Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻ Երեկ Ավան թաղամասի բնակիչները տպավորիչ ու անմոռանալի գիշեր անցկացրին։ Ժամը 2-ից 3-ի սահմաններում նրանց անդորրը խախտվեց հրազենային ահասարսուռ կրակոցներով։ Վախից լեղին ջուր դառած բնակիչները ամուր կողպեցին դռներն ու լուսամուտները՝ մտածելով՝ «տեսնես ո՞ւմ են եկել սպանելու։ Հանկարծ ախորժակները չբացվի՞ ու ձեռի հետ մեզ էլ խփեն» … Հետո կրակոցները դադարեցին եւ ինչ-որ ճիչեր ու բղավոցներ հնչեցին։ Պարզվեց, որ Ավանի հայրենասեր ու հեռատես զանգվածը, մտածելով, թե եկել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանին սպանելու, դուրս էր թափվել՝ իմանալու եղելությունը եւ համապատասխան մարմիններին հայտնելու, որ հետո ամբողջ Ավան թաղամասը, ինչպես լրագրող Սաթիկ Սեյրանյանին, չմեղադրեն, թե իմացել, լսել են ու չեն հայտնել։ Պարզվել է, որ եկել են ոչ թե վարչապետ խփելու, այլ՝ թափառող շներ (երեւի դրանցից միայն Ավանում կան)։ Ըստ օրենքի քաղաքում արգելվում է շնաորս կատարել որսորդական հրազենով։ Դրա համար կարելի է օգտվել կամ խլացուցիչով զենքից, կամ փոքր տրամաչափի (5,6) ատրճանակից։ Շնորսները երեւի այդպես ցանկանում էին հանուր Ավանի բնակչությանը ցուցադրել՝ տեսեք-տեսեք, թե ինչպես ենք հրաման կատարում։ Եվ քանի որ օրենքի կոպիտ խախտում է տեղի ունեցել, բնակիչները լիիրավ են մեղավորներին պատճառված հոգեկան վնասի համար դատի տալ։ Մի կնոջ վրդովված հարցին, որի երեխան վախից լեզուն կուլ էր տվել, թե ո՞ւմ հրամանով, ինչո՞ւ այդ եղանակով, շուն որսացողները պատասխանեցին. «Որ վարչապետը հանգիստ քնի»։ Միայն թե հետաքրքիր է՝ վարչապետն այդ գիշեր տա՞նն է անցկացրել։ Ն. ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՐՄԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ «Համաներում» կոմիտեի նախագահի պաշտոնակատար Վարդան Պետրոսյանը երեկ տեղեկացրեց, որ Արման Դանգոյանցի գործի վարույթն ստանձնել է գլխավոր դատախազության քննիչ Արամ Խաչատրյանը։ Արմանի խափանման միջոցը դեռ չի փոխվել, չնայած այն բանին, որ «Համաներում» կոմիտեն դիմել էր գլխավոր դատախազին, խնդրելով «կալանքը փոխարինել երկրից չբացակայելու պարտավորությամբ»։ Խափանման միջոցը փոխելու հարցին միջամտելու խնդրանքով ՀՀ նախագահին է դիմել նաեւ Արմանի մայրը՝ Ա. Մուրադյանը։ «Արդեն չորրորդ տարին է, ինչ Ա. Դանգոյանցը կալանքի տակ է գտնվում։ Այս տարիների ընթացքում իսպառ քայքայվել է նրա առողջությունը, իսկ ընտանիքի ծանր նյութական վիճակը բարոյապես է անդրադառնում նրա վրա։ Այսպիսի պայմաններում, երբ Դանգոյանցը, չնայած իր ցանկությանն ու շահագրգռությանը, չի կարող արդյունավետ մասնակցել քննությանը, նրա շարունակությունը կնշանակի քննությունը վարել ֆիզիկական եւ բարոյահոգեբանական ճնշման տակ, ինչը հակաօրինական է եւ, հետեւաբար, անօրինական կլինեն քննության արդյունքները, անկախ դրանց ուղղվածությունից»։ Իրավապաշտպանն ասաց նաեւ, որ լրացուցիչ նախաքննության ընթացքում (2 ամսվա) Ա. Դանգոյանցի կողմից սպանություն կատարելու ոչ մի նոր հանգամանք ձեռք չի բերվել։ Կազմակերպությունն ուշագրավ առաջարկ է արել (գլխավոր դատախազին). «Նույն խափանման միջոցը կիրառել Աղվան Հովսեփյանի նկատմամբ, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարումը սառեցնել մինչեւ Արմանի գործի ավարտը»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել