Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ՝ ՌԵԺԻՄԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՆ Որպես նախորդ ԱԺ-ում ձեւավորված Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող ժամանակավոր բազմակուսակցական հանձնաժողովի (այսուհետեւ՝ վարկային հանձնաժողով) նախագահ, բարոյապես պարտավորված եմ իմ տեսակետը հայտնել ներկա ԱԺ-ում ձեւավորված էներգետիկ հանձնաժողովի նպատակների, միջանկյալ եւ հաշվետու զեկույցների վերաբերյալ։ Գործող ԱԺ-ում ձեւավորված հանձնաժողովը նախորդ ԱԺ հանձնաժողովի համեմատ, ուսումնասիրությունների արդյունքում որեւէ նոր բան էներգետիկ ոլորտի վերաբերյալ չի ասել։ Ինչո՞ւ այս վարչախումբը նոր հանձնաժողով ձեւավորեց եւ ինչո՞ւ այն անվանվեց 1992-95 թթ., ավելի ուշ մինչեւ 1999 թ.։ Դա, իմ կարծիքով, տակտիկական քայլ էր։ Խնդիրը հստակ էր։ Այդ անվանումը հնչեղ էր, եւ կապվում է այդ տարիների ցրտի ու խավարի հետ։ Նախկին վարկային հանձնաժողովի աշխատանքները բոլոր միջոցներով խոչընդոտվում էին այն ժամանակվա կառավարության (վարչապետ՝ Արմեն Դարբինյան) եւ ԱԺ ղեկավարության (նախագահ՝ Խոսրով Հարությունյան) կողմից։ Մեծ դժվարությամբ, չորս ամիս ուշացումով, կարողացանք հաշվետվություն ներկայացնել։ Նախկին ԱԺ-ի մեծամասնությունը ոչ միայն դեմ քվեարկեց նյութերը դատախազություն տալու համար, այլեւ թույլ չտրվեց հեռարձակել հեռուստատեսությամբ, եւ ԱԺ-ից ռադիոհեռարձակումը եթեր թողարկվեց ընդհատումներով։ Ի տարբերություն վերը շարադրվածի՝ էներգետիկ հանձնաժողովի գործունեությունը բազմաթիվ անգամ լուսաբանվեց ազգային հեռուստատեսությամբ, իսկ միջանկյալ եւ այնուհետեւ վերջնական հաշվետվությունը, որը հիմնականում միջանկյալի կրկնությունն էր, եթեր հաղորդվեց ամբողջությամբ, իսկ տեսաժապավենի տասժամյա կրկնությունը հեռուստաշոուի տպավորություն թողեց։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ այս վարչախումբը այդպես վարվեց, մի՞թե նախկին ԱԺ-ում ձեւավորված վարկային հանձնաժողովը խուսափել կամ թերացել էր բացահայտել չարաշահումները եւ յուրացումները։ Իհարկե՝ ոչ։ Վարկային հանձնաժողովը՝ ուսումնասիրությունների արդյունքում, ներկայացրել էր լուրջ վերլուծական փաստաթուղթ, որն ընդգրկել էր ոչ միայն 1992-96, այլեւ 1997-99-թթ.։ Հիմնական եզրակացությունը մեկն էր՝ ստացված վարկերը շատ ավելի արդյունավետ են օգտագործվել Ռ. Քոչարյանի վարչապետության եւ նախագահության ժամանակ։ Կոնկրետ Քոչարյանի անունը շոշափվում էր մայրուղիների վարկային ծրագրի հետ։ Նշված վարկային ծրագիրն անարդյունավետ օգտագործող հիմնական պատասխանատու անձը տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանն էր, որը պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նշանակվեց Լոռվա մարզպետ։ 1999 թ. հունվարին, Արմեն Դարբինյանի կառավարության որոշմամբ, հացահատիկի գործարքը գնման գնից երկու անգամ ավելի էժան իրականացվեց «Միկա Արմենիայի» հետ (հովանավորող՝ Սերժ Սարգսյան), որով շուրջ յոթ միլիոն դոլարի վնաս հասցվեց պետությանը։ Սահմանափակվենք այսքանով, թեպետ կարելի է փաստերը շարունակել։ Ներկա վարչախումբը արեց ամեն հնարավորը, որպեսզի նախկին բազմակուսակցական վարկային հանձնաժողովի աշխատանքի արդյունքը չդառնա հասարակության սեփականությունը, որը հիմնականում հաջողվեց։ Էներգետիկ հանձնաժողովի ուսումնասիրությունները, ընդգրկելով 1992-95 թթ., շատ շահեկան էին այս վարչախմբին։ Դրանով փորձ է արվում ժամանակ շահել եւ կազմակերպել մի քանի «խոշոր» տնտեսական թատերականացված դատավարություններ։ Վարչախմբի նախատեսված քայլերը տեսանելի են նույնիսկ քաղաքականությունով չզբաղվող մարդկանց։ Եվ սա, օրինաչափորեն, հակազդեցության հանդիպեց։ Ոչ պակաս հիմնավորված հակափաստարկներով փորձ արվեց ապացուցել, որ հանձնաժողովի բերած փաստերը հիմնավորված չեն եւ իրականությանը չեն համապատասխանում։ Իմ համոզմամբ, էներգետիկ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները իր բոլոր թերություններով ու սխալներով ավելի ընկալելի կլիներ, եթե այս վարչախումբը վարկային հանձնաժողովի ներկայացրած փաստերի նկատմամբ մի քիչ հանդուրժող լիներ, թույլ տար, որ ուսումնասիրության արդյունքները հասներ հանրությանը։ Համոզված եմ, եթե այս ռեժիմը մնա, ապա հասարակության ուշադրությունը շեղելու համար առաջիկայում իրար կհաջորդեն՝ անհատույց օգնությունների, աղետի գոտու, բացառված չէ՝ վարկերը ստուգող հանձնաժողովների ձեւավորումը։ Եվ դրանք բոլորը, ինչպես էներգետիկ հանձնաժողովը, ռեժիմի կողմից օգտագործվելու է իր գոյատեւումը պահպանելու համար։ Քանի որ նրանք, ովքեր մասնակցել կամ իրականացրել են չարաշահումները եւ յուրացումները, մեծ մասը այսօր դեռեւս ունեն մեծ իշխանություններ եւ, բնականաբար, հովանավորվում են Ռ. Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի կողմից։ Հիմա, ըստ էության, էներգետիկ հանձնաժողովի կատարած աշխատանքի եւ ներկայացրած փաստերի վերաբերյալ ավելի կոնկրետ։ Այն, որ էներգետիկ հանձնաժողովը կատարել է ծավալուն աշխատանք՝ գնահատելի է, սակայն լուրջ թերություններով էին կազմված ե՛ւ միջանկյալ, ե՛ւ հաշվետու զեկույցները։ Այստեղ ՆԳ-ի եւ դատախազության կողմից տրամադրված նյութերի շարադրանքը արտատպված էր ամբողջությամբ, որը խառնիխուռն թվերի մի ամբողջ հեղեղ էր ներկայացնում։ Բերված փաստերի վերաբերյալ ներկայացնեմ իմ տեսակետը, առանց կոնկրետ վերլուծությունների, չցանկանալով հանդես գալ դատավորի դերում այս առնչությամբ հայտնի հակամարտող կողմերի միջեւ, իհարկե հետագայում այն հաստատ հրապարակելու նպատակով։ 1. Էներգետիկ հանձնաժողովը կողմնակալ մոտեցում էր ցուցաբերել կոնկրետ անուններ հրապարակելիս, մասնավորապես բազմիցս նշելով «Հայնավթամթերք» կազմակերպությունը՝ ոչ մի անգամ չհիշատակվեց տնօրեն, ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ Վահագն Գրիգորյանի անունը։ Նշված կազմակերպությունը ոչ միայն առնչվում է Բաթումում հում նավթի վերամշակման հետ, այլեւ հիմնական դերակատարում է ունեցել 1993 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն 47.77 մլն դոլարի նավթամթերքի ներկրման հետ։ Ըստ էներգետիկ հանձնաժողովի՝ կարելի է գործարքը դրական գնահատել, որովհետեւ էներգակիրները նախատեսվածից ավելի էժան են ներկրվել։ Ներկայացված վերլուծությունից կոնկրետ չի երեւում, թե 47.77 միլիոն դոլարը, որից 36 միլիոնը, որպես վարկ է ավելի ուշ ձեւակերպվել, ինչպիսի արդյունավետությամբ է օգտագործվել։ Հանձնաժողովը կամ թյուրիմացաբար, կամ միտումնավոր խեղաթյուրել է փաստերը։ 2. Էներգետիկ հանձնաժողովը մեծ թերություններով ու սխալներով է ներկայացրել 1993-94 թթ. Սեւանից բաց թողնված ջրի հաշվին ձախ արտադրված հոսանքի ֆինանսական հաշվարկը։ Եթե 1993 թ. հանձնաժողովը մասնակիորեն էր անդրադարձել, ապա 1994-ին ընդհանրապես չէր անդրադարձել։ 3. Ներկրված գազի վերաբերյալ էներգետիկ հանձնաժողովի փաստերը, լինելով ծավալուն, վերջնական արդյունքում չունեն կոնկրետություն եւ հստակություն։ 4. Էներգետիկ հանձնաժողովի կողմից Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերաբերյալ փաստերը ներկայացված են մեծ սխալներով, անհասկանալի է նաեւ հանձնաժողովի առաջարկությունը՝ նշված օբյեկտի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Իմ կարծիքով, Հայաստանի կառավարությունը պարտավոր է եւ պետք է դիմի միջազգային տնտեսական դատարան՝ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի՝ 57.4 միլիոն դոլար վարկի կապակցությամբ՝ ընդդեմ ամերիկյան «Բեխտել» ֆիրմայի, որը շուրջ 2 անգամ սխալ էր հաշվել 5-րդ էներգաբլոկի շինարարության մնացորդային արժեքը։ Դառնալով հիմնական պատճառը, որ առ այսօր Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը չի շահագործվում եւ դեռեւս անորոշ է նաեւ օբյեկտի հետագա ճակատագիրը։ 5. Ազգային ժողովը, հատկապես էներգետիկ հանձնաժողովը, պետք է հետամուտ լիներ, թե որտեղից եւ ինչպես առաջացավ ու իրավական հիմքերի վրա դրվեց բաշխիչ ցանցերից դուրս գրվող 41,0742 միլիարդ դրամի ապրանքային արտադրանքը, այդ թվում՝ բնակչության գծով 39,8792 միլիարդ դրամը։ Փորձեմ թարմացնել մեր իշխանավորների, այդ թվում ԱԺ պատգամավորների եւ հատկապես հանձնաժողովի անդամների հիշողությունը։ 1998-ին Արմեն Դարբինյանի արհեստավարժ կառավարության ժամանակ յուրաքանչյուր բաժանորդի արհեստականորեն պարտադրվեց միջին հաշվով 5000-ից մինչեւ 30000 դրամի էներգիայի ծախս, որի համար ժամանակին արդարացի դժգոհություն առաջացավ ազգաբնակչության մեջ։ Էներգետիկները պատասխանում էին, թե դա ժողովրդից չի գանձվելու։ Այս մասին նախկին ԱԺ-ում «Հայրենիք» պատգամավորական խումբը ոչ մեկ անգամ է բարձրացրել իր բողոքի ձայնը։ 6. Էներգետիկ հանձնաժողովի կողմից բերված փաստերով՝ հատկապես մազութի գործով, ժամանակին «լուրջ» զբաղվել են ՆԳ, ԱԱ նախարարությունները եւ հատկապես հանրապետության դատախազությունը։ Նշված գործերի մեծ մասը «փակված» է հայկական տարբերակով։ Էներգետիկ հանձնաժողովի հաշվետվությունում մազութի եւ այլ գործերով անցնող մարդկանց եւ իրավապահ անձանց, որոնք զբաղվել են այդ գործերով, այսօր մեծ մասը իշխանության մեջ գրավում են բարձր պաշտոններ եւ անհրաժեշտության դեպքում նրանց մասին պատրաստ ենք կատարել հրապարակումներ, որպեսզի կրկին թարմացնենք հիշողությունները հատկապես նրանց, ովքեր, իմանալով այս ամենը, ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ ունենալով՝ փորձում են ապակողմնորոշել ժողովրդին։ ՊԵՏՐՈՍ ՄԱՔԵՅԱՆ ԱԺ առաջին գումարման Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացած վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել