունք են տվել Նաիրի եւ Կարեն Հունանյանները- Ա. Ի.)։ (…) Գործով տուժող Աղասի Արշակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Մուշեղ Մովսիսյանն իրեն ասել է, որ եղբորը՝ Առաքել Մովսիսյանին, ձերբակալել են Վազգեն Սարգսյանի հրահանգով եւ հարբած վիճակում այն միտքն է արտահայտել, որ Վազգեն Սարգսյանի ոչնչացմամբ է հնարավոր կարգ ու կանոն հաստատել (երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պրն Արշակյանը պնդել է իր ցուցմունքը, ավելացնելով, թե ոչ մի նոր բան չի ասել՝ այդ մասին Մուշեղ Մովսիսյանն ինքն էլ հայտարարել է ԱԺ ամբիոնից- Ա. Ի.)։ (…) Հիմնավորվել է, որ Մուշեղ Մովսիսյանը 1995 թ. ընտրությունների կապակցությամբ դժգոհ է եղել Վազգեն Սարգսյանից, գտել, որ վերջինս 1995 թ. թույլ չի տվել իրեն ԱԺ պատգամավոր ընտրվել, խոչընդոտում է երկրի զարգացմանը։ (…) 27.10.1999 թ. ՀՀ ԱԺ նիստի ռադիոհաղորդման ձայնագրության սղագրության համաձայն, Ն. Հունանյանի խմբի ԱԺ դահլիճ ներխուժելուց մոտ 15 րոպե անց, երբ սպանություններն արդեն կատարված են եղել, Ն. Հունանյանը հարցրել է. «Մուշեղը չկա՞», իսկ հետագայում տարբեր անձանց պահանջել է կապվել Սամվել Բաբայանի հետ եւ կանչել նրան ԱԺ։ (…) Սակայն Ն. Հունանյանի կողմից տեռորիստական ակտը Մուշեղ Մովսիսյանի անմիջական դրդմամբ կատարելու հանգամանքը, նկատի ունենալով Նաիրի Հունանյանի՝ նախկինում այդ կապակցությամբ տված ցուցմունքներից հրաժարվելը, նախաքննությամբ չի ապացուցվել, քանի որ դրդչությունը, որպես հանցակցություն, ենթադրում է ուղղակի դիտավորություն, ինչը Մ. Մովսիսյանի պարագայում ապացուցված չէ, եւ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»։ Գործով տուժող ճանաչվածները հնարավորություն ունեն այս որոշումները ստանալուց հետո 7-օրյա ժամկետում դրանք բողոքարկել վերադաս դատախազին, այն է՝ գլխավոր դատախազին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել