Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» 1998 թվականի թավշյա հեղաշրջումից հետո իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը՝ ներառյալ նախագահի շուրջը համախմբված կուսակցությունները, «նախկին իշխանությունների» դատափետման սկիզբ դրեցին։ Սրա պատճառներից մեկն այն էր, որ իրադրության կտրուկ փոփոխության պատճառով Ռ.Քոչարյանը դադարել էր իրեն դասել «նախկին իշխանությունների» թվին։ Հասարակության համար նա շարունակելու էր մնալ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության իրավահաջորդը, եթե տեղի չտար հասարակության եւ, առաջին հերթին, նախկին ընդդիմադիր կուսակցությունների ճնշումներին՝ պատասխանատվության ենթարկել «նախորդ ռեժիմի» ներկայացուցիչներին։ Ռ.Քոչարյանի համար սա նշանակում էր, նախ՝ չեզոքացնել քաղաքական պոտենցիալ ընդդիմությանը, երկրորդ՝ «նախկինների» սխալների ու բացթողումների մասին խոսելով ու հասարակությանը դատական սերիալներ մատուցելով՝ փոխհատուցել ՀՀ վարչապետ եղած տարիների ապօրինությունները եւ այսօրվա՝ երկիրը ճահճից հանելու անկարողությունը։ Պնդել, թե անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի բարվոք է, քան էր նախկին իշխանությունների ժամանակ՝ հնարավոր չէ։ Պարզապես հիմա քիչ է խոսվում ներկա անմխիթար վիճակի եւ դրա համար պատասխանատու իշխանությունների մասին։ Հասարակական կարծիքն ուղղորդվում է «նախկինների թալանի» բացահայտման ուղղությամբ։ Արդյո՞ք դա նշանակում է, թե Ռ.Քոչարյանը մեր երկրի ամենասրբագույն պետական պաշտոնյան է։ Համենայն դեպս, ընդդիմադիր ուժերը պնդում են, որ իր վարչապետության օրոք Ռ.Քոչարյանը մասնակից է եղել մի քանի տնտեսական գործարքների, որոնք խիստ կասկածելի են։ Դա վերաբերում էր Երեւանի կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի, «ԱրմենՏելի» վաճառքին եւ այլնին։ Իսկ ի՞նչ է եղել դրանից առաջ, երբ Ռ.Քոչարյանը ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահն էր։ Մենք, անշուշտ դիմեցինք ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դ.Միքայելյանին՝ ԼՂՀ ՊՊԿ նախագահի մի քանի կարգադրությունները վեր հանելու, դրանք ուսումնասիրելու եւ այս ժամանակաշրջանի հետ կապված մեր ունեցած տեղեկատվությունը ճշտելու համար։ Պարոն Միքայելյանը խոստացավ մեզ օգնել, եթե ԼՂՀ ՊՊԿ արխիվը պահպանված լինի։ Նա նաեւ կարծիք հայտնեց, թե այդ փաստաթղթերն ուսումնասիրելու համար վատ չէր լինի գնալ Ղարաբաղ։ Բայց մինչ այդ հնարավորությունն օգտագործելը, անդրադառնանք մեր ձեռքի տակ եղած այն տեղեկատվությանն ու փաստերին, որոնք վերաբերում են ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ.Քոչարյանի կարգադրություններին։ Հիշեցնենք, որ 93-94 թթ. Ռ.Քոչարյանի ձեռքում էին կենտրոնացած Ղարաբաղի ողջ իշխանությունն ու լծակները։ «Նախկինների մերկացումները» վկայում են, որ մեր իշխանավորներին հաջողվել է հստակ մեխանիզմներ մշակել պետական ֆինանսական միջոցները սեփական կարիքներին ուղղելու համար։ Դա հեծանիվ հայտնագործել չէր, իհարկե։ Այդ մեխանիզմներից մեկն, անշուշտ, պետական պահուստային ֆոնդի եւ կառավարության արտաբյուջետային հաշիվներից գումարների դուրսգրումն է կոնկրետ նպատակով։ Արդյո՞ք այս մեխանիզմի կիրառումից զերծ են եղել ղարաբաղյան իշխանությունները 1993-94 թվականներին։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, 1993-94 թթ. ընթացքում ՊՊԿ նախագահի թիվ 183, 205, 314, 345, 379, 383, 421, 429, 81 եւ 82 կարգադրություններով Ղարաբաղի «Արցախշին» տրեստին, Մարտակերտի շրջանի ղեկավարությանը, կենցաղսպասարկման ծառայություններին, կոշիկի ֆաբրիկային եւ այլոց այն ժամանակ կանխիկ սուղ գումարներից հատկացվել է շուրջ 78 մլն 600 հազար ռուբլի, 1մլն 500 հազար դրամ եւ 2 հազար ԱՄՆ դոլար՝ ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, մակարոնի արտադրության հաստոցներ, նավթամթերք, քիմիկատներ ձեռքբերելու համար։ Ղարաբաղյան որոշ աղբյուրներ վկայում են, որ իրականում հիշյալ ապրանքները ոչ թե գնվել, այլ ձեռք են բերվել իբրեւ զինավար։ Բացի այս, միայն 1994 թ. ընթացքում նույն ՊՊԿ նախագահի թիվ 115, 184, 339, 385, 545, 109, 235 եւ էլի մոտ 19 կարգադրությունների հիման վրա, ԼՂՀ Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ադմինիստրացիաներին հատկացվել է ընդհանուր առմամբ մոտ 6 մլն 264 հազար դոլար՝ հիմնականում ավտոտրանսպորտային միջոցներ, գյուղտեխնիկա ձեռքբերելու համար։ Ըստ նույն աղբյուրների, նշված միջոցների հասցեատերերը նպատակային ծախսումն անելուց առաջ այդ գումարները շրջանառության մեջ են դրել։ Ավելի ուշ, ավտոտրանսպորտային միջոցների ու գյուղտեխնիկայի մի մասը, մեր տեղեկությունների համաձայն, ձեռք է բերվել դարձյալ ռազմավարի եւ ԼՂՀ սահմաններից դուրս գողացված ավտոմեքենաների եւ այլ տեխնիկայի հաշվին։ Փոխարենը նույն ժամանակահատվածում պետական ունեցվածք համարվող ռազմավարային տրանսպորտային միջոցները նույն ՊՊԿ նախագահի եւ ԼՂՀ վարչապետի թիվ 90, 125, 128, 300, 322, 400, 448 եւ այլ կարգադրություններով անհատույց տրվել են տարբեր կոոպերատիվների եւ ՍՊԸ-ների՝ մասնավորապես «Խարկով», «ԿԱՆԱԶ», «Սամվել», «Օթեւան», «Վասպուրական», «Եղիշեւանք» եւ այլն։ 1994թ. նոյեմբերի 18-ին, ԼՂՀ ՊՊԿ թիվ 526 որոշմամբ կապիտալ շինարարության չօգտագործված միջոցներից, այսինքն՝ բնակելի, սոցիալ-կենցաղային եւ կոմունալ շինարարության համար նախատեսված գումարներից, 10 մլն դրամ է հատկացվել ընդունելությունների տան վերանորոգման եւ վերակառուցման համար։ Առժամանակ անց, ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ.Քոչարյանը դեկտեմբերի 9-ի թիվ 509 եւ դեկտեմբերի 17-ի թիվ 528 կարգադրություններով նույն նպատակներին է ուղղել եւս 25 հազար դոլար եւ 7 մլն դրամ՝ այս անգամ ԼՂՀ նախարարների խորհրդի պահուստային հիմնադրամից։ Անշուշտ, 94 թ.-ին, երբ Ղարաբաղն ապրում էր կացարանների եւ սոցկուլտուրկենցաղային օբյեկտների սղության պայմաններում, նման միջոցների ուղղումը ամենեւին էլ ոչ առաջնահերթ օբյեկտների վերակառուցմանը՝ տարօրինակ է թվում։ Սակայն Ռ.Քոչարյանի՝ ԼՂՀ նախագահ ընտրվելուց հետո էլ, ֆինանսական նոր միջոցներ են ուղղվել նախագահի նստավայրի, ԼՂՀ կառավարության եւ ԼՂՀ ԱԳՆ շենքերի վերանորոգմանն ու վերակառուցմանը։ Այսպես, ԼՂՀ ընդունելությունների տան համար հատկացվել է 70 մլն դրամ, 10-ական մլն դրամ ուղղվել է ԼՂՀ կառավարության եւ նախագահական շենքերի, 70 մլն դրամ՝ ԼՂՀ ԱԳՆ շենքերի վերանորոգմանը, 47,5 մլն դրամ՝ կառավարության ավտոպարկին։ Այս միջոցներն իրենց չափով արդեն աննախադեպ են Ղարաբաղի նման փոքր հանրապետության համար։ Անշուշտ, ցավալի կլինի, եթե ԼՂՀ ՊՊԿ արխիվի գոյության դեպքում եւ այն ուսումնասիրելու արդյունքում պարզվի, որ մեր ոչ պաշտոնական տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Առայժմ մենք աշխատել ենք, ի տարբերություն իշխանությունների եւ նրանց արբանյակների, զերծ մնալ կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելուց եւ որակումներ տալուց։ Միաժամանակ, նախկին իշխանությունների գործունեության նախադեպն աչքի առաջ ունենալով, իրավունք ունենք կասկածելու, թե նախկին եւ ներկա իշխանությունները, որոնք ծնունդ են առել միեւնույն ակունքից, էականորեն տարբերվում են միմյանցից։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել