Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 11,2000 00:00

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Արաբկիր համայնքի թիվ 5 ընտրատարածքի բնակիչների համար վերջին ժամանակները մշտական ընտրությունների շրջան են։ Սա ավանդաբար կոմունիստ Լեոնիդ Հակոբյանի ընտրատարածքն էր։ Նախարարական պորտֆել վերցնելով, ընկեր Հակոբյանը սեփական հարցերը լուծեց, բայց ուրիշներին կրակը գցեց։ Ընտրատարածքում պատգամավորության չորս թեկնածուները ստիպված էին երկու անգամ մասնակցել ընտրությունների։ Մայիսի 21-ի ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձավ Եղիա Շամշյանը։ Նա մոտ մեկ ամիս էլ պատգամավոր աշխատեց, բայց՝ ՀՅԴ ներկայացուցիչ, թեկնածու Կիմ Բալայանը ընտրությունների արդյունքը բողոքարկեց. ՍԴ-ն արդարացի համարեց բողոքը եւ արդեն անցած կիրակի (հուլիսի 9-ին) կրկնակի ընտրություններ անցկացվեցին թիվ 5 ընտրատարածքում։ Ընտրությունների օրացույցից Թիվ 5 ընտրատարածքի բոլոր տեղամասերում հասարակական կարգի պահապանների պակաս չէր զգացվում, տեղ-տեղ այնպիսի տպավորություն էր, թե ոստիկաններն ավելի շատ են, քան ընտրողները։ Իսկ ընտրողները բառացիորեն հոգնած ու մի պապիկի ասելով՝ «զզված էին ընտրություններից»։ Ընտրելու իրավունքից օգտվող ՀՀ քաղաքացի այս պապիկի ասելով. «Էս կարգ չի, ոնց որ ժողովրդին ձեռ առնեն՝ ընտրի, մի ընտրի, վերջն էլ իզով-թոզով կորում են, գնա պառլամենտի առաջ օրերով հերթ կանգնի, որ մի դեպուտատ բռնես»։ Էլ ի՞նչ ընտրություն առանց խախտումների, առանց շրջանցումների։ Զենիկ Սարգսյանի նախընտրական շտաբում, արդեն առավոտյան ժամը 10-ին մեզ հայտնեցին, որ երկու տեղամասերում (62 եւ 55) քվեաթերթիկների նախատեսված 5%-ից ավելին չի ապահովված։ Թիվ 5/62 ընտրական տեղամասում ընտրողներից մեկն էլ մի պատմություն պատմեց այն մասին, որ նախորդ օրը կենսաթոշակ բաժանողները հայտարարել են, թե կենսաթոշակը Կիմ Բալայանն է ուղարկել։ Այս նույն ընտրական տեղամասում (նաեւ գրեթե բոլոր տեղամասերում) ընտրացուցակների հետ կապված խնդիրներ կային, օրինակ, Արաբկիրի 17-րդ փողոցի բնակարանների մի խումբ ընդհանրապես նշված չէր։ 0057/05 տեղամասը նախորդ ընտրությունների ժամանակ ամենախախտումնաշատն էր։ Այս անգամ արտառոց ոչինչ չէր նկատվում։ 058 տեղամասի հանձնաժողովի նախագահ Շիրազ Մանուկյանը խիստ գործնական էր տրամադրված եւ անմիջապես փաստաթուղթ պահանջեց։ Հետո էլ, չգիտես ինչու, հանձնաժողովի անդամների քվեարկությամբ որոշեց՝ թույլ տալ լրատվամիջոցներին աշխատել տեղամասում, թե ոչ։ Թեպետ օրենքը նրա առաջ այդպիսի պահանջ չէր դրել։ Ժամը 13-ի դրությամբ, ոչ մի թեկնածուի շտաբի կողմից, իրենց ասելով, որեւէ խախտում չէր արձանագրվել, բոլորին թվում էր, թե խախտումները կսկսվեն ժամը 15-ից հետո։ Սա դեռ վե՞րջը չէ 28 հազար 600 ընտրողներից ընտրությանը մասնակցել էր 6300 մարդ։ Հերթական ապացույցն այն մասին, որ ՀՀ քաղաքացիներն իրենց սահմանադրական որոշ իրավունքներից պարզապես «ալերգիա» ունեն։ Նախնական տվյալներով, 2550 մարդ քվեարկել է հօգուտ ՀՅԴ ներկայացուցիչ Կիմ Բալայանի, 2208-ը՝ հօգուտ Եղիա Շամշյանի, 1014-ը՝ Վազգեն Սաֆարյանի եւ մոտ 590-ը՝ Զենիկ Սարգսյանի։ Նախնական տվյալներով գրանցվել է 4 անճշտություն։ Հինգ ընտրական տեղամասերից ստացվել են դիմում-բողոքներ։ Հասկանալի է, որ այս անգամ էլ ընտրությունների արդյունքից գոհ էր Կիմ Բալայանը, դժգոհ էր՝ Եղիա Շամշյանը։ Իսկ Զենիկ Սարգսյանը կարծես ավելի դժգոհ էր, քանի որ նա արդեն բողոքով դիմել է մարզային հանձնաժողովին, պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, նույնիսկ՝ Եվրախորհրդին։ Զենիկ Սարգսյանը պատրաստվում է նաեւ «Գոլոս Արմենիի» թերթի դեմ մեղադրական հայցով դիմել դատարան։ Թերթը հուլիսի 8-ին, ընտրություններից մեկ օր առաջ, հիշեցում է տպագրել ուղղված Արաբկիրի բնակիչներին, որում նշված են բոլոր թեկնածուների անունները, բացի Զենիկ Սարգսյանից։ Եղիա Շամշյանի վիճակը, հասկանալի է, վիճակ չէ։ Մարդը մեկ ամսով պատգամավոր աշխատեց ու հիմա իրավիճակի փոփոխության հետեւանքով այլ կարգավիճակում է։ Պրն Շամշյանն առայժմ չէր ուզում կտրուկ հայտարարություններ անել, բայց նաեւ չժխտեց, որ հնարավոր է, հիմա էլ ինքը բողոքարկի ընտրությունների արդյունքները։ Նրա ասելով, նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱԺ պատգամավորների մի խումբ՝ մասնավորապես ՀՅԴ անդամներ, իրենց ծառայողական ավտոմեքենաներով գալիս էին քարոզարշավի։ Եվ երբ պրն Շամշյանն այս մասին խորհրդարանում զգուշացրել է նրանցից մի քանիսին, վերջիններս ասել են (պրն Շամշյանը առայժմ անուններ չտվեց). «Կիմը մեր կուսակցության համար նստել է, մենք պետք է իրեն ամեն ձեւի պաշտպանենք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել