Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 06,2000 00:00

«Ինչո՞ւ է տիկինը կրիայի վրա կանգնած» Սահմանադրության 5-րդ տարելիցի կապակցությամբ ընդունելության նախաձեռնությունն իր վրա էր վերցրել Սահմանադրական դատարանը։ Հրավիրվել էին 200-ից ավելի հյուրեր, քաղաքական գործիչներ, դեսպաններ, երկրիս նախագահը, ԱԺ նախագահը, փոխխոսնակները, կառավարության շատ ու շատ անդամներ, որոնք ժամանակին «այո» էին ասել երկրի Հիմնական օրենքին։ ՀՀ նախկին նախագահը, որը մեր տեղեկություններով նույնպես հրավիրված էր հանդիսությանը՝ չեկավ։ Մինչ ՍԴ նախասրահում սպասում էինք հյուրերին, փորձեցինք դիտարկում «կազմակերպել». ՍԴ մտնող յուրաքանչյուր անձ պետք է անցնի մետաղորսիչ սարքի տակով։ Սակայն անվտանգության նման միջոցառումն ապահովեցինք միայն մենք՝ լրագրողներս։ Վերոնշյալ հյուրերից միայն հանրապետության զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն անցավ ՍԴ «թրի», ներողություն, մետաղորսիչ սարքի տակով… Այնուամենայնիվ, ՍԴ-ն անակնկալ էր պատրաստել. սահմանադրական արդարադատությունը խորհրդանշող Ֆեմիդա աստվածուհու բրոնզե արձանիկի բացումը։ Այն պատրաստել էր քանդակագործ Աշոտ Հովհաննիսյանը։ Հետաքրքիր է, որ աստվածուհու ձեռքից «անհետացել» էր սուրը, փոխարենը դրվել երկրի Հիմնական օրենքը (գաղափարը Գագիկ Հարությունյանինն էր)։ «Այսօր հատուկ ճառեր, խոսքեր չեն լինելու,- ասաց Գ. Հարությունյանը,- պարզապես ցանկանում եմ շնորհավորել բոլորիս։ Մեր Սահմանադրությունն այս 5 տարիների ընթացքում հեշտ ճանապարհ չի անցել, բայց միանշանակորեն կարելի է ասել, որ այն բռնել է ժամանակի եւ կյանքի քննությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, մեր երկրի կայունության կարեւորագույն երաշխիքն է դարձել»։ ՍԴ նախագահը հուշարձանի բացմանը մասնակից դարձրեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը տիկին Ֆեմիդայի վրայի շորը հանելուց հետո, հայացքն անմիջապես գամեց նրա ոտքերին եւ, նկատելով կրիան, հարցրեց. – Ինչո՞ւ է «տիկինը» կրիայի վրա կանգնած։ ՍԴ նախագահը պատասխանեց, որ կրիայի գաղափարը վերցված է ամերիկյան Գերագույն դատարանից, որտեղ բոլոր հենասյուները կանգնած են կրիաների վրա, որպես հավերժության եւ իմաստության խորհրդանիշ։ Թե ինչու էր «սրազերծված» հնարավոր հարցի կապակցությամբ էլ ասաց, որ «ձեռքում ոչ թե սուրն է, այլ Սահմանադրությունը։ Արդարադատությունն այս պարագայում հաստատվում է ոչ թե ուժի, այլ բանականության եւ դրա հիմք հանդիսացող իրավունքի գերկայությունն ապահովող Սահմանադրության միջոցով»։ Երկրորդ հարկում միմյանց շնորհավորելու համար սեղաններ կային, խմիչք, զովացուցիչ։ Որեւէ կերպ ՀՀ նախագահին մոտենալ մեզ չհաջողվեց։ Թիկնապահների կուռ շղթան պաշտպանում էր արդարադատության թիվ մեկ երաշխավորին։ Իսկ երբ «կոշտ» ուժի դիմելով մոտեցանք, այնուամենայնիվ, ՀՀ նախագահին, նա հրաժարվեց գոնե մեկ հատիկ բառ գտնել Սահմանադրության մասին։ Խեղճ Սահմանադրություն, քեզ հիշում են միայն ընտրվելու ժամանակ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել