Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 11,2000 00:00

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ «Հայծխախոտ» ԲԲԸ խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ապօրինի ձերբակալումը բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվեց. ովքե՞ր էին շահագրգռված նրա ձերբակալմամբ եւ ի՞նչ նպատակ էր այն իրականում հետապնդում։ Հարցեր, որոնց պատասխանները դեռ շոշափելի չեն երեւում, եւ առայժմ միայն տարբեր նեղ քննարկումների, մեկնաբանությունների տեսքով է ներկայանում։ Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբակցության նախագահ Վարդան Այվազյանին վիրավորանք հասցնելու համար։ Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Սեւանի տարածքում, ՀՀ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանի քեռու հուղարկավորության ժամանակ։ Հուլիսի 5-ին Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցներից տեղեկանալով, որ Սեւանի ՆԳ բաժինը նյութեր է նախապատրաստել այդ միջադեպի վերաբերյալ, ներկայացել է Սեւանի ՆԳ բաժին, իր անվան հետ կապված խնդիրները օրինական կարգով պարզաբանելու հնարավորություն տալու։ Տեղում Ռ. Հայրապետյանից բացատրություն են վերցրել, կազմել արձանագրություն, որ ինքն անձամբ է ներկայացել նախաքննության մարմնին, եւ նույն օրն էլ՝ այդ նյութերով, հարուցվել է քրեական գործ եւ Ռ. Հայրապետյանն այդ գործով հարցաքննվել է որպես վկա։ Սակայն Ռ. Հայրապետյանը ձերբակալվեց (որն այնքան էլ ձերբակալություն չի կարելի որակել, քանի որ անձամբ է ներկայացել), եւ հաջորդ օրը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Երեւանի ՆԳՎ ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարան։ Երեկ, Ռ. Հայրապետյանը, երեկոյան կողմ, վերջապես ազատ արձակվեց։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել