Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Սկիզբը թիվ 98, 103, 108, 113 Սպանություններից անմիջապես հետո, այդ խումբը՝ Վազգեն Սարգսյանի մերձակից Վահան Շիրխանյանի գլխավորությամբ, պահանջեց Շիրխանյանին նշանակել վարչապետի պաշտոնում, ինչպես նաեւ պաշտոններից ազատել գլխավոր դատախազին, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարներին, որոնք մեղադրվում էին սպանությունների կանխարգելման անկարողության համար: Այս պահանջները նախագահի կողմից դիտվեցին որպես անընդունելի վերջնագիր եւ մերժվեցին: Դրան հաջորդեց լուրջ քաղաքական ճգնաժամ: Երկու ճամբարների միջեւ երկարատեւ եւ բարդ բանակցությունների արդյունքում, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում էին վտանգավոր առճակատումների, տեղի ունեցան փոխզիջումներ երկու կարեւոր հարցերի շուրջ: Նոյեմբերի 3-ին, սպանված Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում: Նա բավարարում էր կառավարական թեւի պահանջները, քանի որ հավասարակշռություն էր պահպանում իշխող խմբի տարբեր մասերի (Հանրապետական կուսակցությունը ներկայացնող նախարարներ, զինվորական վերնախավ եւ «Երկրապահ» միություն) միջեւ: Նրա թեկնածությունն ընդունելի էր նաեւ Քոչարյանի համար, որովհետեւ քաղաքականապես անփորձ էր եւ ամենայն հավանականությամբ, հեշտ կլիներ հարաբերվել նրա հետ: Ոչ պակաս կարեւոր փոխզիջումներ եղան նոր կառավարություն կազմելիս: նախագահը դադարեց ընդդիմանալ Արդյունաբերական ենթակառուցվածքների համակարգող նախարար Վահան Շիրխանյանի եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ներկայությանը կառավարությունում եւ ընդունեց Արամ Սարգսյանի մերձավորի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում: Ամենակարեւորը, նա համաձայնեց պաշտոնից հեռացնել իր գլխավոր համախոհին՝ Սերժ Սարգսյանին եւ նշանակել ազգային անվտանգության նոր նախարար: Ի պատասխան, Արամ Սարգսյանը եւ իր թիմը համաձայնեցին ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարների պաշտոնում նշանակել չեզոք մարդկանց: Քոչարյանին հավատարիմ արտաքին գործերի եւ արդարադատության նախարարները, մնացին իրենց պաշտոններում: Այսպիսով, իշխանության վակուումի ճգնաժամը կարճ ժամանակով հարթվեց եւ վերականգնվեց իշխանության օղակների գործունեությունը: Երկիշխանություն Չնայած Ազգային ժողովի նոր նախագահության ընտրությունից եւ նոր կառավարության նշանակումից հետո երկրի բնականոն քաղաքական կյանքը կարծես վերականգնվեց, Հայաստանի ներկա ներքաղաքական կյանքը հեռու է կայուն լինելուց: Քաղաքական անկայունության երկու հիմնական պատճառներն են՝ 1) գործադիր իշխանության դե ֆակտո երկբեւեռումը ճգնաժամից հետո եւ 2) ճանաչված եւ հեղինակավոր առաջնորդների բացակայությունը իշխող մեծամասնությունում: Կոպիտ ասած, այժմ գոյություն ունեն իշխանության երկու բեւեռներ՝ նախագահական թեւը եւ խորհրդարանական մեծամասնության վրա հենվող կառավարական թեւը: Երկուսն էլ, Սահմանադրությամբ շնորհված իրավասությունների եւ ուժային եւ մյուս նախարարություններում ազդեցության շնորհիվ օժտված են գործադիր իշխանություն իրականացնելու տարբեր լծակներով եւ միջոցներով: Երկրում առկա քաղաքական իշխանությունը կարելի է դիտել որպես «երկիշխանություն», որովհետեւ այս երկու բեւեռները չեն համագործակցում, ավելին, փաստորեն գտնվում են առճակատման մեջ: Նախագահական թեւի իշխանության հիմնական աղբյուրներն են. 1) նախագահի Սահմանադրական իրավասությունը՝ 2000թ. հունիսին ցրել խորհրդարանը (խորհրդարանը չի կարող ցրվել ընտրություններից հետո մեկ տարվա ընթացում), 2) նախագահի սահմանադրական իրավասությունը՝ նշանակել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, 3) սահմանադրական իրավասությունը՝ վավերացնել կառավարության որոշումները (որ կարող է օգտագործվել բացասական առումով, այսինքն, կարող են կասեցվել ոչ ցանկալի որոշումները), 4) նախագահի ազդեցությունը ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների վրա (հիմնականում, նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սերժ Սարգսյանի միջոցով, որը մի քանի տարի շարունակ գլխավորում էր երկու նախարարությունները) եւ նախագահի կանոնակարգող իրավասությունը՝ ուժային նախարարություններում նշանակել կամ պաշտոնից ազատել նախարարների տեղակալներին, 5) զանգվածային լրատվության կարեւորագույն միջոցների, մասնավորապես Ազգային հեռուստատեսության (քոչարյանամետ տնօրենների խորհրդի միջոցով) նկատմամբ վերահսկողությունը, 6) ազդեցությունը դատաիրավական համակարգի վրա՝ քոչարյանամետ արդարադատության նախարարի միջոցով: Ներկա քաղաքական իրավիճակում կառավարական թեւի իշխանության հիմնական աղբյուրներն են՝ 1) խորհրդարանի սահմանադրական իրավասությունը՝ նախաձեռնել նախագահի իմպիչմենտի, (ընդ որում այդ վարույթը սկսելուց հետո, նախագահը իրավունք չունի ցրել խորհրդարանը) եւ սահմանադրական իրավասությունը, Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պաշտոնանկ անել նախագահին, 2) սահմանադրական իրավասությունը՝ որոշում կայացնել գործադիր իշխանության անունից, 3) խորհրդարանական մեծամասնությանը Սահմանադրությամբ վերապահված իրավասությունը՝ մերժել նախագահի կողմից նշանակված վարչապետին, 4) նախարարություններից շատերի, հատկապես կարեւորագույն՝ պաշտպանության եւ պետական եկամուտների նախարարությունների նկատմամբ վերահսկողությունը եւ զգալի ազդեցությունը ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություններում, 5) գլխավոր դատախազության նկատմամբ ոչ պաշտոնական վերահսկողությունը: Ուժի այս լծակները եւ աղբյուրները Հայաստանի քաղաքական երկիշխանության ներկա իրավիճակում կանխորոշում են քաղաքական գործընթացների դինամիկան: Թե՛ հակամարտող կողմերի, թե՛ Հայաստանի ողջ հասարակության համար պարզ է, որ երկիշխանության շարունակումը կարող է միայն թուլացնել պետությունը եւ անիրագործելի դարձնել տնտեսական ապաքինման հույսերը: Երկիշխանության հաղթահարման եւ գործադիր իշխանության ամբողջականության վերականգնման ուղղությամբ երկու թեւերը, այնուամենայնիվ, առաջնորդվում են առճակատման մարտավարությամբ: նախագահի նպատակը ժամանակ շահելն է, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը, վերականգնի հեղինակությունը խորհրդարանը ցրելու համար եւ շահարկի կառավարական թեւում առանձին խմբակցությունների միջեւ ծագած հակասությունները: Նա իրեն հեռու է պահում կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից, այսպիսով սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման ողջ պատասխանատվությունը դնելով կառավարության վրա: Միեւնույն ժամանակ, նրան հավատարիմ զանգվածային լրատվության միջոցները զբաղված են պաշտոնից վարչապետի հնարավոր ազատման եւ նույնիսկ խորհրդարանը ցրելու համար հանրային կարծիքը պատրաստելով: Նախագահը ուժեղացնում է նաեւ իր դիրքերը ուժային համակարգերում, պաշտոնից հեռացնելով իր վստահությունը չվայելող փոխնախարարներին: Ի պատասխան, կառավարական թեւը փորձում է կանխել խորհրդարանի ցրումը եւ սահմանափակել իր գործերին նախագահի միջամտության հնարավորությունը: Հունվար եւ փետրվար ամիսների ընթացքում «Միասնություն» խմբակցության ներսում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, որոնք վերաբերում էին խորհրդարանը ցրելու, վարչապետին պաշտոնանկ անելու, նախարարներ նշանակելու եւ կառավարության որոշումները վավերացնելու նախագահական իրավասությունների սահմանափակման մասին սահմանադրական փոփոխությունների նախաձեռնմանը: Ենթադրվում էր, որ այս փոփոխությունները կընդունվեին հանրաքվեի միջոցով մինչեւ հունիս ամիսը եւ արդյունքում նախագահին կզրկեին իր գլխավոր խաղաքարտից՝ խորհրդարանը ցրելու իրավունքից: Սակայն, սահմանադրական փոփոխությունների ընդունման խրթին ընթացակարգը, որը կարող է կասեցվել նախագահի կողմից, ստիպեց հրաժարվել այդ մտքից: Նախքան հունիս ամսին նախագահի հնարավոր միջամտությունը, ուժային եւ տնտեսական հիմնական կառույցների նկատմամբ վերահսկողությունը կառավարական թեւին կարճաժամկետ առավելություն, երկրի ազդեցիկ քաղաքական ուժերի հետ գործարք կնքելու եւ նախագահի դեմ ճնշում գործադրելու հնարավորություն տվեց: Դա օգտագործվեց կառավարական թեւի կողմից նախագահին համախոհ պաշտոնյաների պաշտոնանկության կամ դիրքի թուլացման նպատակով ճնշում գործադրելու համար: Սակայն, ընդհանուր առմամբ, պարզ է, որ ժամանակը աշխատում է նախագահական թեւի օգտին: Մի գործոն կարող է փոխել իրավիճակը, այն է՝ սպանությունների գործի հետաքննության արդյունքները, եթե իհարկե դրանք բացահայտեն նախագահի կամ նրա քաղաքական կողմնակիցների առնչությունը այդ դեպքերին: նախագահի խորհրդական, սպանությունների պահին նախագահի աշխատակազմի ղեկավար եւ նրա վստահելի անձ Ալեքսան Հարությունյանի, ինչպես նաեւ Ազգային հեռուստատեսության փոխտնօրեն, քոչարյանամետ դաշնակցական կուսակցության անդամ Հարություն Հարությունյանի ձերբակալությունը՝ ահաբեկիչներին աջակցության մեղադրանքով, լուրջ հարված էին Քոչարյանի քաղաքական դիրքին: Ի պատասխան, քոչարյանամետ Ազգային հեռուստատեսությունը եւ նրան հավատարիմ զանգվածային լրատվության այլ միջոցները սկսեցին հետաքննությունը գլխավորող զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վարկաբեկման քարոզարշավ: Նախաքննությունը վարող մարմինը մեղադրվում էր անօրեն ճանապարհներով վկայությունների հավաքման եւ «Միասնություն» դաշինքի քաղաքական շահերին համապատասխան հետաքննության վարման մեջ: Սակայն, «Միասնության», կոմունիստների կողմից հզոր արձագանքը, ինչպես նաեւ նախկին իշխանություններին առնչվող քաղաքական խմբակցությունների միացյալ հայտարարությունը ժամանակավորապես վերջ դրեցին քարոզարշավին: Արամ Սարգսյանը օգտագործեց այս ժամանակավոր դադարը քաղաքական վերախմբավորման եւ իր դիրքերի ուժեղացման համար: Մասնավորապես, փետրվարի 28-ին նա նախաձեռնեց կոալիցիոն կառավարության ձեւավորումը, որում նախարարական երեք պորտֆելները հանձնվեցին երկու ընդդիմադիր կուսակցություններին՝ կոմունիստներին եւ ԱԺՄ-ին: Ազգային հեռուստատեսության կողմից հետաքննության շուրջ խիստ քննադատության վերսկսումից հետո, «Միասնությունը» մեղադրեց Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին եւ Ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանին արդարադատությանը խոչընդոտելու համար եւ պահանջեց նրանց անհապաղ հեռացումը պաշտոններից: Քոչարյանը մերժեց այդ պահանջները եւ հրապարակեց հրամանագիր, որով հետ վերցրեց նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից պաշտպանության նախարարին շնորհած բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների նշանակման մանդատը: Ի պատասխան, «Միասնությունը» սպառնաց նախագահին զրկել քաղաքական աջակցությունից, ակնարկելով նախագահին պաշտոնանկ անելու վարույթի նախաձեռնության հնարավորության մասին: Սպառնալիքը բավականին լուրջ էր, հաշվի առնելով զինվորական դատախազի հայտարարությունները ազգային անվտանգության նախարարության կողմից ահաբեկչական խմբի պարագլխի հնարավոր հավաքագրման մասին, այսպիսով ակնարկելով նախարար Սերժ Սարգսյանի հնարավոր մեղսակցությունը: Առճակատումը կարծես թեժանում էր, երբ Քոչարյանը դիմեց անսպասելի քայլի, պաշտպանության նախարարության եւ բանակի բարձրաստիճան պաշտոններում նշանակելով «Երկրապահ» միության առաջնորդներին: Քոչարյանի գլխավոր թշնամին՝ միության նախագահ Մանվել Գրիգորյանը, նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ: Նույն օրը, Ազգային հեռուստատեսության տնօրենը հրաժարական տվեց: Քոչարյանի անսպասելի գործողությունները պարունակում էին թե՛ փոխզիջման, թե՛ իր ուժեղագույն հակառակորդների չեզոքացման եւ հակառակորդների ճամբարում պառակտում սերմանելու մասնիկներ: Այժմ դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի քաղաքական շախմատի այս խաղը, մասնավորապես այն պատճառով, որ խաղը դեռեւս շարունակվում է: Կարծում եմ, կարելի է ակնկալել, որ երկիշխանության ճգնաժամի լուծումը տեղի կունենա նախքան հունիս ամիսը, երբ նախագահը իրավասու կլինի ցրելու խորհրդարանը: Այդ ժամանակ, խորհրդարանը ցրելու սպառնալիքի տակ նա կկարողանա նշանակել իր հանդեպ ավելի լոյալ դիրք գրավող վարչապետ: Նման իրավիճակը կանխելու համար, խորհրդարանային մեծամասնությունը կարող է նախաձեռնել նախագահի հրաժարական պահանջելու գործընթացը: Սակայն, այս բոլոր քայլերը ավելի շատ կախված են անդրկուլիսյան զարգացումներից, որոնք ուղղված են հիմնական ուժային կառույցների նկատմամբ հակամարտող ճամբարների վերահսկողության ձեռքբերմանը: Հաշվի առնելով ուժային կառույցների եւ պատերազմի վետերանների հրամանատարների քաղաքական հսկայական ազդեցությունը, կարելի է ենթադրել, որ նրանց աջակցությունը վճռորոշ դեր կխաղա հաղթողի ընտրության գործում: ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ (Շարունակելի) Վերլուծությունը գրվել է 2000 թվականի մարտին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել