Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 11,2000 00:00

«ՅԱ՛ԽՔ, ՈՆՑ ԵՆ ԶԶՎԱՑՐԵԼ» Այսպես արձագանքեց երեկ, ժ. 18.15-ի մատույցներում Մաշտոցի պողոտայի եւ Վռամշապուհ արքայի փողոցների խաչմերուկը հատել փորձող «10» համարի երթուղայինի վարորդը։ Բանն այն է, որ հերթական անգամ Երեւան են ժամանել օտարերկրյա ինչ-ինչ հյուրեր, որոնց փառահեղ եւ չընդհատվող ընթացքն ապահովելու համար հայրենի ոստիկաններն իրենց ազգակից վարորդներին (ընդ որում՝ բավական անհարգալից) այլ ուղղություն էին պարտադրում։ Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է. սեփական ժողովրդի հանդեպ անհարգալից եւ բիրտ վերաբերմունքն արդեն ավանդույթ է։ Օտարի հանդեպ անսահմանափակ հարգանքը եւ ստրկամտի հոգեբանությունը տեղ չի թողնում, որ պատահաբար նախագահ, վարչապետ չդարձած հայերն էլ հարգանքի արժանանան ճանապարհային ոստիկանների կողմից։ «Յա՛խք, ոնց են զզվացրել, ուզում ես թռչես, գնաս էս անտեր երկրից»,- օդի մեջ եւ անհասցե ասում են վարորդները։ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՈՒՆԵ՞Ք Արդեն մի քանի օր համառ լուրեր են պտտվում, թե ժամանակին Ղարաբաղի սահմանում մաքսազերծված եւ Հայաստան ներմուծված արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները տուգանային հրապարակ են տարվում՝ Ղարաբաղ վերադարձնելու նպատակով։ Ըստ մեր տեղեկությունների, այս միջոցառումները կապված են Սամվել Բաբայանի ստվերային տնտեսական գործունեության «բացահայտման» հետ։ Հիշեցնենք, որ վերջինս ժամանակին զբաղված էր արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների ներկրմամբ։ Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ հիմա դրանց մաքսազերծումը Ղարաբաղում, ամենաէժաններից մեկն է։ Հիշյալ տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք պետավտոտեսչության հանրապետական վարչության պետի տեղակալ Բաբկեն Նազարյանին։ Մեր հարցին ի պատասխան, վերջինս կտրականապես հերքեց այս տեղեկությունները։ Ի գիտություն ընդունելով պարոն Նազարյանի պաշտոնական պատասխանը, այսուհանդերձ, հույս ունենք, որ եթե մեր ունեցած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր այն վարորդներն, ովքեր առնչվել են այս խնդրին, կարձագանքեն մեր հրապարակմանը։ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՍՏԻՃԱՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Է Ըստ ՀՀ նախագահամերձ շրջանակներից մեզ հասած ոչ պաշտոնական տեղեկությունների, պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանին պաշտոնանկ անելու մտադրություններ կան։ Շոշափվում է նաեւ հավանական թեկնածուի անունը։ Ըստ նույն աղբյուրների, պատճառն այն է, որ Գ.Պողոսյանը շատ ինքնուրույն ու անկանխատեսելի նախարար է ու «խցկվում» է այնտեղ, որտեղ պետք չէ։ Նախարար Գ.Պողոսյանն անկեղծորեն զարմացավ իր պաշտոնանկության մասին լուրերի առնչությամբ եւ ասաց, թե ինքն այդ մասին առաջին անգամ է լսում։ Բացի այդ, ըստ պարոն Պողոսյանի, մինչեւ նախարար նշանակվելը ինքն իր տեսակետները նախարարության գործունեության առաջիկա ծրագրերի շուրջ ներկայացրել է ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել դրանց իրագործման առումով։ Մեր աղբյուրները նշում են սակայն, որ այս մտադրությունը գալիս է ոչ թե կառավարությունից կամ նախագահ Քոչարյանից, այլ Սերժ Սարգսյանից։ ԱԺ-Ի ՆՇԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԵՆ ՀԱՍՑՆԻ Դատախազության քննչական մասի պետ Անդրանիկ Միրզոյանն ասել է, որ էներգետիկ չարաշահումների վերաբերյալ գործն այնքան ծավալուն է, որ սահմանված երկու ամսում դժվար թե ավարտեն. «Այսօրվա վիճակով մենք ծանոթանում ենք ներկայացված փաստաթղթերին»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել