Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԿՅԱՆՔԸ ՉԼԱՎԱՑԱՎ ԱՄՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Խորհրդարանը հունիսի 6-ին ընդունեց ԱՄՆ եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկատնտեսական օգնությունների վերահսկումը հեշտացնելու մասին 1992-ի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի վերաբերյալ մի օրենք։ Այս համաձայնագիրն առիթ է դարձել, որ հրապարակվի Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի կողմից մեր երկրին ցուցաբերված օգնության ծավալը՝ 1 մլրդ 305,52 մլն դոլար (այս տարի նախատեսվողը ներառյալ)։ «Այս ծավալներով օգնության պարագայում Հայաստանը վաղուց պետք է ոտքի կանգնած լիներ,- անմիջապես արձագանքեց Արշակ Սադոյանը։- Օգնության առյուծի բաժինը ժողովրդի կարիքների համար չի օգտագործվել։ Ժողովուրդը փտած լոբուց բացի, այլ օգնություն հազիվ թե տեսած լինի»։ Նրան երկրորդեցին այլ գործիչներ, թե փաստ է, որ այդ օգնության մի մասն ուղղակի վաճառվել է, բաշխումն արդյունավետ ու նպատակային չի եղել։ Խմորումներ սկսվեցին, թե անհրաժեշտ է սեպտեմբերին ստեղծել մինչ այժմ Հայաստանին հատկացված մարդասիրական օգնության խնդիրները ուսումնասիրող հանձնաժողով։ Մինչդեռ կառավարության ներկայացրած տեղեկանքում իսկ նշված էր, թե 1998-ից սկսյալ, Հայաստանի իշխանությունների առաջարկությամբ, ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունն աստիճանաբար փոխել էր ուղղվածությունը՝ մարդասիրականից դեպի զարգացման ծրագրեր. «Այսպես, եթե 1992-ին մարդասիրական օգնությունը կազմում էր ընդհանուր օգնության 93%-ը, ապա 1998-ին այն կազմեց 29%, իսկ 2000 թվականին՝ 25%»։ Արդյոք ցուցաբերված օգնությունը պիտի ուղղակի արտահայտվեր ժողովրդի կենսամակարդակի վրա։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանն ի պատասխան իր յուրօրինակ թվաբանական հաշվարկը ներկայացրեց. «1 մլրդ 305 մլն դոլարը, երբ բաժանում ես 8 տարիների վրա (այսինքն 1992-ից մինչեւ 2000-ը) եւ դա էլ բաժանում մոտավորապես 3 մլն կազմող մեր բնակչության վրա՝ ստացվում է ամեն մեկին տարեկան 54 դոլար»։ Հաշվի առնելով, որ 1993-94-ին ե՛ւ վառելիք է բաժանվել, ե՛ ձեթ, ե՛ւ ցորեն (1992-98-ին ԱՄՆ-ը մատակարարել է Հայաստանին հացի սպառման համար անհրաժեշտ ցորենի կեսը) եւ այլն՝ պրն Խաչատրյանը ենթադրում էր. «Չեմ ասում, որ հաստատ 54 դոլարի չափով ամեն մեկը ստացել է, բայց կարծես թե ինչ-որ բան ստացել են։ Եվ եթե այդ 54 դոլարը յուրաքանչյուրին ամեն տարի տրամադրվեր էլ՝ չեմ կարծում, որ կենսամակարդակի վրա մեծ ազդեցություն կունենար»։ Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նման մեխանիկական մոտեցումների կողմնակից չէր. «Օգնությունը պետք չէ պատկերացնել որպես լոբի ու բրինձ միայն։ Քանի որ շատ բնական էր, երբ 1992-ին «Տաք ձմեռ» ծրագրով նավթ էին բաժանում, լոբի (պատգամավորների մի մասը դժգոհ էր դրա որակից։ Դժգոհ էին՝ թող չստանային)։ Սակայն 1994-95-ին արդեն անցում տեղի ունեցավ դեպի զարգացման ծրագրեր»։ Նախարարը թվարկեց մի քանիսը՝ անկախ մամուլի, դատաիրավական բարեփոխումների, էներգետիկային վերաբերող խորհրդատվություն, փորձնական եւ զարգացման ծրագրեր. «Կարող եմ թվարկել բավական երկար եւ այս ամենը, այո՛, կոչվում է օգնություն։ Եթե որեւէ մեկն ակնկալում էր, որ, ենթադրենք, անկախ մամուլի զարգացման համար կազմակերպվող սեմինարներով լավանալու էր ժողովրդի կենսամակարդակը, ապա՝ ո՛չ»։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ մատնանշեց, որ օգնության մի մասը տարբեր ոլորտներում տեխնիկական բնույթ է կրել. «Այդ տեսակետից կենսամակարդակի վրա ազդեցություն, կարծում եմ, չէր էլ կարող լինել՝ անկախ այն բանից, թե օգնությունն արդյունավետ օգտագործվել է կամ ոչ։ Եթե ամենամեծ արդյունավետությամբ էլ օգտագործվեր՝ կենսամակարդակի վրա դա՛ չէ, որ պիտի ազդեցություն ունենար, այլ պայմանականորեն ասած, բյուջեի եւ համախառն ներքին արդյունքի էական փոփոխությունները»։ Չնայած պրն Թորոսյանն ԱՄՆ օգնության ծավալը բավական նշանակալի էր համարում, այսուհանդերձ նաեւ ուշադրություն հրավիրեց. «Զգալի միջոցներ տրամադրվում են անգամ մինչեւ երկիր հասնելու ծառայություններին»։ Ներկայացնենք, թե ինչպես էին մեր զրուցակիցները վերաբերվում մարդասիրական օգնության բաշխման նպատակայնությունն ու արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին։ Վարդան Խաչատրյանն առավել նպատակահարմար էր համարում, որ մարդասիրական օգնության բաշխման կենտրոնական հանձնաժողովի գուցե նաեւ՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունը լսեն։ Կառավարության ներկայացուցիչը շատ բնականոն էր համարում, որ ԱԺ-ն ցանկանում է իրականացնել իր վերահսկողական գործառույթները՝ «եթե սա համարում է հրատապ խնդիր»։ Դավիթ Հարությունյանը չէր բացառում, որ կարող էին մարդասիրական օգնության հափշտակություններ լինել՝ «ինչը խոսում է մեր պետության թուլության մասին թերեւս»։ ԱԺ փոխնախագահը չնայած գիտակցում էր, որ վերջին տարիների ընթացքում քննիչ կառույցների նկատմամբ վստահությունը կորել է, այնուամենայնիվ՝ գործառույթների խառնաշփոթը եւ ԱԺ-ում ամեն ինչ կենտրոնացնելը համարում էր անընդունելի. «Ժամանակավոր հանձնաժողովներ պետք է ձեւավորել միայն ծայրահեղ դեպքերում, երբ այլեւս հնարավոր չէ այլ ձեւով պարզել խնդիրը։ Ու նաեւ՝ դա չէ ճանապարհը մեր երկրի կյանքը բարելավելու։ Յուրաքանչյուրն իր գործով պիտի զբաղվի»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել