Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

Հետաքրքրվեք Վահրամ Բաբայանի ճակատագրով 1997 թվականի մայիսին «Առավոտն» անդրադարձել էր 1995 թ. հունիսի 4-ին զինվորական հոսպիտալից անհայտացած եւ ադրբեջանական տարածքում հայտնված Վահրամ Բաբայանի ճակատագրին (ծնված 1972 թ.)։ Վահրամն ի ծնե վատառողջ էր, 89-ին մորը կորցնելուց հետո կորցնում է ձայնը, Լեհաստանում (ուր գնացել էր աշխատելու) արտասահմանցիները նրան դաժանորեն ծեծում են, եւ կրկնված դեղնախտին, կույրաղիքի նոպաներին, գաստրիտին, 12-մատնյա աղիքի բորբոքմանն ավելանում են վախը, ապշածությունը։ Մի կերպ Հայաստան հասնելուց հետո «Էրեբունի» հիվանդանոցում քննվում է, ուր արձանագրում են տղայի լուրջ անառողջ վիճակը։ 1994 թվականի դեկտեմբերի 7-ին Վահրամին ներկայացրին զինկոմիսարիատի բժշկին, որը նույնպես հաստատեց տղայի ծանր վիճակը։ Հաջորդ օրը Շահումյանի զինկոմ Մարտիրոսյանը, տեղակալ փոխգնդապետ Կարապետյանը, մյուս տեղակալ մայոր Հակոբյանը, Վահրամի հոր՝ Մարատ Բաբայանի հարցին՝ ինչո՞ւ պետք է ծառայի իր ուսանող եւ հիվանդ որդին, պատասխանել են. «Բա ո՞վ պիտի ծառայի բանակում, եթե քո տղայի նմանները խուսափեն»։ Նույն օրը տղային տանում են Գյումրիի հրետանային թիվ 59518 զորամաս՝ Գարեգինյանի հրամանատարությամբ։ Մի քանի օր անց զանգ են տալիս Վահրամի հորը, կանչում հոսպիտալ։ Բժիշկները զարմանում են, թե ինչո՞ւ է որդուն այդ վիճակով ուղարկել ծառայության եւ պահանջում են տղային հետ ուղարկել Երեւան՝ նոր բժշկական զննման։ Վահրամին Երեւանում ուղարկում են Նորքի հոգեբուժական դիսպանսեր, 95-ի հունվարի սկզբին՝ հոսպիտալ, իսկ հունվարի 21-ին՝ հավաքակայան, որ տանեն զորամաս։ Հայրը դիմում է Սերժ Սարգսյանին, որն էլ գեներալ Հարությունյանին հանձնարարում է զբաղվել տղայով։ Համոզվում են, որ Վահրամը զինծառայության պիտանի չէ, սակայն փաստաթղթերը զորամաս չեն ուղարկում։ Երկու շաբաթ անց գալիս է բժիշկ, կապիտան Մելքոնյանը եւ տղայի հորն ասում, որ իրեն կարգադրել են Վահրամին տանել ծառայության։ 95-ի փետրվարի 23-ին տղային տանում են զորամաս։ Գարեգինյանը կարգադրում է Վահրամին տանել բուժկետ, բայց վիճակի վատթարացման հետեւանքով նրան նորից հոգեբուժարան են ուղարկում, ուր մնում է մինչեւ 95-ի ապրիլի 17-ը, ապա կրկին ուղարկում են հոսպիտալ։ Մայիսի վերջին Վահրամին՝ որպես առողջ, դուրս են գրում եւ տանում հավաքակայան։ Զինվորների ծաղրից վախեցած՝ Վահրամը հորից շուտ է դուրս գալիս տնից՝ Գյումրի գնալու նպատակով, սակայն անգիտակցաբար նստում է Վայք գնացող ավտոբուսը։ Եղեգնաձորից հորեղբայրը Վահրամին տանում է հավաքակայան։ Հաջորդ օրը, հունիսի 4-ին, Վահրամն անհայտանում է։ Փնտրտուքը արդյունք չի տալիս։ 95-ի հունիսի 19-ին, Վահրամի հոր մոտ է գալիս Միջազգային Կարմիր խաչի պատվիրակ Սերջո Սալին եւ ասում, որ Ղազախում եղած ժամանակ հանդիպել է նրա որդուն, որին գերի են վերցրել՝ փաստաթուղթ չունենալու պատճառով։ Տղան Սերջոյի միջոցով հորն էր ուղարկել այս նամակը։ Ջնջված երկու տողի մասին, որը հայտնի չէ՝ ով է ջնջել, Սերջո Սալին լռել է՝ ասելով՝ տղան կգա, ինքն էլ ամեն բան կպատմի։ Տղան մինչ օրս չի եկել։ Վահրամի հայրը անթիվ-անհամար դիմումներ է գրել՝ սկսած էքսնախագահ Տեր-Պետրոսյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից մինչեւ արդարադատության նախարարություն։ Նրան ուղարկած պատասխանները շատ կարճ են եւ բոլորը նույն բովանդակության. «Կարող եք վստահ լինել, որ Ձեր որդու՝ Վ. Բաբայանի մասին որեւէ լուր ունենալու դեպքում ձեզ անպայման տեղյակ կպահենք»։ Կարմիր խաչը մինչ օրս գործը գցում է ՊՆ-ի վրա, ՊՆ-ից որեւէ ինֆորմացիա Մարատ Բաբայանին չեն տալիս։ Մենք նորից ենք խնդրում պատկան մարմիններին՝ հետամուտ լինել այս երիտասարդ տղայի ճակատագրին եւ գոնե պարզել՝ որտե՞ղ է նա հիմա կամ ի՞նչ վիճակում։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել